Գլխավոր Հայաստան Հարցազրույց Քաղաքականություն 

Հայաստանի վարքագիծն ու մոտեցումները շատ ընկալելի են դարձել միջազգային հանրության համար.Հրանտ Մելիք-Շահնազարյան

analitik.am

Մյունխենում տեղի ունեցած անվտանգության համաժողովի, տարածաշրջանում հնարավոր զարգացումների և մի շարք այլ հարցերի շուրջ Analitik.am-ը զրուցեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի հետ:

Պարոն Մելիք-Շահնազարյան, Մյունխենում ավարտվել է անվտանգության համաժողովը, որի քննարկումներին մասնակցել է նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը։ Ի՞նչ տպավորություններ ստացաք Բավարիայի մայրաքաղաքում հնչած հայտարարություններից։ Վտանգները ժամանակակից աշխարհում քչացե՞լ են, թե՞ շատացել։

Մյունխենի անվտանգության համաժողովը միշտ էլ մտածելու մեծ նյութ է տվել։ Աշխատանքային 2-3 օրերի ընթացքում ելույթներով ու հայտարարություններով հանդես եկան տասնյակ երկրների ղեկավարներ, արտաքին և պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչներ, անվանի փորձագետներ և այլն։ Քննարկումներն էլ շատ բաց էին և բովանդակալից։ Այդ առումով, Մյունխենն այս տարի իսկապես հետաքրքիր էր, բայց նաև մտահոգիչ։ Համաժողովի խորագիրն ինքնին արդեն հուշում էր, որ կազմակերպիչները պատրաստվում էին մանրամասն քննարկել ժամանակակից աշխարհի բոլոր մարտահրավերները՝ սկսած արհեստական բանականության (ռոբոտների, տարատեսակ ծրագրերի և այլն) և ժամանակակից տեխնիկայի առաջ բերած խնդիրներից՝ վերջացրած Սիրիայում ընթացող պատերազմի հնարավոր ելքով։

Ցավոք, Համաժողովի գլխավոր հարցը՝ «Դեպի անդունդի եզրը, թե՞ հետ», այդպես էլ անպատասխան թողնվեց։ Ավելի ճիշտ՝ տպավորությունն այն էր, որ անդունդի եզրից ետ քայլ անելու մտադրություն ժամանակակից աշխարհի առաջնորդները դեռ չունեն։ Այս տեսակետից Մյունխենը հիասթափեցրեց։ Եվ սա դատարկ խոսքեր չեն. Անմիջապես Հարավային Կովկասին հարող տարածաշրջաններում առկա հակամարտությունների հաղթահարմանն ուղղված ոչ մի լուծման տարբերակ ես այդպես էլ չլսեցի։ Ճիշտ հակառակը՝ այնտեղ շահեր հետապնդող երկրների ղեկավարները պարզապես մեղադրանքի հերթական չափաբաժինը հնչեցրեցին միմյանց հասցեին, վիրավորեցին միմյանց և բանակները նոր պատերազմների պատրաստելու, երևի թե, արդեն կայացրած որոշումներով տուն գնացին։

Այս ամենով հանդերձ, Մյունխենի անվտանգության համաժողովում նաև ոգևորող զարգացումներ եղան։ Խոսքս առաջին հերթին վերաբերում է մեր երկրի ղեկավարի մասնակցությամբ տեղի ունեցած քննարկմանը և այն փաստին, որ Եվրոպան ու Ռուսաստանը, միմյանց հերթ չտալով, գովում էին Հայաստանի արտաքին հավասարակշռված քաղաքականությունը։ Այնպես որ, տպավորություններս երկակի են։ Այո, ցավոք, աշխարհն այսօր իսկապես վտանգավոր զարգացումների շեմին է, բայց, մյուս կողմից էլ, Հայաստանի վարքագիծն ու մոտեցումները շատ ընկալելի են դարձել միջազգային հանրության մոտ,  եթե չասենք՝ համակրելի։

Չնայած այն հանգամանքին, որ Իսլամական պետության ահաբեկիչների դեմ Սիրիայի տարածքում մղվող պայքարը վերջին ամիսներին լուրջ ձեռքբերումներ է ունեցել, այնուամենայնիվ, իրավիճակն այնտեղ կրկին բարդացել է։ Ըստ էության, Սիրիայի տարածքում այսօր արդեն պատերազմում են հարակից պետությունների բանակները։ Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ, օրինակ, Թուրքիայի ներխուժումն Աֆրին մեր տարածաշրջանի համար։

Գիտեք, համընդհանուր կայունության բացակայության պարագայում ամենատրամաբանականը կլիներ հնարավոր վատագույն սցենարներին պատրաստվելը։ Այո, ճիշտ եք, Թուրքիան զորք է մտցրել Սիրիա, մինչ այդ էլ՝ Իրաք։ Հիմա նույնը նաև Իսրայելն է անում և, բնականաբար, հանդիպում տեղի իշխանությունների, տարբեր էթնիկ խմբերի ու նրանց դաշնակիցների դիմադրությանը։ Բայց, մեծ հաշվով, այդ ամենն արվում է անպատժելիության լիակատար մթնոլորտում, և  սա ամենավտանգավորն է։ Նույն Մյունխենում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն սպառնաց հարվածել Իրանին և ստացավ ԱՄՆ լիակատար աջակցությունը։ Ճիշտ է՝ դեռ հայտարարությունների մակարդակով, բայց վստահ եմ, որ անհրաժեշտության դեպքում Վաշինգտոնը չի սահմանափակվի միայն դիվանագիտական օգնությամբ։

Սա շատ վտանգավոր է մեզ համար։ Չի կարելի անգամ բացառել, որ օրերից մի օր Մերձավոր Արևելքում փորձարկված Թուրքիայի էքսպանսիոնիստական քաղաքականությունը կկիրառվի նաև մեր տարածաշրջանում։ Բայց անգամ, եթե գործը դրան չհասնի, ինչի կապակցությամբ ես շատ լիահույս եմ, ամեն դեպքում Իրանի դեմ լարվող թակարդը բացասաբար կազդի նաև Հայաստանի տնտեսական ու կոմունիկացիոն հնարավորությունների վրա։ Այդ իսկ պատճառով պետք է ամեն ինչ անել գերտերություններին հանդիպումների նոր հարթակներ տրամադրելու և առկա խնդիրները որևէ կերպ հաղթահարելու համար։

Իսրայելը, կարծես, մեր տարածաշրջանում էլ է ավելի ակտիվացնում իր քաղաքականությունը։ Փորձում որոշակի հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ։ Ի՞նչ կասեք այս մասով:

Փորձում է և չի՞ ստացվում։ Չգիտեմ, ես քիչ եմ հավատում պատմական այս ժամանակահատվածում Իսրայելի հետ նորմալ հարաբերություններ ունենալու մեր հնարավորություններին։ Այս տարածաշրջանում մենք մրցակիցներ ենք, ունենք հակադիր քաղաքական շահեր, դաշնակիցներ և այլն։ Ավելին՝ կարծում եմ՝ Երևանը դեռ հրեա գործընկերների հետ պարզելու լուրջ հարցեր ունի։ Խոսքս հատկապես վերաբերում է ապրիլյան պատերազմին իսրայելցիների մասնակցության մասին լուրերին։

Անվտանգության համաժողովի ընթացքում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաև ադրբեջանա-արցախյան հակամարտության կարգավորմանը խոչընդոտող գործոններին։ Ի՞նչ արձագանք գտավ մեր երկրի ղեկավարի մոտեցումը Մյունխենում։

Նախագահ Սերժ Սարգսյանը, ըստ էության, բավական հպանցիկ է անդրադարձել այդ խնդրին։ Այո, նրա կողմից նշվել է Ադրբեջանի իշխանությունների ապակառուցողական մոտեցումների փաստը, խոսվել միջազգային իրավունքի հիման վրա հակամարտությունը կարգավորելու անհրաժեշտության մասին, բայց, կարծում եմ, Սերժ Սարգսյանի հիմնական խնդիրն այդ չէր։ Մյունխենում հայկական կողմն առավել փորձել է դիրքավորվել որպես մի երկիր, որը կարող է համագործակցության կամուրջներ կառուցել Եվրոպայի և Ռուսաստանի միջև։ Այդ խնդիրը փայլուն լուծվեց։

Ինչ վերաբերում է Հարավային Կովկասի այլ զարգացումներին՝ հատկապես հակամարտություններին, ապա այս տարի Համաժողովի մասնակիցները փորձեցին խուսափել այդ վախեցնող հարցերից։ Մեր տարածաշրջանն ակնհայտորեն կորցրել է իր  հետաքրքրությունն Արևմուտքի համար։ Անգամ Վրաստանը՝ ունենալով Ռուսաստանի հետ հակամարտության և Աբխազիայի ու Օսեթիայի հարցերը, մոռացվել է Արևմուտքի կողմից, ինչը այդքան էլ լավ չէ։

Այդ դեպքում ո՞րն էր Մյունխենի անվտանգության համաժողովի հիմնական քննարկվող հարցը։

Հյուսիսատլանտյան դաշինքում առկա հիմնախնդիրները։ Արևմուտքն այնտեղ լուրջ խնդիրներ ունի։ ՆԱՏՕ-ԵՄ, ԱՄՆ-Գերմանիա, ԱՄՆ-Ֆրանսիա հարաբերությունները շատ լարված են։ Այն աստիճան, որ Եվրոպայում վաղուց արդեն լուրջ մտածում են սեփական զինված ուժերի և հին աշխարհամասի անվտանգությունն ինքնուրույն ապահովելու հնարավորությունների մասին։

 

 

 

 

-

Նույն շարքից