Բարի օր Հասարակություն Հարցազրույց 

Մարիետտա Խուրշուդյանը՝ ինքնասպանության պատճառների, հասարակության անտարբերության և այլ հետաքրքիր հարցերի մասին

analitik.am

Սովորաբար մենք մեզ համարում ենք գիտակից և ինքնուրույն արարածներ , ովքեր հակված չեն դաժանության կամ անտարբերության , սակայն, մեր օրերում իրականությունն այլ է , որոշակի   պայմաններում «հոմո սապիենս» - ը կարող է հեշտությամբ կորցնել իր մարդկային հատկանիշները և ցուցաբերել առանձնահատուկ անտարբերություն և դաժանություն :

Այս և մի շարք այլ հետաքրքիր հարցերի մասին Analitik.am -ը զրուցեց հոգեբան  Մարիետտա Խուրշուդյանի հետ ։

Տիկին Խուրշուդյան, շատերն են նկատում , որ մեր երկրում տիրում է անառողջ սոցիալ-հոգեբանական մթնոլորտ , իսկ վերջին շրջանում կատարված հանցագործությունների թիվն ու տեսակը դրա ուղղակի վկայությունն է  : Ինչո՞վ է դա բացատրվում և ո՞րն է կանխարգելման ձևը։

Հայաստանում հանցագործությունների մակարդակը աճել է շուկայական հարաբերություններին անցնելուց հետո, քանի որ հասարակության մեջ սկսեցին ի հայտ գալ այնպիսի երևույթներ, ինչպիսիք են գնաճը, մրցակցությունը և գործազրկությունը: Որքան ավելի շատ են մարդիկ իրազեկված հասարակության կողմից ստեղծված բարիքների վերաբերյալ, այդքան ավելի մեծ սպասումներ ունեն իրենց կյանքի որակի բարձրացման տեսանկյունից:Սոցիալական շեղումները շատ զգայուն են սոցիալական ինստիտուտների, հասարակական հաստատությունների դիսֆունկցիաների հանդեպ: Երբ այդ ինստիտուտները՝ պետությունը, եկեղեցին, դադարում են հասարակության որոշակի կարիքներ բավարարելը, երբ այդ սոցիալական ինստիտուտներում  սկսում են գերակշռել ապակառուցողական, քրեական պրոցեսները (կաշառակերություն, սրբապղծություն), այս ամենը բերում է նաև հասարակության քրեականացմանը և սոցիալ-քաղաքական ապակայունացմանը:Այսպիսով՝ կարելի է ասել, որ հանցանքն արտացոլում է մարդկության բոլոր արատները: Եվ մինչ օրս ոչ մի հասարակություն չի կարողացել լիովին վերացնել այն: Ինչ վերաբերում է հանցագործության դեմ պայքարին, ապա դա անհատական և խմբային վարքագծում սոցիալական նշանակալի շեղումների հաղթահարման միջոցառումների համակարգն է, որն էապես կախված է հանցագործության հասկացության բնորոշումից տվյալ հասարակության մեջ: Տվյալ հասարակության մեջ հանցագործությունների մակարդակի նվազեցման հստակ և ունիվերսալ «բաղադրատոմսը» հնարավոր է մշակել միայն ուսումնասիրելով հանցագործությունների կազմը, վիճակագրությունը, առանձնահատկությունները և ուղղվածությունը:

Վերջերս Դավիթաշենի կամրջից իրենց ցած գցած մոր և դստեր մահվան դեպքն ուղղակիորեն ցնցեց բոլորիս , ինչպե՞ս մայրը կարող է իր երեխային սպանել ։ Որպես հոգեբան  ի՞նչ եք կարծում՝ այս ինքնասպանության քայլը հոգեբանական , կենցաղային, թե՞ այլ խնդիրների արդյունք է, և  ինչու է հասարակությունն արձագանքում միայն այն ժամանակ , երբ լսում է մահվան լուր ։

Ինքնասպանության յուրաքանչյուր դեպք ցնցում է հասարակությունը: Ինքնասպանության յուրաքանչյուր դեպք հատուկ հետաքննության կարիք ունի: Ինքնասպանությունը բազմապատճառային է, և ասել, թե ովքեր էին այս կամ այն դեպքի «մեղավորները» հնարավոր է միայն տվյալ դեպքի բոլոր մանրամասներին տիրապետելուց հետո: Պետք է հասկանալ, որ ինքնասպանություն կատարելով անհատը փորձում է ազատվել անտանելի հոգեկան ցավից: Իսկ այդ անտանելի հոգեկան ցավի առաջացման պատճառները կարող են շատ տարբեր լինել՝

1)    Անձնային, ընտանեկան կոնֆլիկտներ - ամուսնալուծություն, հարազատի մահ կամ ծանր հիվանդություն, մենակություն, անհաջող սեր, խոցված ինքնասիրություն:

2)    Առողջական վիճակ - հոգեկան և սոմատիկ հիվանդություններ, խեղումներ, ֆիզիկական գրավչության կորուստ:

3)    Կոնֆլիկտներ, հակասոցիալական վարք՝ վախ քրեական պատասխանատվությունից, վախ պատժից, ամոթի զգացում:

4)    Կոնֆլիկտներ, որոնք կապված են աշխատանքի կամ ուսման հետ՝ կոնֆլիկտներ աշխատանքում, անհաջողություններ ուսման մեջ:

5)    Նյութական, կենցաղային դժվարություններ:

Մոր և աղջկա ինքնասպանության մեջ նույնպես կարող էին առանձնանալ ինքնասպանության օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառները: Օբյեկտիվ խմբի մեջ մտնում են հոգեկան հիվանդությունները, նյութական անապահովվածությունը, կրոնական ապրումները: Աուբյեկտիվ պատճառներն են՝ միջսեռային ոլորտում տեղի ունեցող տարբեր անհաջողություններ, միայնություն, միջանձնային կոնֆլիկտներ, անհաջողություններ աշխատանքում, հիասթափություն: Ինքնասպանությունը չպետք է դիտվի՝ որպես անձնական խնդիրների լուծման միջոց, ինչպիսիք են սոցիալապես անապահով լինելը, ամուսնալուծությունը, միայնակ մայր հանդիսանալը և այլն: Ինքնասպանների հերոսացումը, որպես նահատակների հանրայնացումը, կարող է զգայուն մարդկանց մոտ տպավորություն ստեղծել, որ հասարակությունը պատվի է արժանացնում ինքնասպանության վարքագիծը: Նման դեպքերը ԶԼՄ-ներում լուսաբանելիս չպետք է մոռանալ, որ խոցելի անհատին ինքնասպանության դրդող շատ գործոններից մեկն էլ կարող են լինել լրատվամիջոցներում ինքնասպանությունների մասին հրապարակումները:Լրատվամիջոցները նշանակալի դեր են խաղում մերօրյա հասարակության մեջ` տրամադրելով տեղեկատվության շատ լայն ընտրանի: Դրանք լրջորեն ազդում են հասարակության վերաբերմունքի, համոզմունքների և վարքի վրա և կենսական դեր ունեն քաղաքական, տնտեսական և սոցիալական գործընթացներում: Այդ ազդեցության պատճառով լրատվամիջոցները կարող են նաև ակտիվ դեր խաղալ ինքնասպանությունների կանխարգելման հարցում:

Ինքնասպանությունը հոգեբանական տեսանկյունից կարո՞ղ ենք համարել  հանցագործություն, թե՞ դա առանձին մարդու հոգեբանական շեղումների հետևանք է , այսինքն՝ ինքնասպանության դիմող մարդը պետք է իրեն զգա զոհի՞ կարգավիճակում թե՞ հանցագործի ։

Ինքնասպանությունը հանցագործություն չէ: Ինքնասպանությունը ողբերգություն  է ինչպես անհատական, այնպես էլ հասարակական մակարդակի վրա: Ինքնասպանությունը մարդու կյանքին վերջ տալու ամենաողբերգական ձևերից մեկն է: Ինքնասպանության հանգող մարդկանց մեծամասնությունն իրարամերժ (ամբիվալենտ) զգացումներ ունեն: Նրանք համոզված չեն, որ ուզում են մահանալ:Անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ ինքնասպանության կանխարգելումը, քանի դեռ այն հնարավոր է, ներառում է գործողությունների մի ամբողջ շարք` սկսած մեր երեխաներին և երիտասարդությանը դաստիարակելու համար անհրաժեշտ հնարավոր լավագույն պայմանները ստեղծելուց, հոգեկան խանգարումների արդյունավետ բուժումից, մինչև ռիսկային գործոնների վերահսկումը : Սակայն, անշուշտ, կան անհատի հոգեբանական առանձնահատկություններ, որոնք նրա մոտ դսրևորվում են կյանքի բազմաբնույթ խնդիրները հենց ինքնասպանությամբ լուծելու հակվածությամբ: Ինքնասպանությունը  հոգեբանական դեզադապտացիայի արդյունք է:

Բողոքը մեր կյանքի անբաժանելի մասն է կազմում , ներկայումս կարևոր է , որ հասարակությունը փորձի ազատվել անընդհատ բողոքելուց  ։ Այդ բողոքական դիրքորոշումը վախի մթնոլորտի, թե՞ ուղղակի իրավիճակը փոխելու անկարողությունից է , թե ՞ դա գալիս է նրանից , որ տասնամյակներ շարունակ ազատություն չտեսած ժողովուրդն անկախացավ, հարմարավետության սահմանը հատեց։

Ի՞նչն է ստիպում մեզ դժգոհել կյանքից: Մարդու մոտ առաջանում է կոնֆլիկտ ցանկալիի և իրականի միջև: Այս երևույթն անվանվում է «ֆրուստրացիա» : Կարծում եմ, որ այստեղ տեղին է այն վերլուծությունը, որը կատարում ենք՝ փորձելով հասկանալ հանցագործությունների աճի միտումները: Մեկի մոտ ֆրուստրացիան առաջացնում է ակտիվ ագրեսիա, որի դրսևորումն է դառնում հանցագործությունը, մյուսները դրսևորում են պասիվ ագրեսիա՝ բողոքելով կյանքից, պետությունից, հարևանից, հարազատից, մեղավորներ փնտրելով ամենուր: Եվ բողոքելը միայն մեր ազգային գիծը չէ: Բողոքում են աշխարհի ամենազարգացած երկրների քաղաքացիները, անգամ ինքնասպանությունների վիճակագրական առաջնորդը ոչ թե վերջերս անկախացած և անկախության ճանապարհին զոհեր տվող Հայաստանն է, այլ բարեկեցիկ Նորվեգիան: Դժգոհությունը կյանքից ամենատարածված խնդիրներից մեկն է գրեթե ցանկացած հասարակության մեջ և  մարդկանց մեծամասնության համար:

Շատ հաճախ կյանքից բողոքելը, կյանքից դժգոհ լինելը անհատական հոգեբանական խնդիրների, օրինակ դեպրեսիայի, նախանշանն է: Հոգեբանության մեջ առանձնացնում են կյանքից դժգոհելու կամ անբավարարվածության զգացում ունենալու մի շարք անհատական գործոններ.

1.Դուք չեք գնահատում ձեր ունեցածը, ձեր ձեռքբերումները և նվաճումները:

2.Դուք անդադար համեմատվում եք ուրիշների հետ:

3.Դուք չափից մեծ նշանակություն եք տալիս այլ մարդկանց կարծիքներին և փորձում եք համապատասխանել ուրիշների ակնկալիքներին

Աշխարհը լի է բազմապիսի խնդիրներով , մասնավորապես, աղքատությամբ, որոնք զգալի կերպով կրճատում են մարդկային կյանքը , սակայն գոյություն ունեն նաև հոգեբանական բնույթի այլ խնդիրներ , ինչպիսիք են ժամանակակից հասարակության անտարբերությունը ՝ ուղղված ամենքին և ամեն ինչին ։ Ձեր կարծիքով ինչո՞ւ ենք անտարբեր միմյանց խնդիրների և դժբախտությունների նկատմամբ ։

Էբերխարդն ասում է ՝ «Մի վախեցեք թշնամիներից, վատագույն դեպքում նրանք կարող են սպանել ձեզ: Մի վախեցեք ընկերներից, վատագույն դեպքում նրանք կարող են դավաճանել ձեզ: Վախեցեք անտարբերներից՝ նրանք չեն սպանում և չեն դավաճանում, բայց միայն իրենց լռակյաց համաձայնությամբ աշխարհում գոյություն ունի դավաճանությունն ու սպանությունը»:

«Անտարբերություն» բառը շատ երկիմաստ է, բայց այս պահին մենք օգտագործում ենք այդ բառի միայն մեկ՝ բացասական իմաստը , որը կարող է այլ կերպ հնչել՝ որպես իրադարձություններին անմասն մնալու ձգտում: Հաճախ անտարբերությունը թաքցնում է դաժան իրականությունից զերծ մնալու փորձը: Օրինակ՝ եթե մարդուն հաճախ նվաստացրել կամ վիրավորական, տհաճ բառեր են ասել, ապա նա չի միջամտի այլ մարդկանց իրավիճակներին կամ հակամարտություններին և չի փորձի օգնել ուրիշներին: Ահա թե ինչու անհատն անգիտակցաբար փորձելու է իրեն անտարբեր դրսևորել ուրիշների հանդեպ: Անտարբերությունը նաև ապրումակցելու ունակության կորուստն է: Սակայն, չպետք է մոռանալ, որ անտարբերությունը շրջապատի նկատմամբ, ապատիան շատ հաճախ մեր օրգանիզմի պատասխան ռեակցիան է երկարատև սթրեսի կամ գերհոգնածության նկատմամբ: Իսկ ժամանակակից հասարակությունը, տեղեկատվական մեծ  բեռ դնելով մարդկանց ուսերին,  շատ հաճախ մարդու մոտ առաջացնում է նաև տոլերանտություն, երբ նախկինում անընդունելի հասարակական երևույթները դառնում են սովորական, հասարակության կողմից ընդունված նորմատիվային վարքի դրսևորումներ: Տեղեկատվության մեծ հոսքը, հատկապես բացասական տեղեկատվությունը՝ մահերի, սպանությունների, պատերազմների, սովի, անհավասարությունների, դաժանությունների վերաբերյալ առաջացնում են  տեղեկատվական գերբեռնվածություն: Ի վերջո, մարդու մոտ, ով բնազդաբար ջանում է պահպանել ներքին հուզական հավասարակշռությունը, առաջացնում է պատասխան պաշտպանական ռեակցիա՝ մենք փակում ենք մեզ բացասական ազդակներից, չենք արձագանքում, չենք հակազդում, և այս ամենը կարելի է անվանել «անտարբերություն»: Սակայն, չպետք է մոռանալ, որ անտարբերությունը կարող ե լինել ոչ միայն հասարակական երևույթ կամ հոգեբանական առանձնահատկություն ՝ անտարբերությունը շրջապատի նկատմամբ հաճախ դեպրեսիայի նախանշաններից մեկն է:

Մեր երկրում մարդիկ ուժեղ կախվածություն ունեն հասարակական կարծիքից , եթե անգամ այդ կարծիքը հեռու է առողջ բանականությունից , և քանի դեռ գոյություն ունի մեծամասնություն կազմող այդպիսի ճնշում , մնացածներն  ուղղակիորեն լողում են այդ հոսանքի ուղղությամբ ։ Որտե՞ղից է գալիս այս սխալ դիրքորոշման արմատները և արդյո՞ք հնարավոր է որևէ կերպ փոխել նմանատիպ մտածողությունը ։

Ձևավորված հասարակական կարծիքն  ինտեգրատիվ բնույթ ունի, դա ոչ թե պարզ կարծիք է, այլ կոլեկտիվ մտքի կենտրոնացված արտահայտություն, հասարակության կարծիքների միաձուլում: Երբ մենք հասկանում ենք, թե ինչ է իրենից ներկայացնում հասարակական կարծիքը, հասկանալի է դառնում նաև, որ այն հասարակությունը կառավարելու, ավելի վերահսկվող և կանխագուշակելի դարձնելու գործիք է: Այսպիսով, հասարակական կարծիքը հեշտացնում է ամբոխների կառավարումը: Բայց, ինչպե՞ս  է այն անդրադառնում առանձին անհատի կյանքի և գործունեության վրա: Հոգեբանության մեջ մեծամասնության կարծիքին հետևելը, սեփական կարծիքը հասարակական կարծիքին չհակադրելը մենք անվանում ենք կոնֆորմիզմ: Հետևել այն ամենին, ինչ ընդունված է ուրիշների կամ իշխանության կողմից, ցանկություն և սովորություն, բոլորի պես լինել՝ կոնֆորմիզմի հիմնական դրսևորումներն են: Կոնֆորմ կամ հարմարվողական վարքագիծն այն վարքագիծն է, երբ մարդը հետևում է ուրիշների ակնկալիքներին՝  անտեսելով սեփական կարծիքը, նպատակները և շահերը: Կոնֆորմիստական վարքագծի հիմքում տարբերվելու և այդ տարբերության համար  «պատժվելու», հասարակության կողմից մերժվելու, դատապարտվելու, բացասական գնահատական ստանալու, հասարակությունից դուրս մնալու, միայնակ լինելու վախն է: Որպես կանոն, խումբը, հասարակությունը բացասաբար է արձագանքում նրան, ով հակառակվում է: Մարդիկ, որոնք ակտիվորեն դուրս են գալիս կաղապարներից, սովորաբար հասարակության կողմից ենթարկվում են ճնշման և ագրեսիայի: Ամեն մեկը չէ, որ ի զորու է ընդունելու այս պայքարը, մնալու մենակ իր կարծիքի հետ, չենթարկվել «հանգիստ խղճով» բոլորի պես ապրելու գայթակղությանը:

Գիտենք նաև , որ հասարակությունն անվստահություն ունի քաղաքական գործիչների նկատմամբ, պետությանն ասոցացնում են իշխանության հետ, հետևաբար յուրաքանչյուրը սպասում է օգնություն դիմացինից , սակայն ինքը հակված չէ օգնել ուրիշներին, նույնիսկ եթե դրա կարիքը կա ։ Արդյո՞ք պետությունը մարդկային նմանատիպ վարքի մեջ ունի իր դերը։

Վստահությունն  առաջատար դեր ունի սոցիալական փոխգործակցության և փոխըմբռնման կազմակերպման գործում: Հայտնի մտածողներն, ինչպես անցյալում, այնպես էլ ժամանակակից հասարակության մեջ, տվել են վստահության ամենաբարձր նշանակությունը, թեև մեր օրերի քաղաքական գործիչները հաճախ թերագնահատում են դրա կարևորությունը և չեն կիրառում այն՝ որպես սոցիալական հարցերի լուծման համար կառուցողական երկխոսություն հաստատելու կարևոր նախապայման: Վստահությունը պայմանավորված է ինչպես սուբյեկտի, այնպես էլ վստահության օբյեկտի առանձնահատկություններով: Այսպես, սուբյեկտիվ գործոնները պայմանավորվում են սուբյեկտի բնութագրերով: Եթե մենք խոսում ենք անհատի մասին,  ապա սուբյեկտիվ գործոններ են այստեղ, մասնավորապես, նրա հիմնական վստահության մակարդակը (անձի տեսակը), արտաքին և ներքին առանձնահատկությունները, ինչպես մշտական, այնպես էլ ժամանակավոր, օրինակ`զգացմունքային և ճանաչողական ոլորտի, առողջական, արտաքին հատկանիշները: Երբ խոսքը գնում է վստահության օբյեկտի մասին, ապա այստեղ օբյեկտի գործոնները կարող են նույնպես լինել արտաքին և ներքին,մշտական և ժամանակավոր, վերարտադվող և պատահական: Վստահության միջավայրային գործոնները վստահության մակարդակի վրա ազդող արտաքին միջավայրի մշտական կամ երկարաժամկետ գործոներն են: Արտաքին միջավայրն ազդում է վստահության մակարդակի վրա։Մեզանից յուրաքանչյուրը հանդես է գալիս նաև՝ որպես տվյալ երկրի տնտեսական սուբյեկտ, քանի որ մեր գործունեությամբ մենք նպաստում ենք երկրի տնտեսական զարգացմանը: Այս տեսանկյունից, անշուշտ, պետությունը պատասխանատու է իրավական համակագի համար, տնտեսական աճի միտումների համար, սոցիալական պաշտպանության համար: Խելամիտ իշխանությունը քաջ գիտակցում է, որ առանց պետության հանդեպ քաղաքացու կողմից ունեցած վստահության, չկա ո՛չ քաղաքացիական հասարակություն, ո՛չ հզոր քաղաքական ուժ, այնպես, ինչպես առանց միջանձնային վստահության չկա առողջ ու կայուն ընտանիք:

Մեզանում  հոգեբանին դիմելու մշակույթ ձևավորված չէ , նույնիսկ կարծիքներ կան , որ «ամոթ» է , սակայն լուրջ հոգեկան խնդիրների արդյունքում էլ ծնվում են համատարած և ծայրահեղ ծանր հոգեբանական խնդիրները ։ Մարդիկ սկսել են իրենց անտարբերությունն արդարացնել հետևյալ արտահայտություններով՝ «ինձ չի վերաբերում», «միևնույն է՝ ոչնչով չեմ կարող օգնել» , «ես առանց այդ էլ իմ խնդիրներն ունեմ» : Ի՞նչ կասեք այս մասին։

Մեզանում իսկապես դեռ լիարժեք չի ձևավորվել հոգեբանական խնդիրները գրագետ լուծելու մշակույթը: Անշուշտ, տեղաշարժը կա: Մի քանի տարի առաջ հոգեբանի գործառույթը հասկանալի չէր մեծամասնության համար, հոգեբանին խառնում էին ինչպես հոգեբույժի, այնպես էլ քահանայի կամ անգամ գուշակի հետ : Այսօր շատերին հայտնի է, որ հոգեբանն անձնական հոգեբանական խնդիրների աջակիցն է, մասնագետ, որին կարելի է դիմել ոչ միայն այն դեպքում, երբ հոգեկան լուրջ խանգարումներ ունես, այլ պարզապես նրա օգնությամբ ստեղծված իրավիճակի լուծման ճանապարհ գտնես, ներքին կոնֆլիկտների լուծում և այլ: Ու, թեև, հոգեբանին դիմելու վերաբերյալ խարանն էապես նահանջել է , սակայն, այդ մշակույթը մեզանում արմատավորված չէ: Այս ամենը պարզ մեկնաբանություն ունի: Մեզանում չեն անհետացել սերտ սոցիալական կապերը: Մեզանից շատերը ունեն իրենց նշանակալի մարդկանց շարքում մեկ կամ երկուսին, ում հետ կարող են քննարկել իրենց խնդիրները, կիսել ամենամեծ գաղտնիքը կամ անհանգստությունը, ստանալ հոգեբանական աջակցություն: Անշուշտ, սա չի կարող փոխարինել հոգեկան լուրջ խնդիրների դեպքում մասնագետին դիմելու անհրաժեշտությանը: Սակայն, արագ և անվճար հանում է իրադրային լարվածությունը, հնարավորություն է տալիս կողքից լսելու սեփական պատմությունը, հանելու հուզական լարվածությունը: Խնդիրները պետք է լուծվեն: Նրանցից փախչելն անիմաստ է, ճիշտ այնպես, ինչպես ինէդ քեզանից փախչելը: Խնդիրները միտում ունեն վերադառնալ ավելի լուրջ հոգեբանական խնդիրների՝ կյանքի լուրջ անհաջողությունների տեսքով:

Յանա Մարտիրոսյան

Նույն շարքից