Բարի օր Հասարակություն Հարցազրույց Մշակույթ 

Մենք մեր հայրենիքում երջանիկ լինելու բացարձակ հնարավորություն ունենք. Էմմա Մարաշլյան

analitik.am

Կանանց միամսյակի ընթացքում Analitik.am -ը կզրուցի տարբեր ոլորտներում կայացած կանանց հետ: Մեր զրուցակիցն է  Photo Atelier Marashlyan-ի հիմնադիր, լուսանկարիչ  Էմմա Մարաշլյանը, ում հետ բացի լուսանկարչությունից զրուցեցինք նաև  նորաձևության, հայրենիքի ևմի շարք այլ հարցերի շուրջ:

Տիկին Էմմա,վերջին շրջանում ամեն քայլափոխի հանդիպում ենք լուսանկարչական ծառայություններ առաջարկող կամ լուսանկարչությամբ զբաղվող անհատների: Որպես լուսանկարիչ ինչպե՞ս եք վերաբերվում սիրողական լուսանկարչությանը և ինչպե՞ս տարբերակենք պրոֆեսիոնալ լուսանկարչությունը սիրողականից:

Շատ դրական եմ նայում այն փաստին, երբ որոշակի զարգացումներ կան լուսանկարչության ոլորտում, հատկապես ողջունելի է լուսանկարչությամբ զբաղվող անհատների ի հայտ գալը: Պրոֆեսիոնալ նկարիչ ասելու համար պետք է կարողանալ տարբեր տեսանկյուններից դիտարկել դա. Որպես մասնագիտություն, էմոցիոնալ ներդրում, տեխնիկապես բացառիկ ունակություններ, որոնք թույլ են տալիս օգտագործել լիարժեք այդ գործիքները ստեղծագործելու համար:

Մեզ հայտնի է, որ երկար տարիներ ապրել եք Մոսկվայում և տարիների ձգտումը դեպի հայրենիք մի գեղեցիկ օր հնարավորություն տվեց տեղափոխվել Հայաստան։ Կոնկրետ լուսանկարչության առումով ի՞նչ տվեց հայրենիքը Ձեզ, ի՞նչ տեսակ նոր պատկերներ բացահայտեցիք հայրենի հողում:

Ավելի շատ նոր զգացմունքներ, նոր ծրագրեր, նոր գաղափարներ: Հայրենիքում ավելի ակնառու և ավելի խորն է հայկականը զգալու երանգները, յուրաքանչյուր պրոյեկտ, որը կապ ունի այսպես, թե այնպես հայկական մշակույթի հետ:

Կա համոզմունք, որ հաջողությունն որպես այդպիսին սյուժե չունի, իսկ ժամանակակից իրականության մեջ հաջողության համար շատերը դիմում են ծայրահեղ քայլերի։ Ձեր կարծիքով հաջողությունը որևէ  ոլորտում կարո՞ղ է մարդուն դարձնել չափազանց ծայրահեղ և ագահ:

Ես գիտեմ մի բան, որ յուրաքանչյուր ասպարեզում ծայրահեղությունը բերում է ինքնաոչնչացման: Կատարյալ լինելու համար պետք է լինի ներդաշնակություն և չափավորություն:Տանել չեմ կարող գռեհիկ մարդկանց,գռեհիկ դրսևորումներ, ամեն ինչի մեջ սիրում եմ չափավորն ու ազդեցիկը: Հաջողության չափանիշն էլ կարելի է ասել, երբ գիտես քո ներքին պոտենցիալի մասին և գիտես քո չափով:

Դուք երկար տարիներ լուսանկարել եք տարբեր տեսակի մարդկանց և զգացած կլինեք մեր երկրում տիրող ոճային հագուստների  «խառնաշփոթը», ընդ որում ՝ այլ երկրներից  կրկնօրինակված տարբերակներով և երբեմն թվում է, թե  գնալով կորցնում ենք մերն ունենալու ձգտումը: Որպես լուսանկարիչ ի՞նչ աչքերով եք նայում այս փոփոխություններին:

Ես Ձեզ հետ այնքան էլ համաձայն չեմ, մենք բացառիկ ստեղծագործող մարդիկ ենք, ովքեր կարողանում են ստեղծել շատ հետաքրքիր ոճ՝ դա լինի թե՛ հագուստի տեսքով, թե՛ ինչ-որ ատրիբուտների, և ես այդ մարդկանց հետ շփվում եմ, անգամ համագործակցում իմ պրոյեկտների շրջանակներում: Կարող եմ ասել, որ կա շատ մեծ կոնտրաստ, այ դա հետաքրքիր է, բացարձակ անճաշակության և կատարյալ գեղեցիկ զգալու մեջ մարդիկ: Կարծում եմ՝ հիմա բազմաթիվ դիզայներներ ձևավորում են շատ ակտիվ հայկական շուկա՝ լրացնելով ոճային փոփոխություններով, և դա շատ լավ տենդենց է: Կան, իհարկե, այսպես կոչված փսեվդոդիզայներներ, սակայն նրանց կյանքն ինտելեկտուալ և օտկուտյուր մակարդակի համար կարճատև է:

Անդրադառնանք մեր ազգային հագուստին՝ մասնավորապես տարազներին։ Ի՞նչ տարածում ունեն տարազները մեր օրերում, ինչպիսի՞ն է հայ հասարակության  վերաբերմունքը տարազների նկատմամբ:

Ազգային հագուստն արդեն ապրում է վերածնունդ: Եվ կարող եմ ասել, որ մեր 5 տարվա գործենեությունը տվեց հնարավորություն լրացնել այդ, ինչու չէ, կարելի է ասել բացթողումը: Այսօր մենք տարբեր մարդկանցից և կազմակերպություններից, ովքեր ցանկանում են իրենց կարևոր միջոցառումների ժամանակ ազգային հագուստով,  վերցնում ենք նման պատվերներ: Մեր գործունեությունը մեծ ազդեցություն ունեցավ նաև  սփյուռքում, նաև շատ դրական ազդեց միջազգային մակարդակի վրա: Ազգային հագուստը մեր պատմությունն է, յուրաքանչյուրս պետք է կերտվի հնից նորը մատուցելու նպատակով: Կյանքը ստիպում է վերադառնալ ակունքներին,սակայն չմոռանալ իրական կյանքը, և դա ճիշտ համալրել:

Հայաստանում կնոջ համար դժվար է միաժամանակ զբաղվել սիրած գործով, լինել ոճային և այդ ամենը համատեղել ընտանիքի հետ։ Ինչպե՞ս կարելի է այս ամենը ճիշտ համատեղել և ի՞նչն է պակասում այսօր հայ կնոջը։

Հայ կինն ունի շատ կարևոր բոնուս՝ նա ապրում է ապահով երկրում, որտեղ չկա բացարձակ ակնհայտ կրիմինալ իրավիճակ, չկա առհասարակ երեխայի նկատմամբ վախեր՝ արդյոք կվերադառնա տուն դպրոցից հետո և իր հետ ոչինչ չի պատահի, թե ոչ: Մեր երկրում կարող ես շրջապատված լինել հոգատար մարդկանցով, կարող ես հասցնել օրվա ընթացքում բազմաթիվ գործեր, հետևել արտաքինիդ, զբաղվել ինքնակրթությամբ: Այդ ամենի համար պետք է լինել վստահ և աշխատասեր: Իմ շուրջ ընկերներն այդպիսինն են: Ես 25 տարի ապրելով մեծ մեգապոլիսում ունեմ համեմատությանտարբերակ և կարող եմ ասել, որ մենք մեր հայրենիքում երջանիկ լինելու բացարձակ հնարավորություն ունենք:

Գիտենք նաև,որ ժամանակին զբաղվել եք դեղագործությամբ,այնուհետև լուսանկարչությամբ։Ո՞րն էր  դեղագործի մասնագիտությունից լուսանկարչական գործով զբաղվելու որոշման պատճառը և արդյո՞ք հնարավոր չէր զուգահեռ զբաղվել նաև դեղագործությամբ։

Այս պահին ես ամբողջությամբ ստեղծագործական գործենեություն մեջ եմ և ինձ զգում եմ երջանիկ, իսկ դեղագործությունը թույլ է տալիս լինել ճշգրիտ իմ անելիքների մեջ, լինել պերֆեկցիոնիստ (լավ իմաստով), ուշադրություն դարձնել յուրաքանչյուր դետալի, որից կազմվում է  ամբողջականությունը: Համատեղել մեկը մյուսի հետ չեմ մտածել և կարծում եմ՝ դա կլիներ ինձ համար մի փոքր բարդ: Սակայն,պետք է նշեմ, որ առօրյայում իմ մասնագիտությունն օգնում է ընտանիքում լինել գրագետ մայրիկ, երբ որևէ մեկը հիվանդանում է:

Եվ վերջում՝ ո՞րն է որպես լուսանկարիչ Ձեր առաքելությունը հայ իրականության մեջ և ո՞րն է ձեր խոսքը հայերին ։

Չգիտեմ, բարդ հարց է, ես ուղղակի սիրում եմ այն, ինչ անում եմ և նվիրված եմ այդ ամենին հոգով և մտքով: Երբեք առաջնային չի եղել նյութականը, սակայն չեմ մոռանում, որ դա օգնական գործիք է ստեղծագործությունը շարունակելու համար: Ես ունեմ իմ լռությունը, չափազանց հեռու եմ վատ մարդկանցից, ովքեր աղտոտում են իրենց բացասական էներգիայով և երբ զգում եմ դա, արագ հեռանում եմ՝ չթողնելով իրենց թափանցել իմ ներքին աշխարհ, որովհետև ես ունեմ իմ փակ մոլորակը, որտեղ կատարվում են պրոցեսներ և նրանց խանգարել չի կարելի: Կան նաև շատ հետաքրքիր ծրագրեր, կատարելագործվելու գործընթաց, կերտվելու և ավելի խորանալու իմ գործենեության մեջ, շրջապատել ինձ հոգեհարազատ մարդկանցով: Լուսանկարելն ինձ համար նշանակում է մերկացնել և թողնել հավերժության մեջ…Մեր հայրենակցիներին կցանկանամ, որ լինեն լավատես և ոչ այդքան բազմագույն:

Յանա Մարտիրոսյան

Նույն շարքից