Գլխավոր Հայաստան Հարցազրույց Քաղաքականություն 

Ներքին ճգնաժամի ռումբերն արդեն դրված են. Մանվել Սարգսյան

analitik.am

Analitik.am-ը մի շարք ներքաղաքական սուր թեմաների  շուրջ զրուցեց քաղաքագետ, Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանի հետ:

Պարոն Սարգսյան, հատկապես նախագահի ընտրությունից հետո իշխող ուժի ներկայացուցիչները սկսեցին ավելի ակտիվ խոսել նախագահ Սերժ Սարգսյանի անփոխարինելի լինելու մասին: Կանխատեսելի՞ էին նման զարգացումները:

Իհարկե, կանխատեսելի էր: Մինչ այս կատարված բոլոր փոփոխությունները միանշանակ նպատակ ունեին ստեղծել միջավայր, որի պայմաններում հնարավոր կլիներ շարունակել իշխանությունը և դա անել օրենքի սահմաններում: Իսկ երբ արդեն կոնկրետ մեկնաբանություններ սկսվեցին՝ նախ կառավարության, հետո՝ նախագահի մասին, պարզ դարձավ, որ Սերժ Սարգսյանը փորձում է կառավարման համակարգը բերել այնպիսի տեսքի, որտեղ իր համար կարևոր բան կլինի: Նախ սկսեցին խոսել այն մասին, որ կառավարությունը զուտ ֆինանսաատնտեսական հարցերով է զբաղվում: Այսինքն՝ այդ ոլորտը հանձնում են այդ մարդկանց՝ ռուսաստանցի միլիարդատերերին, որոնց թվում են Սամվել Կարապետյանը, Ռուբեն Վարդանյանը: Նույնիսկ ինչ-որ ակումբ ստեղծեցին, վերջում էլ ասացին, որ նոր վարչապետը, ով էլ որ լինի, չի գնալու կառավարության շենք, նույնիսկ շենքն էլ են հանձնել: Փոփոխությունների երկրորդ մասն արդեն վերաբերում է նախագահին, որն ինչ-որ ներկայացուցչական ֆիգուր է լինելու: Ամեն ինչ հասավ նույնիսկ նրան, որ ՀՀ նախագահը չի լինելու Ազգային անվտանգության խորհրդում: Աշխարհում ուղղակի նման բան չկա, ինչպե՞ս կարող է նախագահը չլինել անվտանգության խորհրդի անդամ, իսկ այդ խորհուրդն էլ  խորհրդատվական մարմին լինել:

Բայց, պարոն Սարգսյան, այդ մարմինը, կարծես թե արդեն այդքան էլ խորհրդատվական մարմին չէ: Օրենսդրական փոփոխությունների արդյունքում ԱԱԽ-ին որոշակի իրավունքներ տրվեցին:

Այո, որոշակի իրավունքներ տրվեցին Անվտանգության խորհրդին: Բայց իրականում դա արդեն այդքան էլ Անվտանգության խորհուրդ չէ: Ստեղծվել է մեկ այլ մարմին, որի անունն է Անվտանգության խորհուրդ: Դա ոչ թե անվտանգության խորհուրդ է, այլ կոոպերատիվ հիմնարկ է, որն իր ձեռքում է պահում ուժային մարմինները: Սա հենց այն է, ինչ Սերժ Սարգսյանն իր համար ստեղծել է:

Այսինքն, սահմանադրական բարեփոխումներից հետո արդեն բա՞րդ չէր հասկանալ, թե ինչ է սպասվում:

Բոլորի համար էր սա կանխատեսելի: Ուղղակի մարդիկ կային, ովքեր հավատում էին, որ Սերժ Սարգսյանն իրոք չի առաջադրվելու վարչապետի կամ նախագահի պաշտոնում, քանի որ նա այդ մասին հայտարարել էր: Մարդիկ կային, որ լուրջ էին վերաբերում այդ հայտարարությանը:

Իսկ տարբերություն կա՞, թե ով է լինելու վարչապետ՝ Սերժ Սարգսյանը, թե մեկ այլ Հանրապետական: Ինչու եմ ասում Հանրապետական, որովհետև անհավանական է, որ իշխող ուժն այդ պաշտոնը զիջի մեկ այլ ուժի ներկայացուցչի:

Տարբերությունը հենց այն անօրինականության մեխանիզմն է: Ֆինանսատնտեսական ոլորտը զիջել են մի մարդու, ով բացարձակապես իշխանություն չի ունենալու: Ամբողջ իշխանությունը պատկանելու է այլ մարդու: Սա ինքնին մտածացին երևույթ է: Այս համակարգը միայն մեռյալ երկրում կարող է ապրել, երբ բացարձակապես որևէ մեկին որևէ բան չի հետաքրքրում, երբ խնդիրներ չկան: Բավական է լինի փոքր տարաձայնություն, այս համակարգը փլուզվելու է: Բավական է լինի մեկ շարժում կամ նախագահը վարչապետին ասի այսինչ բանն այնպես չէ, այս համակարգը փլուզվելու է: Մեզ մոտ շատ են խոսում այն մասին, թե նախագահը տիկնիկի նման ինչ-որ բան է, բայց դա այդպես չէ: Առանց այդ մարդու ստորագրության այս երկրում որևէ որոշում լեգիտիմ չի լինելու: Չկա գոնե մեկ լուրջ որոշում, որը կարող է չստորագրվել նախագահի կողմից: Այսինքն, եթե նախագահն ինչ-որ բան չստորագրեց, ուրեմն վերջ՝ սկսվելու է ճգնաժամ:

Այսինքն, զո՞ւր է թերագնահատվում նախագահի պաշտոնը:

Հարցը թերագնահատելը չէ: Հարցը համակարգն է, որը շատ արագ փլուզվելու է առաջին իսկ խնդրի ի հայտ գալու դեպքում: Եթե հանկարծ անհամաձայնություն եղավ փոխվարչապետի, որը տնտեսության իրական տերն է, և վարչապետի միջև, վարչապետը թռնելու է: Հենարան չկա, սա արհեստական հենարան է, որը Սերժ Սարգսյանը ստեղծում է իր համար: Նա հույս ունի, որ որևէ խնդիր չի առաջանա:

Լավ, տպավորություն է ստեղծվում, որ բոլորի համար ամեն ինչ պարզ է: ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը նույնիսկ համեմատական անցկացրեց ֆիլմերի հետ, երբ բոլորը գիտեն վերջաբանը, սակայն շարունակում են դիտել և քննարկել: Եթե ամեն ինչ այդքան պարզ է, ինչո՞ւ է մի տեսակ աղմուկ բարձրացել վարչապետի թեկնածության շուրջ:

Սա աղմուկ չէ: Մարդիկ ուղղակի շատ լավ հասկանում են ստեղծված իրավիճակի խոցելիությունը: Մարդիկ անում են ամեն ինչ Սերժ Սարգսյանի հայտարարության հարցը լուծելու համար: Ցանկանում են ամեն կերպ ցույց տալ, որ այդ մարդը չի ուզում դառնալ վարչապետ, հազար անգամ ասել է, որ ցանկանում է գնալ, բայց հանրությունը խնդրում է մնալ: Ցանկանում են ցույց տալ, թե ժողովուրդը հասկանում է Սերժ Սարգսյանին, սակայն խնդրում են, որ մնա: Այ այս աստիճանի թատրոն է: Ներքին ճգնաժամի ռումբերն արդեն դրված են: Նույնը վերաբերում է նաև նախագահին, ով ուղղակի իրավունք չունի զբաղեցնել այդ պաշտոնը: Նրան բերել դրել են նախագահ:

Պարոն Սարգսյան, նախագահի ընտրության ժամանակ խորհրդարանում ՀՅԴ պատգամավորներից մեկը հայտարարեց, որ պետք չէ ընկնել նախագահի քաղաքացիության հետ կապված խնդիրների ետևից: Ինչպե՞ս ստացվեց, որ օրենքը ետին պլան մղվեց:

Ուղղակի այլ ձև չկար, որ Սերժ Սարգսյանն իր ռեժիմով մնա: Դրա համար էլ գնացին այս օպերետային: Մարդիկ բացահայտ սկսել են ասել, որ ամեն ինչ սուտ է, եթե Սերժ Սարգսյանը գնաց, երկիրը փլուզվելու է: Սա, ի դեպ առաջին անգամը չէ: Նման բաներ էլի եղել են մեր պատմության մեջ: Սա հեքիաթ է, հիմարացնելու սցենար: Բայց դա չի կարող աշխատել, քանի որ, ինչպես արդեն ասացի, առաջին իսկ խնդրի ի հայտ գալու դեպքում համակարգը փլուզվելու է:

Իսկ ինչո՞ւ գոնե տեսականորեն չի քննարկվում սցենար, որ վարչապետն այլ մարդ է լինելու:

Եթե այդպես լիներ, այդ ամեն ինչն ուղղակի իմաստ չէր ունենա: Եթե Սարգսյանը չի լինելու վարչապետը, այս բոլոր փոփոխություններն իմաստ չէին ունենա:

Լավ, իսկ ի՞նչ կասեք ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի վերջին հայտարարությունների մասին՝ կապված Հայաստանում առկա կոռուպցիայի, մենաշնորհների հետ: ՀՀԿ-ից արդեն հայտարարել են, որ հայտարարությունն ընդունում են որպես առողջ քննադատություն՝ հավելելով, որ մեր երկրում քայլեր արվում են կոռուպցիան արմատախիլ անելու համար: Դուք տեսնո՞ւմ եք այդ քայլերը:

Իհարկե, ոչ, ես նման քայլեր չեմ տեսնում: Վերևում իմ կողմից նկարագրած համակարգն ինքնին հակաօրինական է: Այդ համակարգը կոռուպցիոն համակարգ է, որն օրենքով չի կարող գոյություն ունենալ: Եթե կոռուպցիան հանես այդ համակարգից, իշխանությունը փլուզվելու է: Ամերիկացիներն իզուր չեն խոսում այս խնդիրների մասին: Այն ժամանակ, երբ ԱՄՆ ներկայացուցիչները խոսում էին այս մասին, մեր իշխանությունները հայտարարում էին, որ որևէ մեկն իրավունք չունի մեր ներքին գործերին միջամտել՝ կարծելով, թե դա դուր կգա Ռուսաստանին: Հիմա արդեն վախը շատացել է, չեն կարող այդպես խոսել, քանի որ սա փլուզվող համակարգ է: Այս համակարգը կարող է նույնիսկ ամերիկացիների մեկ հայտարարութամբ փլուզվել: Մեր իշխանությունները հասկանում են սա, դրա համար էլ հայտարարում են, որ պայքարում ու պայքարելու են կոռուպցիայի դեմ: Մարդիկ բացահայտ ստվերային համակարգ են ստեղծել: Բնական է, որ կոռուպցիան ավելի է շատանալու:

Դուք խոսում եք այդ համակարգի խոցելիության մասին, բայց մի՞թե համակարգը ստեղծողները չեն հասկանում դա, եթե դա իրականում այդպես է:

Հասկանում են, բայց արդեն ասացի՝ նրանց միակ հույսն այն է, որ խնդիրներ չեն առաջանա: Դրա համար եկող նախագահի համար այնպիսի նվաստացուցիչ պայմաններ են ստեղծել ու այնպիսի պայմաններով են բերել, որ նա բացարձակապես չխոսի:

Իսկ Արմեն Սարգսյանին պե՞տք էր սա:

Ես չեմ կարող ասել: Դա ստվերային հարաբերությունների ոլորտից է: Միայն նրանք գիտեն: Կարեն Կարապետյանի մասով ինչ-որ տեղ հասկանալի է: Այդ մարդուն բերել են ու ասել, որ ինքն է տերն այսինչ հարցերի: Տեսանք, թե ինչպես մկները… բաները 2014-16 թվականներին վարի տվեցին պետությունը: Երկիրը 2016-ին ընկել էր տոտալ ճգնաժամի մեջ: Դրա համար էլ Սերժ Սարգսյանն այդ միլիարդատերերին կանչեց, ասեց վերցրեք ու դուք էլ երկրի բյուջեն լցրեք, ինչ ուզում եք արեք, ես չկամ: Այս մասով հասկանալի է: Իսկ թե ինչու է եկել Արմեն Սարգսյանը, շատ ավելի բարդ է հասկանալ: Կարծում եմ, որ ինչ-որ հարցեր կան լուծելու, ինչը կարող է անել միայն Արմեն Սարգսյանն այլ երկրների հետ:

Քանի որ խոսեցիք Կարեն Կարապետյանի մասին, հաջորդ հարցը կվերաբերի հենց նրան: Երբ Կարապետյանը եկավ, խորհրդարանական մեծամասնությունն ուղղակի խոսքեր չէր խնայում վերջինիս դրական բնութագրելու համար, սակայն հիմա, կարծես թե, արդեն այդպես չէ: Բավական է հիշել միայն գեներալ Մանվել Գրիգորյանի հայտարարությունն այն մասին,  թե ով է Կարեն Կարապետյանը, ինչ գիտի Արցախի կամ պատերազմի մասին: Այս մասով ի՞նչ կասեք:

Սա առհասարակ առանձին թեմա է: Հատկապես վերջին 10 տարում մի կորպուս է ստեղծվել, որի մեջ գտնվողները բացարձակապես սկզբունք չունեն: Սա մորթապաշտների կորպուս է, որի ներկայացուցիչներին, եթե վաղը բաց թողնես, մի տեղ կտեսնես, որ սեմչկա են վաճառում: Այ այդպիսի մարդկանց են հավաքել նաև Ծառուկյանի կորպուսի մեջ: Իսկ նրանք, ովքեր աննշան ամբիցիաներ ունեն, թռցրեցին: Թողել են միայն մումիաներին, որոնք ազատ կամք չունեն: Ստեղծվել է կեղտոտ ծառայություններ մատուցողների մի հսկայական բանակ և միայն խորհրդարանում չէ: Այդ մարդիկ կան դասախոսական համակարգում, նույնիսկ մանկապարտեզներում: Այդ մարդիկ լավ գիտեն, որ այնտեղ գտնվում են իրենց ունեցածը պահելու համար: Այդ մարդկանց բացատրել են, որ այնտեղ լինելով որևէ նոր բան ձեռք չեն բերելու, այդ ժամանակներն անցել են, ուղղակի պահելու են այն, ինչ ունեն: Սա հրեշավոր մի չարիք է պետության համար, որը ստեղծվել է տարիների ընթացքում: Պատահական չէ, որ այդ մարդիկ իրար նման են խոսում, տպավորություն է ստեղծվում, որ նույն մարդուց հազար օրինակով ստեղծվել է: Այդ մարդկանց հատիկ-հատիկ ընտրել են: Հանրությունը սա տեսնում է, բայց չի հասկանում, թե ինչպես կարելի է ազատվել դրանից: Մենք տեսել ենք սա ԽՍՀՄ  տարիներին, տեսել ենք, թե ինչպես են հազարավոր մարդիկ ուղղակի ուտում ինչ-որ մեկին: Ուղղակի այն ժամանակ մարդիկ ինչ-որ մեկին ուղղակի թիրախավորում էին՝ հավատալով, որ վերջինս վատ բան է անում պետության համար: Սակայն, կային նաև մարդիկ, որ այսօր գոյություն ունեցողների նման էին: Բայց պետք չէ մոռանալ, որ մորթապաշտությունը նաև հակառակ ուղղությամբ է աշխատում, տեսանք, թե ինչպես Խորհրդային Միությունը քանդվեց, պայթեց: Մարդիկ չէին հավատում: Մի մոռացեք, թե ինչ եղավ 2015 թվականին Ծառուկյանի հետ: Ազատության հրապարակը լցրել էին մարդկանցով, թվում էր, թե հեղափոխություն է լինելու, սակայն բավական էր մեկ խոսք Ծառուկյանի մասին և վերջ: Մեկը չեղավ, որ պաշտպաներ Գագիկ Ծառուկյանին, կեսբերան չխոսեցին, չպաշտպանեցին: Այ այդպիսի մարդիկ են մորթապաշտները:

Բայց մենք տեսնում ենք, որ սերնդափոխություն է լինում: Երիտասարդներ են գալիս: Հույս կարո՞ղ ենք ունենալ, որ վաղն ավելի լավ է լինելու:

Սերնդափոխություն կլինի, եթե լինեն այլ կատեգորիայի մարդիկ, սա բացարձակ բան չի փոխում: Ավելին, ստորացման ձևերն ավելի են խորանում: Պետք է անցնել թրի տակով, պետք է խոնարհվեն: Պետական մտածելակերպ բացարձակապես չկա այդ մարդկանց մոտ: Վաղը հնարավոր է այդ մարդիկ վեր կենան և ուղղակի գնան Հայաստանից:

 

 

Նույն շարքից