Գլխավոր Հայաստան Հարցազրույց Քաղաքականություն 

Աշխարհում ոչ ոք և երբևէ չի ճանաչելու Արցախը. Հայկ Ա. Մարտիրոսյանը՝ ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների և Բակո Սահակյանի ԱՄՆ այցի մասին

analitik.am

Քաղաքագիտության դոկտոր Հայկ Ա. Մարտիրոսյանի հետ Analitik.am-ը զրուցեց Բակո Սահակյանի ԱՄՆ կատարած այցի, ՀՀ ԱԺ պատվիրակության ԱՄՆ այցի  և այլ հարցերի շուրջ:

Պարոն Մարտիրոսյան, ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ կտա Արցախի նախագահ Բակո Սահակյանի այցն ԱՄՆ, ի՞նչ կարող ենք սպասել այցից:

Դժվար է ասել: Ես գիտեմ, որ Հայաստանում արտաքին աշխարհի հետ կապված ամեն, բառացիորեն ամեն իրադարձության կարող են մեծ կարևորություն տալ: Բայց դա չի նշանակում, որ ամեն իրադարձություն ինչ-որ մեծ նշանակություն ունի կամ խորիմաստ ենթատեքստ: Պետք է հասկանալ,  թե ում հետ է հանդիպելու Սահակյանը, ի՞նչ օրակարգով է գալիս և ի՞նչ է ասելու: Եթե գալիս է Արցախի անկախության միջազգային ճանաչման անհրաժեշտության անհեթեթ թեզն առաջ մղելու, ապա դա մսխվելիք այց կարող է լինել և իզուր կորչել: Եթե գալիս է առավել լուրջ և կարևոր օրակարգով՝ ասենք՝ համոզելու ԱՄՆ էլիտաներին, որ Արցախին սատարելը ճիշտ է հենց ամերիկյան շահերի տեսանկյունից, կամ որ Ադրբեջանն իրականում ԱՄՆ-ի համար անհուսալի գործընկեր է և դավաճանելու է առաջին իսկ հնարավորության դեպքում՝ դա արդեն իսկական օրակարգ է: Ինձ հայտնի է, որ այս այցը որոշակի մեծ դժվարություններով է կազմակերպվել: Եվ այն հանգամանքը, որ Հայաստանի դեսպանատունը կարողացել է դա կազմակերպել, իսկ ամերիկյան կողմն ընդունել է առաջարկը՝ արդեն թափված մեծ ջանքերի մասին է խոսում: Մնում է հուսալ, որ Ստեփանակերտում ամերիկյան քաղաքականությունից գոնե մի քիչ հասկացողներ կան և որ Սահակյանի համար օրակարգի ճիշտ կետեր կպատրաստեն, ոչ թե՝ կկենտրոնանան ԱՄՆ-ի կողմից արդարացիորեն զավեշտ համարվող Արցախի անկախության ճանաչման անհեթեթ և միանգամից ամեն բան արժեզրկող գաղափարի վրա:

Արդյո՞ք այդ այցը նշանակում է, որ ԱՄՆ-ում սկսում են ավելի լուրջ դերում տեսնել Արցախի իշխանություններին:

Դժվար է ասել: Չեմ կարծում: Կրկին. անհրաժեշտ է իմանալ, թե ում հետ է հանդիպելու Սահակյանը: Եթե որևէ լուրջ պաշտոնյայի, ապա դա կարող է հայկական կողմի համար որոշակիորեն դրական նշանակություն ունեցող հանգամանք լինել: Եթե երրորդական, չորրորդական կամ ինչ-որ հնչեղ պաշտոններով իրականում անկախ և ոչ պետական գործիչների, ապա իհարկե ոչ: Եվ քանի դեռ Արցախի խնդիրը Հայաստանում տեսնում են այն ձևաչափով, որով տեսնում են, նաև՝ քանի դեռ Արցախն իր բոլոր դիրքորոշումներում միայն Երևանից հրահանգներով է կողմնորոշվում՝ ԱՄՆ-ում դժվար թե որևէ մեկը լուրջ վերաբերվի Արցախի իշխանություններին ընդհանրապես:

Հնարավոր է արդյո՞ք, որ այսպիսի այցերի արդյունքում Արցախը վերադառնա բանակցային սեղանի շուրջ:

Ոչ: Եվ դա պետք էլ չէ: Նախ՝ Ադրբեջանը հիմա ավելի ուժեղ և կայացած է, քան երբևէ իր պատմության ընթացքում և դա թույլ չի տա: Ապա՝ ի՞նչ բանակցություններ: Միթե՞ կան մարդիկ, ովքեր դեռևս հավատում են այսպիսի բանակցությունների կարևորության հեքիաթին: Եվ ու՞մ հետ բանակցելու մասին են Երևանում դեռևս շարունակում խոսել: Նրա, որ բանակցություններին զուգահեռ Հայաստանի մայրաքաղաքը գրավելու մասի՞ն է լրջորեն խոսում: Եվ ինչպե՞ս է դա պատրաստվում անել. հայերի հետ բանակցելո՞վ, որ թողնե՞ն Երևանն ու լույսերը չանջատելով հեռանան, թե՞ մի նոր ցեղասպանության: Այդ մարդու և ավելին՝ նրա ներկայացրած գաղափարախոսության և այն կրողների հե՞տ են պատրաստվում շարունակել բանակցությունները Երևանում: Եվ երրորդ՝ պետք չէ Արցախը վերադարձնել բանակցային սեղանին, որովհետև դրանով առաջ է մղվելու դարձյալ նույն այդ խիստ վնասակար՝ Արցախի անկախության և միջազգային ճանաչման խնդիրը: Դա ճահիճ է և որ ավելի վատ է՝ ծուղակ է Հայաստանի համար: Աշխարհում ոչ ոք և երբևէ չի ճանաչելու Արցախը: Եթե Թուրքիայի պես հովանավոր ունենալով՝ Հյուսիսային Կիպրոսն այսքան տասնամյակներ անց որևէ մեկը չճանաչեց, միայն Հայաստանի պես միջազգայնորեն անզոր հովանավոր ունեցող Արցախն ո՞վ է ճանաչելու: Դա հեքիաթ է: Եվ հայկական երկրորդ պետություն ունենալը վնասակար է հենց հայկական շահերի համար: Հայաստանը մեկն է: Արցախյան շարժումը սկսվեց մայր Հայաստանի հետ վերամիավորման համար, ոչ թե ինչ-որ գաճաճ, կեղծ պետություններ ստեղծելու: Արցախն ընդամենը Հայաստանի մի շրջան է և պետք է դա ամրագրել: Ռուսները հիմար չէին, որ անկախություն շնորհելու փոխարեն  ուղղակիորեն միավորեցին իրենց Ուկրաինայի կազմում գտնվող Ղրիմը և դրանով հարցն ընդմիշտ փակեցին: Միավորումներն ընդմիշտ փակում են թեման, որքանով որ դա հնարավոր է: Անկախությունները խոցելիության նոր օջախներ ստեղծում: Մանավանդ այնպիսի մի կեղծ անկախություն, ինչպիսին Հայաստանի արևելյան այդ հատվածինն է:

Այս այցը հիստերիայի ալիք է բարձրացրել Բաքվում: Ի՞նչ կասեք այդ մասով: Ի՞նչով է պայմանավորված ադրբեջանական իշխանությունների այս պահելաձևը:

Ինչու՞ ենք դա «հիստերիա» անվանում: Ե՞րբ են Երևանում դադարելու մեծամիտ և թշնամուն թերագնահատող, վիրավորող ու իբրև թե նսեմացնող մտքեր արտահայտել և հեգնական պիտակավորումներ տալ: Դա վտանգավոր է նախևառաջ Հայաստանի համար, որովհետև չարդարացված մեծամտության և թշնամուն մեծապես թերագնահատելու մթնոլորտ է ստեղծում: Իսկ թշնամուն թերագնահատողները միշտ մեծապես խոցելի են: Հայաստանում պետք է Ադրբեջանին ավելի լուրջ մոտենան և առավել լուրջ սկսեն վերաբերվել նրա քաղաքական գծին, որն ուղղակի անկանգ գնացքի պես անընդհատ թափ հավաքելով առաջ է գնում՝ իրենից ներկայացնելով ավելի ու ավելի լավ կազմակերպված և մտածված մի ավերիչ մեքենա: Եթե դրան հայերը հակադրում են ծաղր ու պարզունակ վիրավորանք,  ապա միայն մեզ ենք անպաշտպանության դատապարտում:

Իսկ Ադրբեջանում այս թեմայով մեծ աղմուկ է բարձրացել, որովհետև իրենց շահերի տեսանկյունից դա ճիշտ է: Իրենք որևէ բանի վրա աչք չեն փակում, մատների արանքով չեն նայում և ամեն, բացարձակապես ամեն հարցին լուրջ են մոտենում: Իսկ ի՞նչ էր ակնկալվում Ադրբեջանից՝ որ անտեսելո՞ւ են և հայերի պես ասելու են. «Դե ոչինչ, մի բան է, թող լինի, կանցնի, կգնա՞»: Բաքվում անհանգիստ են հայկական կողմի ամեն փոքր շարժումից, որովհետև չեն ուզում իրենց թշնամուն գեթ փոքրիկ շանս թողնել: Դա իրենց շահերի առումով շատ ճիշտ մոտեցում և պահվածք է: Եվ սա Երևանում պետք է լավ հասկանան ու դրանից դասեր քաղեն, ոչ թե աչք փակեն և ծաղրեն:

Պարոն Մարտիրոսյան, մի քանի օր առաջ էլ ՀՀ ԱԺ պատվիրակությունն էր ԱՄՆ մեկնել: Կապ ունե՞ն այս երկու այցերն իրար հետ:

Չեմ կարծում, թե ունեն: Բայց երկուսն էլ կարող են կարևոր այցեր լինել: Ամեն դեպքում ԱԺ պատվիրակության այցն առավել արդյունավետ կարող է լինել, որովհետև միջազգային իրավունքի սուբյեկտ ներկայացնող խումբ է: Նաև՝ մասամբ երիտասարդներից է բաղկացած, որոնք խորհրդային կապանքներով կաշկանդված չեն: Ես եղել եմ Նյու Յորքում այդ խմբի՝ Նյու Յորքի հայ համայնքի մի քանի ներկայացուցիչների հետ սահմանափակ հանդիպմանը: Եվ պետք է ասել, որ տպավորությունս այն է, որ Երևանում թերևս սկսել են գոնե այս պահին ինչ-որ չափով հասկանալ, որ բացարձակ միավեկտորությունը բավականին ոչ արդյունավետ հանգամանք է, եթե մեղմ արտահայտվենք: Տպավորություն էր, որ Երևանում նոր են հասկացել, որ կա Վաշինգտոն, որտեղ համաշխարհային հարցեր են քննարկվում և լուծվում: Այդ պատվիրակությունն ԱՄՆ-ում հանդիպել էր մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ և կռահում եմ, որ օրակարգն էլ հայկական ստանդարտ և անբովանդակալից օրակարգերից չի եղել, թերևս: Թեև կարծում եմ, որ Երևանում կարող էին և մի շարք այլ կարևոր սենատորների և կոնգրեսմենների հետ էլ հանդիպումներ նախատեսել, ամեն դեպքում հանդիպումների մակարդակն ու քննարկված թեմաների ներկապնակը, կարելի է կռահել, գուցե մի փոքր այլ է եղել: Կարևոր է, որ պատվիրակության կազմում է եղել նաև «Ելք»-ի ղեկավարը, որը, կարծեմ Ամերիկան առավել լավ է պատկերացնում, որովհետև, որքան տեղյակ եմ՝ սովորել է ԱՄՆ-ում: ԱՄՆ քաղաքականությունը պատկերացնող քանի՞ գործադիր պաշտոնյա կա Հայաստանում: Ամեն դեպքում այս այցելության կարևորությունը փոքր չէ:

ԱՄՆ մեկնած ԱԺ պատվիրակության անդամները կարծիք են հայտնել, որ ԱՄՆ-ում Հայաստանի և Արցախի հարցի մասով հնացած պատկերացումներ կան: Ինչպե՞ս է դա հնարավոր:

Ամենամեծ խնդիրն այստեղ այն է, որ ամենահնացած պատկերացումներն Արցախի հարցի վերաբերյալ հենց Հայաստանում են և դրանք պաշտոնական Երևանի պատկերացումներն են: Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա անշուշտ, դա շատ հնարավոր է: ԱՄՆ քաղաքական Իսթեբլիշմենթում կա գործիչների մի ստվար զանգված, որի պատկերացումներն ամենատարբեր հարցերի վերաբերյալ ոչ միայն «հնացած» են, այլ նաև հաճախ ուղղակի «բացակա» են: Բայց Հայաստանի հարցում դա ու՞մ մեղքն է: Հայաստանը դեսպանություն ունի, ԱԳՆ և իբրև թե լոբբի: Իհարկե, Երևանի նոր դեսպանը կարծես թե նոր գործելաոճ է որդեգրել և ակտիվացրել է իր կառույցի դերն ու աշխատանքը, բայց խնդիրը միայն դեսպանով չի սահմանափակվում: Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ Վաշինգտոնում գիշեր-ցերեկ նստած Երևանի մասին են մտածում, ապա խոր մոլորության մեջ են: Ամերիկյան քաղաքականությունում հատկապես հիմա քաոս է, և Երևանն ինքը պետք է այսպիսի այցեր ու ակտիվ աշխատանք կատարեր դեռևս տասնամյակներ առաջ: Եվ պետք է դրա վրա լուրջ մարդկային և մտավոր ռեսուրսներ ծախսեր: Խիստ մտահոգիչ է, երբ սկսում ես գիտակցել, որ դեսպանատնային մակարդակից անդին տասնամյակների կտրվածքով թերևս երկրորդ անգամն է ու հիմա է միայն, որ առավել լայն և լուրջ քաղաքական գիծ է որդեգրվում Վաշինգտոնի հանդեպ, եթե իրոք որդեգրվում է:

Իսկ ի՞նչ եք կարծում, ՀՀ ԱԺ պատվիրակության այցը ի՞նչ կտա հայ-ամերիկյան հարաբերություններին:

Պետք է տեսնել: Դեռևս շատ վաղ է ասելը: Եթե սրանով սահմանափակվի, ոչինչ: Եվ միայն այցերով չէ, որ երկրների հարաբերությունները լավանում կամ վատանում են: Առավել բարձր մակարդակի առավել սերտ շփումներ են անհրաժեշտ, որոնք լուրջ և երկարատև պրոցես են: Ամեն դեպքում, եթե ամեն բան այնպես է,  ինչպես կարելի է ենթադրել այս խմբի այցից և դեսպանատան նոր աշխատաոճից, ապա հույս կարելի է ունենալ, որ սառույցի հալումը հնարավոր է: ԱՄՆ տարածքում Հայաստանի նոր հյուպատոսություններ են բացվում: Կարծեմ հաջորդը Չիկագոյում պատվո հյուպատոսությունն է, որտեղ պատվո հյուպատոսն, ի տարբերություն մի քանի այլ դեպքերի, համայնքի կողմից վստահություն վայելող անձ է և կարծես հակված է լուրջ աշխատանք կատարելու: Բայց, ինչպես ասացի, միայն պատվո հյուպատոսություններ բացելով և դեսպանությունը տասնամյակների խոր թմբիրից հանելով չէ, որ պետք է փոփոխության ակնկալիք ունենալ: Դա լուրջ և ծավալուն աշխատանք է ենթադրում, որը կարող է սկսվել կամ սրանով էլ ավարտվել: Այնպես որ ամբողջական եզրակացություններ անելու համար դեռևս ժամանակ է պետք:

Ձեր կարծիքով, ինչպե՞ս Ռուսաստանը կվերաբերվի հայ-ամերիկյան հարաբերությունների հնարավոր մտերմացմանը, եթե հաշի առնենք ռուս-ամերիկյան հարաբերություններում առկա խնդիրները:

Կա՞ մեկը, որ կասի լավ կամ  անտարբեր: Ռուսաստանում թերևս խանդով են նայում Հայաստանի յուրաքանչյուր ինքնուրույն քայլի և արդյունքում ավելի ու ավելի վանում հայ հասարակության լայն շերտերին: Որպես Հայաստանի բարեկամ երկիր Ռուսաստանում պետք է հասկանան, որ Հայաստանի շահերից է բխում ոչ միայն իրենց, այլև անգամ իրենց հակառակ բևեռների հետ մերձեցումն ու առողջ հարաբերությունների պաշտպանումը: Իսկ դա, իր հերթին, պարադոքսալ, բայց իրական առումով ձեռնտու է նաև հենց իրեն՝ Ռուսաստանին: Հայ հասարակությանը վանելով՝ Ռուսաստանը չի շահում: Միակ տարբերակը  Հայաստանին որպես երկարատև գործընկեր ունենալու՝ Երևանին վերջապես որոշակի ազատություններ շնորհելն է և նրա սեփական շահերը հարգելը: Հայաստանի բացարձակ շահերից է բխում Մոսկվայի և Վաշինգտոնի հետ լավ հարաբերություններ ունենալը: Դա նաև բխում է հենց Մոսկվայի և Վաշինգտոնի շահերից: Եվ խնդիրն այստեղ նրանում է, որ արդեն դժվար է ասել, թե այս երեք մայրաքաղաքներից որտե՞ղ են դա հասկանում կամ որտեղ չեն հասկանում: Երբեմն տպավորություն է ստեղծվում, որ դա չեն գիտակցում անգամ Երևանում և այստեղ ու այս պարագայում արդեն Մոսկվային մեղադրելը դառնում է որոշակիորեն դժվար: Ամեն դեպքում հայ-ամերիկյան մերձեցումը բխում է բոլոր կողմերի շահերից և այս այցը գոնե որոշակի հույս այդ առումով ներշնչում է:

Նույն շարքից