Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Եթե ցուցարարների նկատմամբ ոստիկանության կողմից բռնություն կիրառվի, Դուք լինելու եք դրա միակ պատասխանատուն. Մանե Թանդիլյանը՝ Սերժ Սարգսյանին  

analitik.am

ՀՀ ԱԺ հատուկ նիստի ժամանակ ելույթ ունեցավ ԵԼՔ պատգամավոր Մանե Թանդիլյանը, ով Սերժ Սարգսյանի անփոխարինելի թեկնածությունն անվանեց «Կորսված տասնամյակ»:

«Բայց մինչև չկատարված խոստումներին անցնելը, մի փոքր դիտարկում՝ 2017թ-ը պետք է համեմատել 2008թ.-ի հունվարի հետ, այնինչ Դուք 2007թ.-ի տնտեսական աճը ներառել եք ձեր համեմատության մեջ, որը Ձեր կառավարման 10 տարվա ընթացքում չի եղել:
Իսկ դրամային ավանդները նշելիս՝ մի՛ մոռացեք այդ տարիների 60% կուտակային գնաճի մասին:

Եվ այսպես, 2008թ. կեղծված ընտրությունների և մարտի մեկի ոճրագործության արդյունքում նախագահի պաշտոնը ստանձնած Սերժ Սարգսյանը խոստանում էր կատարել մի շարք բարափոխումներ, որոնց թվում էր ֆանտասիկ տնտեսական փոփոխությունները:

Իսկ ի՞նչ էր խոստանում հինգ տարվա ընթացքում իրականացնել Սերժ Սարգսյանը դեռևս տասը տարի առաջ իր նախընտրական ծրագրում: Ներկայացնեմ բացառապես փաստեր, թե ինչ ունենք տասը տարի հետո՝ հինգ տարվա խոստումների մասով:

Ներդրումները և ակտիվ բիզնեսը քաջալերելու նպատակով մեր երկրի հարկային և մաքսային համակարգերը պետք է լինեն միջազգայնորեն մրցունակ.

Միջազգային բոլոր վարկանիշերում Հայաստանի հարկային համակարգը հազիվ է հայտնվում լավագույն հարյուր երկրների շարքում, իսկ հարևան Վրաստանը շարունակում է ունենալ աշխարհում լավագույն հարկային և մաքսային համակարգը:

Հայաստանում չպետք է լինի մեկը, ով ապահովագրված չէ կյանքին վտանգ պատճառող դեպքերից և աղքատության վտանգից:

Ավելի քան 1 մլն աղքատների մասին խոսելը արդեն նորություն չէ, միևնույն ժամանակ փաստենք, որ 2 մլն մարդ վաստակում է նվազագույն սպառողական զամբյուղից 58.000 ՀՀ դրամից  ցածր գումար, որը իրական աղքատության պատկերն է:

Ստեղծվելու են նպաստավոր պայմաններ` մարդկանց աշխատանքով ապահովելու համար: Աշխատանքը պետք է որոնի մարդուն, ինչը նշանակում է ունենալ արդյունավետ աշխատուժի շուկա, որը կբացահայտի կառուցվածքային գործազրկության խնդիրը:

Տասը տարվա ընթացքում չնվազող ավելի քան 20  տոկոս գործազրկության մակարդակը իրականում ավելին է, քանի որ տարեցտարի ավելացող գործազուրկների մի մասը պարզապես լքում է Հայաստանը՝ փորձելով աշխատանք գտնել արտերկրում, քանի որ այդպես էլ Հայաստանում աշխատանքը չի գտնում մարդուն:

 Բժշկությունը մատչելի կլինի բոլորի համար:

Հարյուր հազարավոր մարդիկ բժիշկի են դիմում ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, երբ հաճախ չեն էլ ստանում բժշկական օգնություն մինչև վճարելը:

Հայաստանում մարդիկ մահանում են՝ անհասանելի բժշկության պատճառով:

Կբացահայտվեն տարածաշրջանի համար մեծ պահանջարկ ունեցող առողջապահական ուղղությունները և քայլեր կձեռնարկվեն Հայաստանը տարածաշրջանում առողջապահական կենտրոն դարձնելու համար:

Որակյալ բժշկություն ստանալու համար հայերը շարունակել մեկնել Եվրոպա, Իսրայել, իսկ վերջին տարիներին արդեն Վրաստանն է դարձել մատչելի բժշկության վայր հայերի համար:

Մենք սոցիալական կարևորագույն խնդիր ենք համարում կենսաթոշակների հետագա բարձրացումը` այն հաշվով, որ կենսաթոշակն էապես բարձր լինի աղքատության շեմից: Մենք կապահովենք արժանավայել կյանք կենսաթոշակառուների համար:

42.000 դրամ աղքատության շեմին զուգահեռ ունենք երեք անգամ պակաս՝ ընդամենը 16.000 դրամ նվազագույն կենսաթոշակ: Օրական 500  դրամով ապրող թոշակառուների համար իրոք ապահովել եք արժանավայել կյանք:

Մշտական ուշադրության առարկա կհանդիսանա հեռավոր և սահմանամերձ շրջաններից բնակչության արտագաղթի կանխումը: Այդ շրջաններից բնակչության արտահոսքի հիմնական պատճառը աշխատատեղերի բացակայությունն է: Գիտակցելով դա` ցուցաբերվելու է համալիր մոտեցում Հայաստանի ողջ տարածքի զարգացման խնդրին:

Տասը տարվա ընթացքում արտագաղթած մոտ 400.000 քաղաքացիների գերակշիռ մասը հենց մարզերից են, իսկ հեռավոր և սահմանամերձ գյուղերում մնացել են միայն արժանավայել կենսաթոշակի սպասող ծերերը:

Մոտավորապես նույն տեսքով՝ որոշակի ոճային փոփոխությամբ ներկայացվեց նաև բարեմաղթանքների շարք 2013թ նախընտրական ծրագրում՝

Երկիրը գործարար միջավայրի դյուրինության տեսակետից ընդգրկվելու է աշխարհի առաջատար երկրների շարքում;

Իշխանությունների սիրելի Doing business վարկանշում Հայաստանը շարունակում  է հետ մնալ ոչ միայն հարևան Վրաստանից, այլ նաև ԵԱՏՄ անդամ երկրներ Ղազախստանից և Բելառուսից՝ հայտնվելով 4րդ տասնյակում:

Նախատեսված ժամկետներում ավարտելու ենք «Հյուսիս-հարավ» արագընթաց ճանապարհի և ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի կառուցումը:

5 տարվա ընթացքում կառուցվել  է ճանապարհի ընդամենը տասը տոկոսը՝ ծախսվելով նախատեսվածից երեք անգամ ավել գումար: Ի դեպ, ճանապարհը պետք է պատրաստ լիներ արդեն հաջորդ տարի: Ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի մասին խոսակցությունները նույնպես անցան պատմության գիրկը:

Նորացնելու և արդիականացնելու ենք հասարակական տրանսպորտը: Հիմնովին վերափոխելու ենք միջքաղաքային ու ներքաղաքային տրանսպորտի կառավարման համակարգը:

Գազելապատ Երևանի տրանսպորտային համակարգը ուղղակի հիշեցնում է վաղ միջնադար, երբ ստրուկներ էին տեղափոխում իրար գլխի լցված, իսկ մարզային տրանսպորտի մասին խոսելն ուղղակի խայտառակություն է:

Նույնիսկ ամենացածր կենսաթոշակը պետք է բավարարի կենսաթոշակառուի կենսական պահանջմունքները:

2008թ տրված այս կրկնվող խոստումի չկատարման մասին տասը տարի անց ցավոք շատ թոշակառուներ չիմացան, քանի որ 16.000 դրամ կենսաթոշակը չի բավարարում նույնիսկ մի քանի տուփ դեղ գնելուն:

Յուրաքանչյուր առաջին դասարանցու անվճար տրամադրելու ենք համակարգիչ:

Դեռ շատ, շատ վաղ է խոսել համակարգչի մասին: Հայաստանի դպրոցներից 71-ում չկա ջրամատակարարում, 141-ում՝ կոյուղացում, 292 դպրոց չունի հեռախոսակապ։
Կարևորը այդ դպրոցներում քվեատուփ դնել լինի, ընտրություն կեղծեն, ինչ կրթություն, ինչ երեխա, ինչ ապագա..

Ի դեպ, թվերի մասին, 2008թվականին Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրում առկա էր նաև տնտեսական ցուցանիշների մասին խոստումներ:

Եվ այսպես 2012թ խոստացվում էր ունենալ 5,5 մլրդ դրամ ՀՆԱ: Խոստացած ժամկետից նույնիսկ հինգ տարի անց դեռ նոր հասել ենք այդ ցուցանիշին՝ իսկ դոլարային արտահայտությամբ տասը տարում այդպես էլ չունենանով ՀՆԱ-ի աճ:

Արտահանման հինգ տարվա խոստումը կազմում էր 3,9 մլրդ դոլար, 2017թ ունենք ընդամենը 2,2 մլրդ դոլար արտահանում:

2012 թվականի համար խոստացվում էր 1,3 տրլ դրամ բյուջեի ծախսեր, 2017թվականի նոր հասել ենք ծախսերի նման մակարդակի՝ ունենալով ՀՆԱ-ի 4-5%-ի չափով բյուջետային դեֆիցիտ:

Միջին ամսական կենսաթոշակի նախատեսվում էր պետք է 1,5 անգամ գերազանցեր աղքատության շեմը, տասը տարի անց նույնիսկ դեռ նույն մակարդակի վրա ենք:

Աղքատության մակարդակը պետք է դառնար 12%, տասը տարի անց դեռ ունենք 30% աղքատություն:

Ցանկը կարելի է շարունակել՝ աշխատավարձ, գործազրկություն, կրթության ծախսեր, ներդրումներ….

Փաստորեն հնգամյա պլանը ՀՀԿ-ի անփոխարինելի թեկնածու Սերժ Սարգսյանի, այսինքն՝ ՁԵՐ,  առաջնորդությամբ, նույնիսկ տասը տարի անց ի կատար չածեցվեց և մնաց անթիվ-անհամար չկատարված խոստումների մակարդակի վրա:

Դուք և Ձեր գլխավորած կուսակցությւոնը եկել եք իշխանության համատարած ընտրակաշառքի և վարչական լծակների օգտագործմամբ: Բայց մի բանում Ձեզ հետ, թերևս, համաձայն ենք, որ Ձեր կամ որևէ այլ անձի երրորդ ժամկետով պաշտոնավարումը անընդունելի է, բայց մեր գործողությունները տարբեր են՝ մենք դրան դեմ ենք…

Այսքանից հետո, եթե ես լինեի Ձեր փոխարեն, թերևս կկատարեի գոնե իմ վերջին խոստումը՝ ես, Սերժ Սարգսյանս, այլևս երբեք չեմ առաջադրվելու․․․ չեմ հավակնի նաև վարչապետի պաշտոնին․․․․
եվ պետք չէ դիմել իրավաբանական հնարքի, դրանք այլևս ի զորու չեն փրկելու Ձեր հեղինակությունը։ Սա Ձեր խոստումն է, և մարդիկ դա չեն մոռացել..

Բայց Դուք դեռ ունենք հնարավորություն հրաժարվելու վարչապետի թեկնածությունից և փրկել Հայաստանի այդքան փխրուն վարկանիշը՝ որպես ժողովրդավարական պետություն և չդասել այն արատավոր տոտալիտար ավանդույթներով առաջնորդվող ԵԱՏՄ-ական Ձեր գործընկերների շարքին, որտեղ տարց տարի, նույն մարդիկ, նույն դեմքերը, որևէ բան չփոխելով:

Եվ այսօր, Հայաստանի Հանրապետության փողոցներում հազարավոր մարդիկ փողոցում են ձեր երրորդ պաշտոնավարման դեմ ու, եթե ցուցարարների նկատմամբ ոստիկանության կողմից բռնություն կիրառվի, Դուք լինելու եք դրա միակ պատասխանատուն»:

Նույն շարքից