Հայաստան Հարցազրույց Տնտեսություն Քաղաքականություն 

Հայաստանում հիփոթեքային վարկի տոկոսադրույքը մատչելի չէ

analitik.am

ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը  անդրադարձել է Ռոբերտ Քոչարյան– Տիգրան Սարգսյան հրապարակային բանավեճի ընթացքում շոշափված՝ շինարարությանը և հիփոթեքային շուկային վերաբերող հարցերին: 

Պատգամավորը Հայաստանում անշարժ գույքի նկատմամբ պահանջարկի անկումը բացատրում է օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով։ Խոսելով հիփոթեքային վարկավորման ծավալների՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մատնանշած աճի մասին՝ տնտեսագետը մեջբերում է այլ հանգամանք. «Հայաստանում հիփոթեքային վարկի տոկոսադրույքը մատչելի չէ, որքան էլ փորձեն դինամիկա ցույց տալ»: 

 

- Պարոն Մինասյան, շինարարության վերաբերող Քոչարյան–Սարգսյան հրապարակային բանավեճի ընթացքում հնչեց նաև մի հետաքրքիր կարծիք, որ այս տարի մեծ հավանականությամբ պայթելու է Հայաստանի անշարժ գույքի «փուչիկն» ու գները գահավիժելու են առնվազն կրկնակի, քանի որ արդեն երկար ժամանակ է՝ էլիտար շինարարության մեջ ներդրումներ անողները չեն կարողանում իրացնել բնակարանները, վերադարձնել ներդրված գումարները: Հնարավոր համարո՞ւմ եք նման պայթյունը:

 

- Շինարարության ոլորտում փուչիկ չի կարող լինել, որովհետև շինարարությունը իրական սեկտոր է: Ինչ վերաբերում է գների, ավելի ճիշտ՝ ակտիվների կամ բնակարանների գների գերարժևորմանը, դա երևույթ է, որը կարող է դիտարկվել աշխարհի ցանկացած երկրում: Այդ գների նվազումը, իջեցումը կամ կտրուկ անկումը որևէ ձևով «պայթյուն» ասել ճիշտ չէ: Հետևաբար, եթե խոսքը ներդրված կապիտալը հետ բերելու շրջանակներում ավելի ցածր գնով վաճառելու գործընթացի մասին է, ապա սա նորմալ պրոցես է շուկայական հարաբերություններ ունեցող երկրներում: Մեզ մոտ առանձնահատկությունը մի քիչ այլ է: Քանի որ բնակչության եկամուտներն անհրաժեշտ մակարդակի չեն, հետևաբար նրա կողմից առաջադրված, ներկայացվող պահանջարկը չի կարող համապատասխանել նմանատիպ բարձր մակարդակի, բարձր արժեք ունեցող ապրանքներին: Ինչի հետևանքով, այո, Հայաստանում, անշարժ գույքի նկատմամբ պահանջարկը անկում է ապրում: Դրա պատճառները, իհարկե, մի քանիսն են: Առաջինը այսպես ասած՝ արտաքին աշխարհի ցանկության նվազումն է՝ Հայաստանում անշարժ գույք ձեռք բերելու տեսակետից, հատկապես խոսքը սփյուռքի մասնակցության մասին է, ինչն էլ պայմանավորված է թե՛ օբյեկտիվ, թե՛ սուբյեկտիվ հանգամանքներով: Երկրորդը Հայաստանի ներսում անբավարար եկամուտն է, որը թույլ չի տալիս «առաջադրել» համապատասխան մակարդակի պահանջարկ:

 

-Այսուհանդերձ, քանի որ տվյալ դեպքում խոսքը էլիտար շինարարության մասին է, ակնհայտ է, որ այն այսպես ասած՝ թանկ հաճույք է: Ուզում եմ ասել՝ կար այդ ռիսկը, որ թանկ է լինելու, և կային այդ հաշվարկները:

 

- Իհարկե, այդ հաշվարկը կա: Առհասարակ, շինարարության ոլորտում ապրանքների՝ տվյալ դեպքում՝ բնակարանների գները միշտ ավելի բարձր են լինում այն ժամանակ, երբ եկամտաբերությունն այդ ոլորտում շատ ավելի բարձր է: Իսկ տնտեսության մյուս ճյուղերի հետ կապված ասեմ, որ եթե բնակարանաշինության ոլորտի ներդրումն ապահովում է ավելի բարձր եկամուտ, պարզ է, որ մարդիկ գերադասում են ներդրում կատարել այդ ոլորտում՝ ակնկալելով, որ կստանան ավելի մեծ շահույթ: Իսկ եթե իրենց այդ ցանկությունը չի բավարարվել, բնականաբար, կարող է տեղի ունենալ նաև գների անկում: Բայց ասեմ, որ ես նման կտրուկ վիճակի չեմ հանդիպել:

 

-Իսկ Սփյուռքի՝ հայաստանյան բնակարանային շուկայի նկատմամբ հետաքրքրության մարումն ինչո՞վ եք պայմանավորում:

 

- Նշեցի՝ սուբյեկտիվ և օբյեկտիվ գործոններ կան, որոնցից վերջինի մեջ մտնում է արտերկրում այդ անձանց եկամուտների նվազումը, և նաև՝ ավելի նախընտրելի ներդրումներ կատարելը։ Իսկ սուբյեկտիվ գործոնների մեջ մտնում է Հայաստանում ստեղծված ավելի ռիսկային վիճակը՝ մի կողմից ներդրումների, և մյուս կողմից Հայաստանի ապագայի նկատմամբ անորոշությունը: Ինչը ցավալիորեն ազդում է նաև թե՛ ավանդական սփյուռքում ձևավորված մարդկանց մտածողության, թե՛ Հայաստանից հեռացողների մտադրությունների վրա:

 

-Իսկ էլիտար շինարարության հետ կապված սկանդալները այստեղ իրենց դերը չունեցա՞ն: Հիշենք, մի քանի դեպքեր ընդհուպ մինչև քրեական գործեր դարձան, դեպքեր եղան, երբ պարզվեց, որ մի բնակարանը մի քանի գնորդ ունի կամ մի քանի անգամ գրավադրված է բանկում:

 

-Բնականաբար, այդ դեպքերը ևս հետ են կանգնեցնում մարդկանց, ի մասնավորի՝ նաև սփյուռքին՝ բնակարաններում ներդրումներ կատարելուց. շինարարության ոլորտը կարիք ուներ կարգավորման ավելի խիստ մեթոդների: Դա չի ձեռնարկվել, և որի արդյունքում էլ՝ կապված նրա հետ, որ շինարարության ոլորտը Հայաստանում օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով անկում ապրեց, հանգեցրեց նրան, որ այս ոլորտում անվճարունակության գործընթացներ են սկսվում: Եվ բնականաբար, դա նույնպես ազդում է մարդկանց մտադրությունների, տրամադրությունների վրա: Եվ երբ տեսնում են, որ մի բնակարանը մի քանի անգամ է վաճառվել, գրավադրվել է, և կա իրավական շատ լուրջ խնդիր՝ էսօր բազմաթիվ քաղաքացիներ հայտնվել են խաբված վիճակում, բնականաբար դա պիտի միանշանակ ազդեցություն ունենա:

 

- Ռոբերտ Քոչարյանը պահանջարկի անկումը պայմանավորեց մի շարք գործոններով՝ այդ թվում նաև արտագաղթով ու հիփոթեքային վարկավորման պայմանների նշանակալի վատթարացմամբ: Ո՞ւմ գնահատականների հետ եք համամիտ՝ երկրորդ նախագահի՞, թե՞ վարչապետ Տիգրան Սարգսյանի:

- Համամիտ եմ այն գնահատականի հետ, որ Հայաստանում շինարարությունը, որպես տնտեսության կարևոր ճյուղ, ոչ միայն հնարավորություն ուներ շարունակել մնալ որպես այդպիսին, բնականաբար, շինարարությունը ոչ միայն բնակարանների կառուցման, այլ նաև արտադրական ենթակառուցվածքների և ճանապարհային ենթակառուցվածքների ձևավորման հետ՝ առաջիկա, նվազագույնը՝ 50 տարում կարող է մեր երկրի տնտեսության կարևոր ճյուղերից մեկը լինել: Այն համակարգային ոլորտ է, այլ սեպարատ, կտրված ոլորտ տնտեսության մյուս ճյուղերից, ու այն նաև ապահովում է ոչ մետաղական հանքարդյունաբերության, տրանսպորտային համակարգի գործունեությունը, ինչպես նաև՝ հսկայածավալ զբաղվածություն, և այն պետք է դիտարկվեր որպես տնտեսական կարգապահական առաջնահերթություններից մեկը: Մինչդեռ, կառավարության քաղաքականությունը ուղիղ հակառակ տրամաբանությամբ է շարժվում: Այն է՝ շինարարությունը անհրաժեշտ է նվազեցնել ոչ թե ի հաշիվ բնական մյուս ճյուղերի զարգացման, այլ այդ թվում նաև՝ առևտրական միջամտությունների: Ինչը բացասական երևույթ է, և երկրորդ նախագահի քննադատությունն այդ տեսակետից միանշանակ ընդունում եմ:

 

Ինչ վերաբերում է հիփոթեքային շուկային, ապա ակնհայտ է մի բան, որ «հիփոթեքային վարկ» հասկացությունը դեռևս կարիք ունի մեթոդաբանական ճշգրտման. թե ինչ բան է հիփոթեքային վարկը և ինչպես է այն դասակարգվում: Կենտրոնական բանկի կայքից, երբ նայում էի՝ հիփոթեքային վարկերի ծավալը՝ 49 միլիարդը, (վարչապետի ասած թիվն եմ ներկայացնում՝ 2007 թ. կտրվածքով ) իմ դիտարկմամբ իրականում եղել է 53 միլիարդ, որը 141 միլիարդ է դարձել 2013–ի նոյեմբերին։ Բայց այս մեծությունը դեռևս չի նշանակում, որ հիփոթեքային շուկայում ունենք մատչելի համակարգ կամ զարգացած շուկա, որովհետև բնակարանի կարիք ունեցողները շատ ավելի շատ են, և այդ մեծությունն առնվազն երկու-երեք անգամ ավելին պետք է լիներ: Եվ վերջապես հիփոթեքային վարկերի տոկոսադրույքները, երբ այս մեծությանը համադրում ենք տոկոսադրույքը, որով այդ վարկերը տրվում են, տեսնում ենք, որ Հայաստանում հիփոթեքային վարկի տոկոսադրույքը մատչելի չէ, որքան էլ փորձեն դինամիկա ցույց տալ: Ավելին՝ չի կարող հիփոթեքային տոկոսադրույքի անվանական 12% մեծությունը համարվել հիփոթեքային վարկի տոկոսադրույք, որովհետև սրա մեջ ներառված չեն մի շարք այլ հանգամանքներ, ինչպիսիք են՝ ապահովագրական, գույքի գնահատման վճարները, միջնորդավճարները, որոնք հիփոթեքային վարկ վերցնողը պարտավոր է վճարել: Այլ կերպ ասած՝ հիփոթեքային վարկ վերցնողը ոչ թե 12 տոկոսով է վարկ վերցնում, այլ շատ ավելի բարձր տոկոսով: Եվ աղավաղումն այստեղ տեղի է ունեցել սոցիալական բնակարանային ֆոնդի այն ծրագրի աջակցության շրջանակներում, որը կառավարությունն իրականացնում է: Բայց մենք պետք է դատենք երկրում տոկոսադրույքների մեծությունից, որը դեռևս պահպանվում է 17-18 տոկոսի սահմաններում: Նման տոկոսադրույքի ներքո հիփոթեքային վարկավորման ոլորտը տուժելու է:

 

-Կարծում եմ՝ արտագաղթի կասեցման ծրագրի շրջանակներում ևս այս գործողությունները ճիշտ կհամարեիք, որովհետև շատերը գնում են, որովհետև հասկանում են, որ այս սոցիալական պայմաններում չեն կարող բնակարան գնել:

 

-Միանշանակ, բնակապահովման՝ որպես կարևորագույն իրավունքի իրականացման մեխանիզմը արտագաղթի տեմպերի նվազեցման կարևոր նախապայման է: Թեև միակը չէ, բայց համալիր գործողություններից մեկն է, որն ազդում է մարդու որոշման վրա՝ լքել հայրենիքը: Եվ կարծում եմ՝ որքան էլ կառավարությունը փորձի արդարացնել իր անգործությունը բնակարանաշինության ոլորտում, ընդունելի չէ: Եվ այն պետք է Հայաստանի տնտեսության առաջատար ճյուղերից մեկը համարվեր՝ թե՛ զբաղվածության, թե՛ բնակապահովման, և թե՛ աշխատատեղերի ստեղծման տեսակետից:




www.tert.am

Նույն շարքից