Հասարակություն Հարցազրույց 

Կլիմայի փոփոխությունը դարձել է գոյատևման խնդիր. Դիանա Հարությունյան

analitik.am

Analitik.am-ի զրուցակիցն է ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը։

Հայաստանը ներկայացրել է Երկամյա առաջընթացի երկրորդ զեկույցը, հիմնականում ո՞ր կետերի շուրջ է զեկույցը:

Վերջին զեկույցը, որ ներակայացվել է՝ վերաբերում է Փարիզի համաձայնագրին, որի տակ ստորագրած երկրները պարտավորություններ ունեն կատարելու, այդ թվում Հայաստանը: Երկրները պետք է հաղորդեն, թե ինչ առաջընթաց ունեն ջերմոցային գազերի արտանետումների կրճատման կամ սահմանափակման առումով և ինչ տեխնոլոգիական կարիքներ ունեն՝ իրենց պարտավորությունները կատարելու առումով:

Զեկույցը դրան էր վերաբերում և դա շատ կարևոր է, որպեսզի ցույց տալ, որ մեր երկիրը՝ Հայաստանը, նույն պատասխանատվությամբ է վերաբերում ոչ միայն դոնորների հետ աշխատանքին, նաև պարտավորություններն է կատարում:

Հայաստանին վերաբերող զեկույցը ներկայացրել եմ Բոննում տեղի ունեցող կողմերի կոնֆերանսում, զուգահեռ ընթացող աշխատաժողովի ժամանակ, որի բացումը և ղեկավարումը կատարվում է Կլիմայի փոփոխության մասին Միավորված ազգերի կազմակերպության շրջանակային կոնվենցիայի գործադիր քարտուղարը՝ Պարտրիցիա Էսպինոզան, ով ասաց, որ շատ կարևոր է, որ երկրները թափանցիկ հաղորդագրություններ ներկայացնեն, թափանցիկ տեղեկատվություն տան իրենց պարտավորությունների մասին, որովհետև կլիմայի փոփոխությունը հիմա դարձել է գոյատևման խնդիր:

Մենք ժամանակ չունենք, մենք ունենք 12 տարի, որպեսզի հասկանանք, արդյոք երկրագնդի գլոբալ ջերմաստիճանը 1.5 աստիճանից բարձրանալու է և կարող ենք դիմակայել, թե ոչ: Մեկ ու կես աստիճանից հետո շատ ավելի վտանգներ են սպառնում՝ թե համայնքների, թե արկտիկական սառույցներին:

Գլոբալ ջերմաստիճանի 1.5 աստիճան բարձրացումը ի՞նչ սպառնալիքներ է Հայաստանի համար:

Ջերմաստիճանի բարձրացումը Հայաստանի համար հիմնականում մեր լեռնային էկոհամակարգերի համար է վտանգավոր, որովհետև մեր հիմնական բնական ռեսուրսները, որն ապահովում են մեզ՝ ջուրը, գյուղատնտեսական արտադրանքը, մեր բնակավայրերը, փաստորեն 1000 մետրից ավելի բարձրության վրա են գտնվում և ենթակա են փոփոխություններին:

Փոփոխությունները կլինեն ռեժիմների, եղանակային փոփոխությունների, ինչպես նաև վտանգավոր հիդրոմետերոլոգիական երևույթների հաճախակիացման հետ:

Ներկայացված զեկույցը վերաբերում էր էներգետիկ ոլորտի քաղաքականությանն ու արդյունքներին, մենք հստակ ցույց տվեցինք, որ երկու տարվա ընթացքում մենք մեր պարտավորությունների մասով լրիվ ընթացքի մեջ ենք, որովհետև վերականգնվող էներգիայի զարգացման առումով էներգախնայողության որոշակի միջոցառումների արդյունքում մենք ունենք կրճատում:

Երկու տարի տաք ձմեռներ ունեինք, դա ազդե՞լ է արտանետումների կրճատման վրա:

Այո ազդել է: Շոգ ձմեռների հետ կապված մեր էլեկտրաէներգիայի ծախսը կրճատվել է, էներգետիկ արտանետումները պակասել են: Երկու տարի անընդմեջ ձմեռները տաք են և վառելիքի ծախսը ջեռուցման համար կրճատվել է:

Հայաստանն էլ ի՞նչ պարտավորություններ ունի։

Մենք պարտավորություն ունենք ցույց տալու, որ մեր անտառային ռեսուրսներն ավելացնում ենք, թե չէ: Այստեղ ուրախալի բան չեմ կարող ասել, որովհետև ոչ մի դրական միտումներ չկան անտառային տարածքների ավելացման կամ ապօրինի անտառահատումների սահմանափակման առումով: Եթե կան դրական միտումներ, դրանք գրանցված չեն, այսինքն տիեզերական լուսանկաներ չկան: Հայաստանը անտառային գույքագրում 1993թ-ից հետո չի արել:

Հայաստանում 1.23 աստիճանով բարձրացել է ջերմաստիճանը, ի՞նչ փոփոխություններ են կատարվելու, որոնք կապված են ջերմաստիճանի բարձրացման հետ:

Դա նշանակում է, որ մենք ավելի քիչ ջուր ենք ունենալու, ավելի քիչ տեղումներ՝ ձյան տեսքով, հորդառատ անձրևների քանակն ավելանալու է, ոչ անձրևային օրերի թիվը՝ նույնպես և դա տեղի է ունենալու բույսերի վեգետացիայի ակտիվ շրջանում՝ հունիս, հուլիս, օգոստոս ամիսներին:

Ջրապահանջարկն ավելանալու է և ջերմային ստերեսը բույսերի վրա՝ ևս: Նշանակում է մեր անջրդի հողատարածքները կդառնան ավելի անբարենպաստ, և մենք պետք է լուրջ վերաբերվենք մեր ոռոգման համակարգի փոփոխությանը, լուրջ վերաբերվենք, թե ինչ մշակաբույսեր են մշակվելու, ինչ ձևով ենք ոռոգում իրականացնելու:

Ի դեպ, կա նաև վնասատուների խնդիրը, որի աճը պայմանավորված է ևս շոգ եղանակներով:

Ֆերմերները բողոքում են, որ իրոք վնասատուների տարածվածության աճ է նկատվում, նաև նոր վնասատուներ են ի հայտ եկել, որոնք տարիներ առաջ էին միայն դիտվել:

Ֆիոտսանիտարիական հսկողության պակասն է նաև: Խորհրդային շրջանում հսկողությունը սահմանի խիստ էր, քան հիմա: Խիստ պայքար էր իրականացվում, դրանք արվում էին նաև հաշվի առնելով գիտական հետազտությունները, որոնց համար ֆինանսավորում առանձնապես այսօր չկա: Բույսերի պաշտպանության ինստիտուտ կար, որն այսօր գոյություն չունի:

Այսօր գիտական ուսումնասիրությունների կարիք կա, որ թերի է:

Իսկ հիվանդությունների էպիզոդիկ պայքարի միջոցները՝ այդքան արդյունավետ չեն, պայքարը պետք է արվի պետական մակարդակով, ոչ թե՝ ֆերմերների:

Վնասատուների տարածումը սահմաններ չի ճանաչում: Ինչ պետք է անի Հայաստանն այս պարագայում:

Աշխարհի 20 տոկոսը կարողանում է պայքարել, իսկ մնացած 80 տոկոսը մեզանից ավելի վատ վիճակում են: Մենք պետք է փոխենք մեր վարման ձևերը տարբեր ոլորտներում: Մենք պետք է մտածենք էլէներգիայի օգտագործման արդյունավետության մասին:

Եթե մենք խոսում ենք առողջապահությունից, հասկանում ենք, որ բարձր ջերմաստիճանի պայմաններում որոշակի հիվանդություններ զարգանում են, այսինքն Սանիպիտ ծառայության հսկողությունը պետք է խստացվի, բնակիչները պետք է ավելի պահանջատեր և պատասխանատու լինեն: Մեր աղբահանությունը պրոբլեմատիկ է:

Մենք սահմանափակում դնում ենք, թե ի՞նչ ենք գնում, ինչպես ենք տեսակավորում, ինչքան սնունդ են գնում, գուցե շատ ենք գնում՝ հետո թափում ենք:

Օրինակ մեկ-երկու հագուստը բավարար է, իսկ 10 հագուստը կարող է անիմաստ շռայլություն դառնալ: Խնայողություն է պետք՝ առանց հարմարավետության աստիճանի նվազեցման:

Իսկ գյուղատնտեսության առումո՞վ:

Գյուղատնտեսությունը մենք չենք կարող նույն ձևով շարունակել: Պետք է ջերմոցների, ինդուստրիալ այգիների, կաթիլային ոոգման, հակակարկտային ցանցերի կիրառման վրա հենվել:

Ֆերմերները երբեմն այդ ամենը չեն կարող անել, նրանք հազիվ կարողանում են բերքն ապահովել մինիմալ ծախսերով, սակայն պետք է մտածել գյուղատնտեսության զարգացման մասին և պետք է մտածել կոոպերացիաների մասին:

Մենք նախկին ձևով չենք կարող տնտեսվարել:

Գոհար Ատեփանյան

Նույն շարքից