Հասարակություն Հարցազրույց 

Շրջակա միջավայրի նախարարությունն ամուլ կառույց է. Նախարարի նախկին տեղակալ

analitik.am

Analitik.am-ի զրուցակիցն է Շրջակա միջավայրի նախարարի նախկին տեղակալ Այսեր Ղազարյանը:

Պարոն Ղազարյան, Շրջակա միջավայրի նախարարությունը պիլոտային ծրագիր է իրականացնում և թույլատրում է սիգի արդյունագործական որսը, ձկնապաշարը բավարա՞ր է որսի համար

Շրջակա միջավայրի նախարարությունը պետք է հիմնվի համապատասխան ինստիտուտների եզրակացության վրա, եթե Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնն ասում է չափաքանակն այդքան չի, չկա հավասարազոր այլ մարմին, որը կարող է ձկնապաշարների վերաբերյալ կարծիք տալ: Իսկ մնացած խոսակցությունները ենթադրության մակարդակում են, որևէ մեկը նույնիսկ ձկնորսները, ովքեր ամեն օր մտնում են լիճ, իրենց ասած թվերը չեն համապատսխանում իրականությանը, ենթադրություններ են:

Ձկնապաշարների մասով, համապատասխան օրենսդրությունն ասում է, թե ինչպես պետք է հաշվառում արվի, համաշխարհային պրակտիկա է, թե ինչպես են գնահատում ձկնապաշարները: Գնահատման արդյունքի հիման վրա՝ բխեցնում են  համապատասխան տնտեսվարման գործողությունները: Եվ եթե Կենդանաբանության և հիդոէկոլոգիայի գիտական կենտրոնը եզրակացություն է տվել, որ սիգի պաշարներն արդյունագործական չափաքանակի չեն, Շրջակա միջավայրի նախարարությունն իրավունք չունի անտեսելու այդ փաստը:

Փաստորեն անտեսում է, ինչո՞ւ

Կրկնում եմ, իրավունք չունի, որովհետև Կենդանական աշխարհի մասին օրենքում և համապատասխան ենթաօրենսդրական ակտերում հստակ նշված է և կան պաշարների հաշվառման կարգ, մոնիթորինգի կարգ կա և այլն:

Հստակ գրված է, ինչ պետք է  անի և բխեցնի համապատախսան գործողությունները և այնտեղ նշված է, որ բնապահպանության նախարարությունը ժամանակին պետք է երրորդ կողմից գիտական ինստիտուտների ծառայություններին բյուջեից գումար հատկացնի, կատարվեն ուսումնասիրություններ, իսկ ԲՆ-ն իր համապատասխան ստորաբաժանումներով պետք է կատարի հաշվառում և կադաստր վարի և դուրս բերի չափաքանակները, այս դեպքում՝ սիգի, խեցգետինի: Ես այլ տարբերակ չգիտեմ, եթե մարդիկ գիտեն՝ ես չգիտեմ:

Գեղարքունիքի մարզպետը ևս կողմ է, որ թույլատրվի սիգի արդյունագործական որսը

Գնել Սանոսյանի և մյուսների հիմնական շահագրգռվածությունն այն է, որ խթանման մեխանիզմ ստեղծեն ապօրինի ձկան որսի նվազման համար և որոշ մարդիկ գան օրինական դաշտ և դաշտը կարգավորվի:

Սակայն այսօր մեր լիազորված մարմիները լուրջ խնդիրներ ունեն մոնիթորինգի, կադաստրի վարման, հաշվառման, թույլտվությունների համակարգի հետ և  ցանկացած նման գործողություն կարող է վիժեցվել, եթե դա խթանման մեխանիզմ է, որ գալիս է ապօրինությունները նվազեցնելու:

Մեր պետական կառույցները չեն կայացել, այսօր եթե համապատասխան մարմիններն ի վիճակի չեն այդ գործողություններն անելու, դաշտը կարգավորելու, ապա ցանկացած գաղափարի դեպքում կարող են վտանգավոր զարգացումներ լինեն:

Դաշտը կարգավորված չի, ես այդ հարցով սկեպտիկ եմ:

Սևանի ձկնապաշարի ուսումնասիրությունը և հաշվառումն իրականացնում է Կենդանաբանության և հիդոէկոլոգիայի գիտական կենտրոնը, սակայն ՇՄ նախարարությունից կարծես թե նրանց տվյալներին չեն հավատում

Ուսումնասիրությունների հետ կապված խնդիրներ կան: Հաշվառումը լիազորված պետական մարմնի գործողություն է, բայց իրենք ծառայությունը տվել են Կենդանաբանության և հիդոէկոլոգիայի գիտական կենտրոնին, որի իրավունքը չունեն, դա պետական լիազորոված մարմնի գործառույթ է, եթե տալիս են երրորդ կողմին, դա կառավարոթւյան որոշումով պետք է արվի, իսկ երրորդ կողմին, ըստ Կենդանական աշխարհի մասին օրենքի, պետք է  տալ միայն ուսումնասիրությունները:

Նույնիսկ նախարարը խառնում էր, ԱԺ-ում Էրիկ Գրիգորյանը խոսում էր, որ երբևիցե հաշվառում չի արվել՝ կենդանական, բուսական: Ենթադրում եմ, նկատի ուներ ուսումնասիրությունը: Եթե դուք չունեք գնահատման տվյալ՝  դուք չեք կարող հաշվառում անել, հաշվառումը պետք է կատարել 5 տարին մեկ անգամ Կենդանական աշխարհի մասին օրենքով:

Գնահատում և հաշվառում հասկացությունենրը նախարարը խառնում էր, հաշվառումը պետք է կատարի ՇՄ նախարարության Կենսառեսուրսների վարչությունը: Նշանակում է, որ այստեղ շղթան խախտվում է, իրավիճակային կառավարման ևս մեկ օրինակ է և ցանկացած փոփոխություն կբերի լուրջ խնդիրների:

Կարծում են, որ պիլոտային ծրագրով ապօրինության որոշ մասը կբերեն օրինական դաշտ, սակայն դա չի աշխատելու: ՇՄ նախարարությունը ամուլ կառույց է և նման կառույց ի վիճակի չի որևէ լուրջ գորոծղություններ, նոր նախաձեռնութուններով կարգավորել ոլորտը: Ավելի շատ ապօրինության դաշտում է նախարարությունը:

Մարդիկ, ովքեր նստած են ՇՄ նախարարությունում, մասնավորապես նախարարը հին ուժի ներկայացուցիչ է: Երբ Սևանի ջրառը հասցրեցին 270 մլն, իսկ ինքը որևէ խոսք չասաց, նա ուղղակի պիտի հրաժարական տար, ի դեպ, ինքը ոլորտի մարդ չէ, տնտեսագետ է: Ժամանակին Կարեն Կարապետյանը Սևանից ջրառը հասցրեց 270 մլն-ի և Սևանա լիճը հասցրեցին սթրեսային վիճակի, իսկ հիմա Էրիկ Գրիգորյանն այդպես է պահում, որ ինքը ժամանակին այդ ամենի մեջ չի եղել:

Ի՞նչ հետևանքներ կունենա Սևանի համար արդյունագործական որսը

Կառավարությունը պետք է 10 չափի հետո կտրի: Պետք է շատ զգույշ լինել, մեկ անգամ սխալը հետո՝ տարիներ շարունակ չեն կարողանա դա ետ բերել, պետք է  հասկանալ, թե ինչ կարողություններ, հնարավորություններ ունեն՝ սիգի արդյուանգործական որս թույլատրելու համար:

Տարի ու կես է ապօրինի ձկնորսությամբ զբաղվողները որևէ խնդիր չեն ունեցել, եթե ընդունենք, որ արդյունագործական որսը դադարեցված է, և պարագաները՝ նավակները, ժամանակավոր կացարանները մասսայական լճի ափերին են և դրանց նկատմամբ ոչինչ չի արվում, նշանակում է ոլորտում բարձիթողի վիճակ է:

Եթե այդ վիճակն է, ինչ կապ ունի՝ թղթով է, թե առանց թղթի է: Ուղղակի որոշ մարդիկ փորձում են ապահովագրել իրենց: Խնդիրը թղթի մեջ է:

Ինչո՞ւ է անհրաժեշտ նման թղթաբանությունը

Սիգի արտահանվում էր և երբ այդ խոսակցություններն ակտիվացան, մարդիկ, ովքեր արտահանումով էին զբաղված. մաքսատնով ձուկ էր անցնում առանց թղթաբանության, պետք է ցույց տան, որ ձուկը դուրս է գալիս լճից, ապա մաքսայինը և ՊԵԿ-ը խնդիրներ չեն ունենա, նախկինում գողոնը դուրս էր գալիս երկրից մաքսանենգ ճանապարհով, այժմ՝ թղթաբանությամբ դուրս կգա:

Արտահանման ծավալները մեծ ծավալների էր հասել և իքս մարդկանց պետք էր թղթաբանություն:

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից