Հասարակություն Հարցազրույց 

Արփի լճում խնդիրները խաչվում են և բաժանվում. Ինչպես են միմյանց հանդուրժում Ջրպետկոմ-ը և Շրջակա միջավայրի նախարարությունը

analitik.am

Արփի լիճը կամ ջրամբարը գտնվում է Շիրակի մարզում, սահմանակցում Թուրքիայի և Վրաստանի հետ, լիճը ծովի մակերևույթից գտնվում է 2023 մետր բարձրության վրա:

1946 թվականից 1951 թվականներին լիճն արհեստականորեն մեծացվել է՝ ջրային ռեսուրսների կուտակման նպատակով: Շահագործման է հանձնվել 1951-ին։

Այսպիսով Արփի ջրամբարի մակերևույթը հասել է մինչև 22  կմ², միջին խորությունը՝ 4,2 մ,  առավելագույնը՝ 8 մ, իսկ ջրի ծավալը հասել է  100 միլիոն մ³: Ջրամբարի երկարությունը 7,3 կմ է, լայնությունը՝ 4,3 կմ։ Արփի լիճը եզակի է նրaնով, որ և լիճ է և ջրամբար: Ջրային ավազանի պատասխանատվությունն, ըստ այդմ, կիսվում է, որպես ոռոգման ջուր Ջրպետկոմն է հետևում, որպես պահպանվող տարածք, քանի որ ունի պահպանվող տարածքի կարգավիճակ՝ Արփի լիճ ազգային պարկ, Շրջակա միջավայրի նախարարությունը:

Analitik.am-ը զրուցել է Արփի լիճ ազգային պարկի տնօրեն Հովսեփ Սիմոնյանի հետ:

Արփին և՛ լիճ է, և՛ ջրամբար, ինչպե՞ս եք համատեղ լուծում երկու գերատեսչությունների միջև բաժանված պարտավորությունները

Քանի որ Արփին ջրամբար է, թույլատրվում է ջուրը ոռոգման համար օգտագործել: Ի սկզբանե բնական լիճ է եղել, երբ պատվարը կառուցել են դարձել է ջրամաբար, և ջրթող են կազմակերպել: Ջրի բացթողնման հետ կապված լիճն ունի մի քանի խնդիր, նախ և առաջ ձկնատեսակների հարցն է: Ջրթողի սկզբին ձկան տեսակ ունենք, որ ձվադրում է լճի ափերին՝ մայիս-հունիս ամիսների, եթե կարողանան ձկնատեսակի ձվադրման պրոցեսի ժամանակ ջրթող չկազմակերպել, ապա ձկնատեսակի՝ սազանի, պահպանման հարցը կլուծվի:

Երբ ջուրը նվազում է, իսկ ձկնկիթը դեռևս մանրաձուկ չի դարձել, ապա ձկնկիթները չորանում են արևի տակ: Խնդիրը 15 օրվա մասին է, այս տարի խնդիր չենք ունեցել, ջրի մակարդակը բավականին բարձր էր, ջրթողն ուշ սկսվեց հունիսին, և մանրաձկան սերունդը փրկվեց: Ջրթողի խնդիրը միայն սրա հետ է կապված: Ամենակարևոր խնդիրներից է կղզիների խնդիրը: Ունենք 2 կղզի, որոնք ջրթողից հետո դառնում են թերակղզիներ, իսկ այն թռչունները, հիմնականում որորները, որոնք բնակվոմ են կղզիների վրա, արդեն գազանների համար դառնում են հասանելի:

Հիմնականում աղվեսներն են մտնում տարածք, այս տարի նաև գայլեր են երևացել տեղանքում, որոնք նախկինում չէին երևում: Այս տարի գայլերն անգամ ձիու քուռակ են հոշոտել: Իսկ աղվեսները թերակղզիներ մտնելուց ուտում են թռչունների ձագերին, բներն ավերում են: Եթե կարողանանք անվտանգության սահմանը պահել, թռչուններին վնաս չի լինի:

Մենք անգամ կղզինիներ հազվադեպ ենք մտնում, քանի որ արգելոց է:

Լճում ջուրը պետք է 30 մլն խմ-ից չնվազի, հիմա արդեն 32 մլն խմ է և ջրթողը շարունակվում է, հուսանք կղզիները թերակղզի չեն դառնա այս տարի: Ազգային պարկի խնդիրը՝ կապված ջրթողի հետ, այս երկուսն են և Ջրպետկոմի հետ տարաձայնություններ ունենք:

Ջրպետկոմի հետ ինչպե՞ս եք աշխատում

Երբ Ջրպետկոմը կազմակերպում է ջրթողը, համատեղ կապարակնիքում են, նախարարության ներակայացուցչի հետ համատեղ որոշում են ջրի չափը, ինչքան ջրթող պետք է լինի, ըստ այդմ՝ չափում են և կնքում, այդ չափով էլ ջուր են բաց թողնում:

Ե՞րբ է եղել լճի ամենացածր մակարդակը

2017 թ-ին, երաշտային տարի էր, ունեցել ենք նաև կենդանիների կորուստ, աղվեսները մտել էին թերակղզի և որոներին կերել, վնաս էին տվել:

Ախուրյան գետի վրա ՀԷԿ-եր կան, ինչպե՞ս եք աշխատում ՀԷԿ-երի հետ, քանի որ լուրեր էին պտտվում, թե նախկինում լճից ամբողջ տարին ջրթող էր իրականացվում ՀԷԿ-երի աշխատանքն ապահովելու համար: Ի՞նչ վիճակ է հիմա

Ես ՀԷԿ-երի մասով չանդրադառնամ։ Պետք է խոսել այն մասին, ինչի մասին գիտենք։ Ես որևէ պատկերացում չունեմ այն ամսին, թե ՀԷԿ-երին ինչքան ջուր են տալիս: Ես միայն կարող եմ ասել, որ Արփի լճից ջուրը բաց է թողնվում ոչ թե ՀԷԿ-երի համար, այլ՝ ոռոգման սեզոնը սկսվելուց հետո՝ գյուղաշխատանքների հետ կապված:

Ես չունեմ տեղեկություն այն մասին, թե լճից ջուր է բաց թողնվել ՀԷԿ-երի աշխատանքն ապահովելու համար:

Տեղեկություն կա, որ ձմռանը ևս ջրթող են կատարել, դուք տեղյա՞կ չեք

Ես արդեն երեք տարի է տնօրեն եմ աշխատում, իմ ժամանակ նման բան չի եղել: Մենք ինչ-որ տեղ հավատներս կորցրել ենք ամեն ինչի նկատմամբ, անգամ եթե ճշմարտությունն ենք ասում, դրա մեջ փորձում են այլ բան տեսել:

Ես չեմ հասկանում ինչու պետք է Ախուրյան գետի վրա այդ քանակությամբ ՀԷԿ-եր դրվեր, վերջապես ճիշտը ո՞ր քանակությունն է, և քանի ՀԷԿ կարող է գետի վրա աշխատել: Ես չգիտեմ որտեղից է սխալը եկել: Հիմա նրանք էլ են տնտեսվարող սուբյեկներ, իրենք էլ հոսանք են արտադրում: Ուղղակի պետք է հասկանալ, թե ինչպես աշխատենք և վնաս չտանք: Այստեղ խորը ուսումնասիրություններ պետք է արվեն:

Ես ինձ իրավունք չեմ վերապահում խոսել մի բանի մասին, ինչից տեղյակ չեմ: Դա ջրի տնօրինման ոլորտն է:

Ի՞նչ եք պահպանում ազգային պարկի տարածքում

Դարևսկու իժ, որն էնդեմիկ է և բնակվում է Ղազանչիի տարածքում: Մենք ունենք մի քանի տեղամաս։ Դարևսկու իժը բնակվում է  արևելյան տեղամասում: Կարմիր գրքում գրանցված դեղին կոկոռը կամ ջրաշուշան ենք պահպանում, տարածքը նույնպես արգելոց է:

Դեղին կոկոռը գտնվում է Արդենիսի տարածքում, ջրի մեջ, դա Ախուրյան գետի հին հունն է: Կոկոռ կարծեմ միայն Սևանի տարածքում կա ու Արփի լճում:

Լճի տարածքում գանգրափետուր հավալուսն ունենք, որոներն են բնադրում: Եթե կղզիները մնան կղզիներ, հույս ունենք հավալուսները կմնան, չեն չվի: Կղզիներն, ի դեպ, արգելոցային գոտում են, և մենք պահպանում ենք կղզիների բնական պայմանները: Ախուրյանի կիրճում, Սեպասարի տարածքում սև արագիլներ ունենք: Լճում ձկան 8 տեսակ կա, որը թույլատրվում է միայն կարթով որսալ:

Արփի լիճ նաև զբոսաշրջիկնե՞ր են այցելում

Այո, մեզ մոտ գալիս են տարբեր երկրներից, գալիս են հիմնականում այն մարդիկ, ովքեր հետաքրքրված են վայրի բնությամբ և կարող են կտրվել առօրյայից:

Մենք ունենք համապատասխան երթուղիներ, որոնք էլ հետաքրքրում են զբոսաշրջիկներին, տարեցտարի նրանց թիվն ավելանում է: Զբոսաշրջիկները գալիս են հեծանիվներով, վայելում բնությունը, վայելքների այլ տեսակներ մենք չունենք՝ միայն վայրի բնությունը, որն էլ գրավում է մեր զբոսաշրջիկներին:

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից