Միջազգային 

Թուրքիան և «Իսլամական պետությունը». վերլուծաբան Վիգեն Չետերյանի անդրադարձը

analitik.am

Թուրքիան ստիպված է միանալ «Իսլամական պետություն» խմբավորման դեմ ռազմական արշավին: Անկարայի անորոշությունն արմատական «Իսլամական պետության» նկատմամբ ունի խորը քաղաքական, ինչպես նաև պատմական արմատներ,բրիտանական Open Democracy կայքում գրում է հայտնի վերլուծաբան Վիգեն Չետերյանը:

 

Հոդվածագրի խոսքով՝ 2011 թվականին Սիրիայում սկսված քաղաքացիական պատերազմին մասնակցելու համար օտարերկրացի զինյալներն առանց թուրքական ոստիկանության կողմից որևէ խոչընդոտի Թուրքիայով մեկնում էին Սիրիա: Թուրքական և ամերիկյան ԶԼՄ-ները սկսել են տեղեկություններ հրապարակել, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությունն այդ տարիներին որոշել է մարդասիրական օգնություն ուղարկել Սիրիայում ակտիվ ծայրահեղ իսլամիստական խմբերին, որոնք կապված էին «Ալ Կաիդայի», իսկ այժմ արդեն նաև «Իսլամական պետության» հետ:

 

Թուրքիան, օգնություն տրամադրելով Սիրիայի ապստամբների միջից սալաֆի ջիհադիստներին, գիտակցված ընտրություն է արել՝ ուժեղացնելով նրանց միջից ամենածայրահեղական ուժերին՝ այդպիսով նպաստելով «Իսլամական պետության» հայտնվելուն, նշում է Չետերյանը՝ հավելելով, որ սեպտեմբերի 20-ին «Իսլամական պետության» կողմից պատանդ պահվող 49 թուրքերի ազատ արձակումը կարող է վկայել գոյություն ունեցող հարաբերությունների մասին:

 

Անկարան իր քաղաքականության հարցում, որն օգնել է «Իսլամական պետության» աճին, մի քանի հաշվարկներ ունի, որոնցից է Բաշար ալ Ասադի վարչակարգի տապալումը, սիրիացի քրդերի շրջանում ռազմական PKK-ի ազդեցության թուլացումը, ինչպես նաև որոշ արաբական պետությունների (հիմնականում՝ Կատարի) հետ դաշինքի ուժեղացումը:

 

Հոդվածագրի համաձայն՝ «Իսլամական պետության» ներկայիս գործադրած բռնությունները բացառիկ և նոր չեն, այլ ծագում են Օսմանյան կայսրության քաղաքականությունից: «Իսլամական պետության» կիրառած մեխանիզմներն օգտագործվել են դեռևս 1914-1918 թվականներին: Չետերյանը հիշատակում է Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև ասորիների, եզդիների, քրդերի կոտորածները, որոնք նաև շարունակվել են հետագա տարիների ընթացքում Թուրքիայում և Իրաքում, և նշում, որ դրանք չեն դատապարտվել նոր իշխանությունների և միջազգային հանրության կողմից և, փոխարենը, մոռացության են մատնվել:

 

«Իսլամական պետության» առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի՝ խալիֆայություն ստեղծելու հայտարարությունը Օսմանյան կայսրության կորուստը վերականգնելու նրա ցանկության արտահայտությունն է:

 

«Իսլամական պետության» բռնությունները սարսափելի են, բայց նոր չեն Միջին Արևելքի համար: «Իսլամական պետությունը» կարող է պարտվել, եթե միայն նրա գործողությունները որակվեն որպես հանցագործություն և անընդունելի համարվեն: Թուրքիան բարոյական պարտավորություն ունի այժմ՝ դատապարտել և՛ անցյալի, և՛ ներկայի կոտորածները»,- եզրափակում է հոդվածագիրը:

Նույն շարքից