Հայաստան 

Մերժել ինքնորոշման իրավունքը նշանակում է պատճառ հանդիսանալ նոր հակամարտությունների. Նալբանդյան

analitik.am

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը կարծում է, որ ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները պաշտպանող երկիրը չի կարող դեմ դուրս գալ ազգերի ինքնորոշման իրավունքի իրագործմանը: Նոյեմբերի 3-ին ԱԳՆ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտաքին գործերի Եվրոպայի հարցերով պետական նախարար Դեյվիդ Լիդինգթոնի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտնեց նախարար Նալբանդյանը: «Դեմ դուրս գալ կամ անտեսել ինքնորոշման իրավունքը, դա նույնն է, թե հակադրվել էվոլյուցիային»,-ասաց նախարարը:


Նախորդ շաբաթվա ընթացքում հրապարակվեց ՄԱԿ-ի փորձագիտական զեկույցը, որում հստակորեն նշվում էր, որ տևական խաղաղությունը հնարավոր չէ առանց ազգերի ինքնորոշման իրավունքի իրագործման:


«Կարող եմ ասել, որ մենք մշապես նշել ենք և ընդգծում ենք, որ ինքնորոշման իրավունքի իրագործումը պատճառ չէ տարբեր կոնֆլիկտների, այլ հակառակը` դրա իրականացման խոչընդոտումն ու մերժումը ստեղծում է համապատասխան պարարտ հող կոնֆլիկտների համար: Մենք մշտապես ասել և ասում ենք, որ ինքնորոշման իրավունքի իրագործումը կարող է կանխարգելիչ լինել նոր կոնֆլիկտների համար և ծառայել թե միջազգային, թե տարածաշրջանային խաղաղության հաստատմանն ու ամրապնդմանը: Այս մասին է խոսում նաև այդ զեկույցը»,- նշեց Էդվարդ Նալբանդյանը:


Նախարարի խոսքով` նույն ինքնորոշման իրավունքի իրագործման մասին է խոսում այն, որ միջազգային հարաբերությունների համակարգը, այդ թվում` 193 անդամ-երկրներով Միավորված ազգերի կազմակերպությունը, գոյություն ունի: «Քանի երկիր է եղել ՄԱԿ-ի հիմնադրման ժամանակ` 51 երկիր: Այսօր այդ թիվը համարյա թե քառապատկվել է: Կարելի է միանշանակ ասել, որ այդ կարևոր զեկույցը ևս մեկ անգամ հաստատում է այն մոտեցումները, որ Հայստանն ունեցել և ունի այդ հարցի վերաբերյալ, բայց ոչ միայն Հայաստանը, այլև միջազգային հանրությունը, բազմաթիվ երկրներ: Չի կարող պատահել մի երկիր, որտեղ պաշպանվում են ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները, եւ որը դուրս գա ինքնորոշման իրավունքի դեմ»,-նշեց ԱԳ նախարարը` հավելելով, որ վերջին օրինակն էլ Մեծ Բրիտանիան էր, երբ Շոտլանդիայում անցկացվեց հանրաքվե:

Նույն շարքից