Գլխավոր Հասարակություն Հարցազրույց 

Տրանսսեքսուալ ծնվում են, ոչ թե դառնում. Ե՞րբ է առաջանում սեռափոխության խնդիր անհատի մոտ. Պարզաբանում է մասնագետը

analitik.am

Analitik.am-ի զրուցակիցն է սեքսոպաթոլոգ, բ.գ.թ., դոցենտ Վրեժ Շահրամանյանը:

Վերջին շրջանում սեռափոխության թեման ակտիվ քննարկվում է։ Դուք որպես սեքսոպաթոլոգ, ինչ եք կարծում՝ քննարկումները ճի՞շտ ուղղությամբ են գնում:

Այս թեման, ցավոք, դարձել է վերջին օրերի ամենաքննարկվողներից մեկը: Առհասարակ, նմանատիպ թեմաները սիրողական մակարդակով չի կարելի անզգուշաբար հնչեցնել կամ քննարկել՝ չմտածելով հետևանքների մասին։ Իսկ հետևանքները կարող են բավականին փշոտ լինել։ Առավել ևս մերժելի է բժշկական խնդրին քաղաքական երանգավորում տալը և թացը չորի հետ խառնելը: Նման անզգույշ և ոչ մասնագիտական գնահատականներ հնչեցնելու արդյունքում  հանրությունը հայտնվեց լարվածության և ապատեղեկատվության մթնոլորտում:

Ընդհանրապես, նման թեմաների համառ և տևական քննարկումն անցանկալի է և վտանգավոր, քանի որ հաճախ արդյունքում մասնագիտական և սիրողական կարծիքները միախառնվում են՝ ստեղծելով քաոսային տհաճ իրավիճակ: Յուրաքանչյուր ոք պետք է զբաղվի իր գործով և անհրաժեշտության դեպքում հնչեցնի միայն մասնագիտական կարծիք։

Ե՞րբ է առաջանում անհատի մոտ սեռափոխության խնդիրը:

Սեռափոխության ցանկությունն առաջանում է, որպես կանոն, տրանսսեքսուալության ժամանակ։ Դա հակառակ սեռի կերպարով ապրելու և շրջապատի կողմից այդպիսին ընդունվելու ցանկությունն է, որն  ուղեկցվում է սեփական անատոմիական կառուցվածքի անհարմարավետության և անհամապատասխանության զգացումով:

Երեխաները ցանկություն են հայտնում, որ իրենց անվանակոչեն հակառակ սեռի անուններով: Հասնում են նրան, որ կրում են չեզոք սեռի հագուստներ: Վարքային այս դրսևորումները ծնողների կողմից վերագրվում են այս տարիքին բնորոշ երեխայական չարաճճիությանը և կամակորությանը:

Բայց ի վերջո, սեռափոխության հարցն ի ծնե՞ է, թե դրսևորվում է կյանքի ընթացքում:

Տրանսսեքսուալությունն առաջանում է հիմնականում ներարգանդային կյանքում տեղ գտած որոշ պրոցեսներից, երբ ինչ-ինչ պատճառներով տուժում է պտղի ուղեղային որոշ կառույցների ձևավորումը: Այս առումով շատ կարևոր է հղիության ներդաշնակ և անցնցում ընթացքի ապահովումը: Այս առումով պետք է հասկանալ, որ տրանսսեքսուալ ծնվում են, ոչ թե դառնում։

Որո՞նք են այն չափորոշիչները, որոնք հատուկ են տրանսսեքսուալությանը:

Գոյություն ունեն չափորոշիչներ, որոնք հստակ բնորոշ են տրանսսեքսուալությանը՝ հակառակ սեռին պատկանելու  զգացողություն, համոզվածություն, որ ինքը ծնվել է սխալ սեռի: Սեփական մարմնի նկատմամբ օտարացում, զզվանք իր ֆիզիկական տվյալների հանդեպ՝ համարելով դրանք արատ։ Մեծ ցանկություն ամեն գնով ձեռք բերել հակառակ սեռի տվյալներ։ Հակառակ սեռի կերպարով ընդունվել հասարակության կողմից։

Հակառակ սեռի ներկայացուցիչ ընդունվելու ուժգին ցանկությունը տրանսսեքսուալին ստիպում է դիմել վիրահատական միջամտության և փոխել սեռը:

Բացի վիրահատական միջամատությունից, տրանսսեքսուալության ուրիշ ի՞նչ դրսևորումներ են ի հայտ գալիս:

Տրանսսեքսուալները շատ ծանր են տանում երկրորդային սեռական հատկանիշների ի հայտ գալը:

Բինտերի օգնությամբ շեքին են ֆիքսում սեռական անդամը, որպեսզի այն լինի աննկատելի: Եվ վերջապես, համենայնդեպս, ամենածանր պահն այս շրջանում առաջին սիրահարվածությունն է իր սեռի ներկայացուցչին:

Հոգեկան աշխարհը փոխվում է, ի հայտ են գալիս ֆանտազիաներ, էրոտիկ մտքեր, տառապանքներ, տանջանքներ:

Մեծահասակների կողմից այս ամենն արժանանում է նեգատիվ վերաբերմունքի: Սակայն  պետք է հասկանալ, որ սա լրջագույն խնդիր է, և անձն ամենևին մեղավոր չէ, որ այդպիսին է։ Պետք է ըմբռնումով մոտենալ հարցին։

Ընդհանրապես, պետք է իմանալ, որ՝ տրանսսեքսուալության դեպքում ժամանակ անձն իրեն զգում է հակառակ սեռի մարմնում: Տրանսվեստիզմ դեպքում գրգռվելու նպատակով անձը կրում է հակառակ սեռի հագուստ: Հոմոսեքսուալության դեպքում անձի սեռական ցանկությունն ուղղված է նույն սեռին:

Ե՞րբ են սրվում տրանսսեքսուալության միտումները:

Տրանսսեքսուալության դրսևորումները սրվում են սեռական հասունացման շրջանում, և սեռային ինքնագիտակցության ու սեփական մարմնի անհամապատասխանության զգացումը դառնում է անտանելի:

Երկրորդային սեռային հատկանիշների զարգացումն ընկալվում է ամոթի զգացումով:

Հագուստի ընտրությունը կատարվում է այնպես, որպեսզի առավելագույնս հնարավորին դառնա անատոմիական սեռի քողարկումը: Նմանօրինակ լարված կենսակերպը կարող է բերել սուիցիդալ մտքերի:

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից