Քաղաքականություն 

Թուրքիա-2014. ամփոփելով տարին. ՄԱՍ 1

analitik.am

 

2014 թվականը ծանր տարի էր Թուրքիայի համար, որտեղ արդեն ավանդական քրդական հուզումներին գումարվեց «Իսլամական պետություն» գլուխկոտրուկը, երկիրը ցնցեցին հանքերում հարյուրավոր մարդկանց մահվան պատճառ դարձած աղետները: Տարին հետաքրքրական էր նաև հայկական տեսանկյունից. Էրդողանը հանդես եկավ ապրիլքսանչորսյան ուղերձով, ինչպես նաև շարունակեց 2013-ի դեկտեմբերից ընթացող պայքարը գյուլենականների դեմ:


Թուրքիայում անցնող տարում արձանագրված կամ ընթացող կարևորագույն զարգացումներն ու իրադարձություններն առավել մանրամասնորեն քննենք:


 

Էրդողանի ապրիլքսանչորսյան ուղերձը


2014 թվականի ապրիլի 24-ի նախօրյակին Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի անունից տարածվեց աղմուկ բարձրացրած հաղորդագրությունը, որտեղ «ցավակցություն էր հայտնվում հայերին»: Հայտարարությունը յոթ լեզվով էր, ինչն էլ վկայում էր, որ այն ուղղված է ոչ միայն թուրքական և հայկական լսարաններին, այլ նաև միջազգային խնդիրներ է լուծում: Էրդողանի ուղերձը մի շարք լրատվամիջոցներ ու շրջանակներ շտապեցին որակել որպես «ցավակցություն» Ցեղասպանության համար, սակայն այնտեղ ցեղասպանության որևէ հիշատակում չկար: Միջազգային մի շարք կառույցներ շտապեցին Էրդողանի քայլը դրական առաջընթաց որակել, սակայն իրականում թուրքական իշխանությունների այս քայլը Ցեղասպանության հարցում ժխտողական քաղաքականության արտացոլումն էր: Պաշտոնական Անկարան վերջին տարիներին փոխել է մարտավարությունը, փորձում է խիստ ժխտումից անցում կատարել ավելի ժամանակակից և արդյունավետ միջոցների, այն է` Ցեղասպանությունը կոչել այլ բառերով: Թուրքական կողմն ակտիվորեն կիրառում է «ընդհանուր ցավի» թեզը,  որն ամբողջովին արտացոլվեց նաև Էրդողանի ուղերձում: Ըստ «ընդհանուր ցավի» թեզի` «Առաջին աշխարհամարտի տարիներին ցավալի դեպքեր են եղել, որին զոհ են գնացել ոչ միայն հայերը, այլ նաև թուրքերն ու այլ մուսուլմաններ, իսկ այդ ցավը բոլորինն է»։ Այսպիսով, Թուրքիան խուսափում է հայերի զանգվածային կոտորածներն ու հայրենազրկումը կոչել ցեղասպանություն, ինչպես նաև փորձում է հայերի «ցավը» տեղավորել Առաջին աշխարհամարտի շրջանակներում և հավասարեցնել թուրքերի կորուստներին, ինչը որևէ աղերս չունի իրականության հետ:


Այսպիսով, թուրքական կողմը կարողացավ հասնել իր խնդիրներից մեկին, այն է` միջազգային ասպարեզում ժխտման այս նոր մոդելը ներկայացնել որպես ցավակցություն և դրական քայլ: Այս քաղաքականությունն էլ Անկարան շարունակելու է 2015 թվականին:

 

Թուրքիա-«Իսլամական պետություն» հարաբերություններն ու քրդական հուզումները


Մերձավոր Արևելքը 2014 թվականի հունիսից ռազմաքաղաքական տեսանկյունից այլևս նախկինը չէ: «Իսլամական պետություն» իսլամիստական խմբավորումը, որ մինչ այդ ակտիվ գործում էր Սիրիայում, իր գործողությունները հաջողությամբ շարունակեց Իրաքի հյուսիսային սուննիաբնակ հատվածում` իր վերահսկողության տակ վերցնելով նավթով հարուստ շրջաններ: Այսպիսով, ԻՊ-ը ոչ միայն հարևան է Թուրքիային Սիրիայի հետ սահմանի հակառակ կողմում, այլ նաև Իրաքի հատվածում:


Սիրիայի ներքին հակամարտության գրեթե սկզբից Անկարայի և ԻՊ-ի միջև ձևավորվել էին արտաքինից թշնամական հարաբերություններ: Եվ եթե կային փաստեր, թե, ասենք, հակաասադական այլ խմբավորումներն աջակցություն էին ստանում Թուրքիայից, ԻՊ-ի դեպքում պատկերն այլ էր:


Այնուամենայնիվ, ԱՄՆ Սենատի մակարդակով խոսակցություններ էին շրջանառվում, թե Թուրքիան ոչ միայն գնում է նավթ ԻՊ-ից, այլև հանդիսանում է տարանցիկ երկիր այդ նավթի համար: Թուրք-ԻՊ  ընդհանուր շահերում է տեղավորվում նաև քրդական հարցը:  Հայտնի է, որ երկու այս ուժերի համար ընդհանուր թշնամի են քրդերը:


Թուրքիայի` Սիրիայի քրդաբնակ Քոբանիի համար պայքարում, մեծ հաշվով, ԻՊ-ին աջակցող և հակաքրդական մոտեցման հետևանքով 2014-ի հոկտեմբերին Թուրքիայում սկիզբ առան քրդերի հուզումները: Քրդերը մեղադրում էին Անկարայի ԻՊ-ին աջակցելու և քրդերի դեմ հերթական քայլերն իրականացնելու համար: Անկարան փակել էր Քոբանիին մոտ սահմանի հատվածը և թույլ չէր տալիս քրդական ուժերին աջակցել սահմանից այն կողմ իսլամիստների դեմ պայքարող իրենց հայրենակիցներին: Այս ամենից վրդովված քրդերի բախումները թուրք իրավապահների հետ դարձան շուրջ 4 տասնյակ զոհերի պատճառ:


 Այսպիսով, կարելի է ասել, որ թեև Թուրքիան, տուրք տալով միջազգային հանրությանը, իր արևմտյան դաշնակիցների հետ հարաբերություններին, ունի արտաքնապես լարված և վատ հարաբերություններ ԻՊ-ի հետ, բայց և Թուրքիայի ու «խալիֆայության» ճանապարհները խաչվում են, երբ խոսքը գնում է Ասադի` իշխանությունից հեռացնելուն, նավթին և քրդերին:


 

Հարյուրավոր զոհեր` ածխահանքերում


2014 թվականի մայիսի 13-ին Թուրքիայի հյուսիսարևմտյան Մանիսա նահանգի Սոմա շրջանի ածխահանքներից մեկում պայթյուն գրանցվեց, ինչին հաջորդեց հրդեհը: Միջադեպի հետևանքով 300-ից ավել մարդ զոհվեց, հարյուրից ավել հանքափորներ տարբեր աստիճանի վնասվածքներ ստացան և միայն մի քանի տասնյակը կարողացավ խուսափել դաժան ճակատագրից:


Թուրքիայում աշխատանքային անվտանգության վատթար վիճակի հերթական դրսևորումը պատճառ դարձավ, որպեսզի կառավարության դեմ հասարակական բողոքի խոշոր ալիքը տարածվի: Սոմայի ողբերգությունն իր մաստշաբներով աննախադեպ էր Թուրքիայի համար, և մեծ արձագանք առաջ բերեց ինչպես երկրի ներսում, այնպես էլ սահմաններից դուրս:


Ժամանակը ցույց տվեց, որ Սոմայի դեպքը 2014-ի համար նմանատիպ միակ դժբախտությունը չէր: Հոկտեմբերի 18-ին Էրմենեքի ածխահանքերից մեկը մնաց ջրի տակ. պատահարի հետևանքով զոհվածների թիվը կազմեց 18 հոգի:


Սա դժգոհության ևս մեկ ալիք առաջ բերեց, և թուրքական կառավարությունը կրկին քննադատվեց` աշխատողների անվտանգությունը հավուր պատշաճի չկազմակերպելու համար:


(շարունակելի)

 

Գևորգ Պետրոսյան, թուրքագետ

 

 

 

 

Նույն շարքից