Միջազգային 

Մայդանը կտեղփոխվի Վրաստան. The Nation

analitik.am

Զգալի կրճատումներով ընթերցողին  ուշադրությանն ենք  ներկայացնում Միչիգանի համալսարանի Ռուսական, արեւելաեվրոպական եւ եվրասիական հետազոտությունների կենտրոնի ուսանող Պիետրո Շաքարյանի՝ ամերիկյան «The Nation» պարբերականում հրապարակված հոդվածը:

 

Մինչ աշխարհը հետեւում է Ռուսաստանի եւ Արեւմտյան Ուկրաինայի միջեւ շարունակվող բախումներին, լարվածությունն աճում է հարավում՝ նախկին խորհրդային հանրապետություն Վրաստանում: Ինչպես Ուկրաինայում, Վրաստանում քաղաքական խմբավորումների եւ էթնիկ խմբերի միջեւ մրցակցությունը վտանգավոր կերպով խաչվում է ավելի լայն՝ հետխորհրդային տարածաշրջանում ազդեցության համար Ռուսաստանի եւ Արեւմուտքի պայքարին: Առանց երկխոսության, որն անհրաժեշտ է խաղաղության համար, այստեղ նույնպես կարող է լուրջ հակամարտություն բռնկվել՝ տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության համար բացասական հետեւանքներով: Չի կարելի անտեսել այս իրավիճակը:

 

Եվրամիության ուղղությամբ շարժվելը եւ այդ կառույցին պոտենցիալ անդամակցությունը Վրաստանի համար լուրջ տնտեսական ռիսկեր է պարունակում: Քանի դեռ եվրոգոտին պայքարում է արժութային ծանր ճգնաժամից հետո ուշքի գալու համար, այն դժվար թե կատարի Վրաստանում լայնամասշտաբ տնտեսական բարեփոխումներ կատարելու մասին խոստումը: Իսկ Մոսկվային ավելի շատ է անհանգստացնում ՆԱՏՕ-ական հավակնություններն իրականացնելու Վրաստանի ձգտումը:

Վրաստանն ու Ռուսաստանը պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ եւ սկսեն խոսել: Նույնիսկ առանց ֆորմալ դիվանագիտական հարաբերությունների՝ երկու երկրների ղեկավարները պետք է հանդիպեն: Վրաստանի նախագահ Մարգվելաշվիլիին ուղղված Պուտինի հրավերն ուժի մեջ է: Նման հանդիպումը կարող է ավելի ջերմ հարաբերությունների սկիզբ դառնալ, այդ թվում՝ հին խնդիրների՝ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հնարավոր լուծման համար:

Միաժամանակ, Արեւմուտքը պետք է խոստովանի, որ ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի ընդլայման ջանքերն օգտակար չեն խաղաղության հասնելու համար, եւ դրա փոխարեն պետք է բոլոր կողմերին խրախուսի իրենց տարաձայնությունները կարգավորել խաղաղ ճանապարհով, ընկերաբար եւ բնական: Ռուսաստանը, Վրաստանը, Աբխազիան եւ Հարավային Օսիան կարող են որպես գործընկեր աշխատել Արեւմուտքի հետ՝ ավելի շատ տնտեսական եւ քաղաքական ինտեգրման նպատակով: Այդ դեպքում կարող է կյանքի կոչվել առանց պատերի միացյալ Եվրոպայի տեսլականը, որը կտարածվի Լիսաբոնից մինչեի Վլադիվոստոկ: Դա նույնպես կարող է հանգեցնել անվտանգության ընդհանուր համակարգի ձեւավորմանը՝ գլոբալ խնդիրներ լուծելու համար, ինչպիսիք են միջուկային զենքի չտարածումը, սահմանափակ ջրային ռեսուրսները, համաշխարհային սովը, վտանգավոր հիվանդություններն ու ընդհանուր սպառնալիքները, օրինակ՝ «Իսլամական պետությունը»:

 

Այլընտրանքը հետխորհրդային տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ընդլայնման շարունակությունն է եւ Ռուսաստանի վախի իրականացումը, որ Դաշինքի բազաները մոտենում են իր սահմաններին: Վերջնական մղձավանջը կլինի այդ տարանջատված ուղեգծերի ամրապնդումն ու ռազմականացումը՝ միջուկային զենքի առկայությամբ: Անսպասելիորեն ի հայտ կգա «սառը պատերազմի» նոր բաժանարար գիծ, որն անմիջականորեն կանցնի անկայուն Կովկասով: Եթե Արեւմուտքը համառորեն շարունակի ընդլայնվեն դեպի այդ տարածաշրջան, Վրաստանը կարող է հաջորդ Ուկրաինա դառնալ:

Նույն շարքից