Հայաստան Հարցազրույց Քաղաքականություն 

Իմքայլականների որակումները Թովմասյանի մասնագիտական հեղինակությանը բիծ հաղորդելու մանիպուլատիվ փորձերն են. Գոհար Մելոյան

analitik.am

Այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՀ ԱԺ Իմ քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ Հրայր Թովմասյանը դատական իշխանության ղեկավարը չէ՝ նշելով, թե նա ցանկանում է ուզուրպացնել դատական իշխանությունը:

Analitik.am-ի հետ զրույցում իրավագետ, սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը նախ անդրադարձավ Հրայր Թովմասյանի հայտնի հարցազրույցին, որի ընթացքում նա խոսեց վերոնշյալ թեմայի մասին: Մելոյանի խոսքերով, եթե հետևենք պարոն Թովմասյանի հարցազրույցին, կնկատենք, որ նա կիրառեց լեզվական համեմատություն. «Պարոն Թովմասյանը հարցազրույցի ժամանակ ասել է, ենթադրենք, եթե վարչապետն է մեր գործադիր իշխանության ղեկավարը, հնարավոր է՝ ինքն էլ դատական իշխանության ղեկավարն է, և հնարավոր է, որ ինքն էլ չի ցանկանում վարչապետի հետ աշխատել:

Դա լեզվամտածողական պատկերավոր համեմատություն էր, որ կիրառվեց պարոն Թովմասյանի կողմից»:

Իրավագետի խոսքերով, Սահմանադրական դատարանի նախագահը չի հանդիսանում դատական իշխանության ղեկավար, բայց տեսագործական պրակտիկայում, իրավամեկնաբանության մեջ, որպես բարձրագույն ատյանի ղեկավար նմանաբնույթ տերմինալոգիա է կիրառվում. «Այն ենթադրությունները, որոնք փորձում են մանիպուլատիվ կերպով ներկայացնել Իմ քայլը խմբակցության ներկայացուցիչները, թե պարոն Թովմասյանն ինքն իրեն հռչակել է դատական իշխանության ղեկավար և դա իրավական անգրագիտություն է, պրիմիտիվության աստիճանի հասնող մանիպուլատիվ հնարք է: Կարելի է ասել, որ Իմ քայլը խմբակցության ներկայացուցիչները փորձում են փրփուրներից կախվել, որպեսզի ինչ-որ եղանակով վարկաբեկեն պարոն Թովմասյանին»:

Անդրադառնալով ՀՀ ԱԺ Իմ քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հայտարարությանը՝ տիկին Մելոյանն ասաց, որ Հրայր Թովմասյանի խոսքերը հարցազրույցի կոնտեքստից կտրված են, իսկ իմքայլականների կողմից մանիպուլատիվ նպատակով են մեկնաբանվում. «Նա ՍԴ ղեկավարն է, սական դատական իշխանության ներկայացուցիչ է: Մտահոգիչ է այն, որ անգամ որոշակի տարրական իրավական պատկերացումներ չունեցող անձինք օրենսդիր մարմնում ներկայացուցիչ են աշխատում: Իմ քայլը խմբակցության պատգամավորների կողմից նման որակումները պարոն Թովմասյանի մասնագիտական հեղինակությանը որոշակի բիծ հաղորդելու հերթական մանիպուլատիվ փորձերն են»:

Օֆելի Իսրայելյան

Նույն շարքից