Միջազգային 

ՌԴ-ն անվտանգություն խնդիր չի լուծելու. Խ. Քոքոբելյան

analitik.am

Անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը դեմ է քննարկումները տեղափոխել զգացմունքային դաշտ, ըստ նրա՝ պետք է լինի ռեալ, հստակ հաշվարկ, թե ինչ է ստանալու Հայաստանը՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու դիմաց:

Այս մասին այսօր հայտարարեց պատգամավորը Ազգային ժողովում՝ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի վավերացման քննարկմանը։

Նա նշեց, որ Սահմանադրությանը, անվտանգության հարցերին և տնտեսական զարգացման խնդիրներին վերաբերող, վտանգները մատնանշող հարցադրումներին ի պատասխան հնչած հակառակ փաստերը համոզիչ չեն եղել։

«Առաջնահերթը անվտանգության, Սահմանադրության և ինքնիշխանության և տնտեսական խնդիրներն են: Սահմանադրականության հարցով գուցե իշխանության համար բնական է, որ Սահմանադրական դատարանի որոշումը չի մեկնաբանվում, բայց ես չեմ տեսել որևիցե դեպք, որ մենք համոզվենք մեր Սահմանադրական դատարանի որոշումների՝ արդարացի կամ հասարակական մեծամասնության կողմից ընդունված լինելու մեջ: Ակնհայտ է, որ ՀՀ Սահմանադրության 1-ին, 2-րդ և 114 հոդվածներն ուղղակիորեն փաստում են, որ այս պայմանագիրը հակասահմանադրական է: Ինչո՞ւ, որովհետև այս պայմանագրով ենթադրվում է, որ լինելու է տնտեսական կոմիտե, որի որոշումներն անդամ պետությունների համար պարտադիր են»,-նկատեց նա և հավելեց, թե ՀՀ-ում հարկերը և պարտադիր վճարները կատարվում են ՀՀ օրենսդրությամբ, ինչն այս դեպքում այդպես չի լինելու:

 

«Հայաստանն այս պայմանագիրը վավերացնելուց հետո չի կարողանալու իրացնել ֆինանսատնտեսական քաղաքականություն: Տեղի է ունենալու ֆինանսատնտեսական բնագավառի արտարժույթի սինխրոնիզացիա: Հունվարի մեկից հետո չի գործելու մաքսային օրենսգիրքը: Կայուն վատը շատ վատ է: Ասում եք, որ պայմանագրում նշվում է, որ ապրանքների գինը 4-5 տարում նոր կթանկանա, բայց չգնալու դեպքում ընդհանրապես չէր թանկանալու: Շատ է խոսվում, որ նոր շուկաներ կգրավենք, բայց ռուսական ռուբլին 62 տոկոս արժեզրկում ունի վերջին 4 ամսվա ընթացքում, դրանից հետո ի՞նչ ակնկալիքներ ունեք ռուսական շուկայից»,-նշեց Քոքոբելյանը:

 

Պատգամավորն անդրադարձավ անվտանգության խնդրին և համաձայնեց, որ, իհարկե հարցն ամենակարևորն է: «Բայց մի՞թե օգոստոսի իրադարձություններից, ուղղաթիռի վերջին դեպքերից պարզ չէր, որը Ռուսաստանն անվտանգության խնդիր չի լուծելու Հայաստանի համար»,–ասաց նա։

«Կա հստակ մի մոտեցում. մենք այսօր այս պայմանագիրը վավերացնելով՝ ընտրում ենք տնտեսության քայքայող ուղղությունը: Կոչ եմ անում, որ մենք գնանք քաղաքակիրթ աշխարհ»,- եզրափակեց նա:

Նույն շարքից