Հայաստան 

Սերժ Սարգսյանի հայտարարությունը շատ կարևոր էր, բայց նաև ուշացած և, մեղմ ասած, հուսահատ ձևով հրամցված. Ռ. Մեհրաբյան

analitik.am

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն այսօր մամուլի ասուլիսին անդրադառնալով ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին՝ «Արարատի ստորոտին» ֆորումի ժամանակ, որտեղ Նախագահն անդրադարձավ ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքին, ասաց, որ առաջին անգամ չէ, երբ մեր բարձրաստիճան պաշտոնյաները բարձրաձայնում են այդ մասին:



Ըստ նրա` այս դեպքում ՀՀ Նախագահը կարևորեց այդ խնդիրը միջազգայնացնելու հարցը:


 

«Շուտով սպասվում է Պուտինի այցը Երևան, և դրանից առաջ նպատակ կար բարձրաձայնելու այն հարցերի շրջանակը, որոնք մտահոգում են Հայաստանին»,-ասաց նա և նշեց, որ եթե Ռուսաստանն ականջալուր չլինի և հետևություններ չանի պաշտոնական Երևանից հնչող կոչերին, ապա աշխարհաքաղաքական տեսակետից ճնշումը Ռուսաստանի նկատմամբ կուժեղանա. նա չի բացառում, որ Հայաստանը դերակատարություն ունենա այդ հարցում:



Քաղաքագետը նկատեց, որ վերջին շրջանում ադրբեջանական մամուլում անընդհատ տեղեկություններ են շրջանառվում, թե Ադրբեջանը ցանկանում է նոր պայմանագիր ստորագրել ՌԴ-ի հետ , որի հիմնական նպատակը ավիացիոն տեխնիկայի, նոր տանկային զրահատեխնիկայի ձեռքբերումն է:



«Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը գտնում է, որ ՀՀ Նախագահի հայտարարությունը բավականին զգուշավոր էր, սակայն՝ հասցեական:



Ըստ նրա՝ Սերժ Սարգսյանի հայտարարությունում առանցքայինն այն չէր, որ Ռուսաստանը զենք է վաճառում Հայաստանի հակառակորդին, այլ այն, որ Սերժ Սարգսյանը  դա մեծ խնդիր է համարում, որը պահանջում է լուծում:

 

«Սերժ Սարգսյանի հայտարարությունը շատ կարևոր էր, բայց նաև ուշացած և, մեղմ ասած, հուսահատ ձևով հրամցված»,-ասաց նա:


 

Անդրադառնալով սահմանի լարվածությանը՝ նա նշեց, որ ըստ միջազգային հանրության ընկալման՝ այսօր իրավիճակը սահմանում  և լայնամասշտաբ պատերազմի վերսկսման հնարավորությունները շատ ավելի մտահոգիչ են, քան Ցեղասպանության դատապարտումը կամ Թուրքիայի առաջ սահմանափակումներ կամ պահանջներ դնելը:



Նա նշեց, որ մինչ ապրիլի քսանչորսը սահմանի լարվածությունը շարունակական է լինելու և կարող է կրկնվել:



«Սա այն գինն է, որը մենք վճարում ենք ավելի գլոբալ խաղաղության համար»,-ասաց նա:



Ինչ վերաբերում է բանակցություններին, ապա Ռուբեն Մեհրաբյանն ասաց, որ Ալիևը ցուցաբերում է մերժողական դիրքորոշում ցանկացած բանական բանակցային գործընթացի:



«Ի վերջո այդ տիրույթում մնալով՝ Ադրբեջանը Հայաստանին փորձում է դնել մի ռեժիմի մեջ, որտեղ գերակայողը լինելու է նյութական առավելությունը»,-ասաց նա:

Նույն շարքից