Կորոնավիրուս Հասարակություն Մշակույթ Տեսանյութեր 

Երևանում կանցկացվի «Music 20» խորագրով առցանց միջազգային փառատոնը․Տեսանյութ

analitik.am

Դասական երաժշտության սիրահարների համար անակնկալ են պատրաստել Մշակույթի
աջակցության եվրոպական հիմնադրամը՝ նախագահ Կոնստանտին Իշխանով‚ և Կ. Դեմիրճյանի անվան
մարզահամերգային համալիրը՝ տնօրեն Կարեն Ղազարյան` հուլիսի 10-28-ը Երևանում կազմակերպելով
«Music 20» խորագրով առցանց միջազգային փառատոնը։ Փառատոնի պաշտոնական նվագախումբն է
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ
Սմբատյանի գլխավորությամբ:

Փառատոնի մասին այսօր «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում
հրավիրված առցանց ասուլիսում մանրամասներ ներկայացրին Հայաստանի պետական սիմֆոնիկ
նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն ու Մարզահամերգային
համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանը։

Պարոն Ղազարյանը շեշտեց‚ որ առցանց փառատոնը դրական լիցքեր կփոխանցի ոչ միայն հայ
ունկնդիրներին, այլ աշխարհի ցանկացած կետում գտնվող մարդկանց: Նա կարևորեց փառատոնի
անցկացումը‚ քանի որ համավարակի պայմաններում‚ երբ մշակույթը գտնվում է ծանր վիճակում‚
Հայաստանը դառնում է մի երկիր‚ որը կարողանում է‚ պահպանելով անվտանգային բոլոր նորմերը‚
կազմակերպել միջոցառում‚ որտեղ մշակույթը շարունակում է ապրել, այն պարագայում, երբ այլ
երկրներում նման միջոցառումներ տեղի չեն ունենում։

Սերգեյ Սմբատյանը նկատեց‚ որ շատ քիչ մարդիկ էին հավատում առցանց փառատոնի գաղափարին:
Նա հույս հայտնեց‚ որ բոլորը կոգևորվեն այս փառատոնից: «Աշխարհահռչակ արտիստներ կժամանեն
Հայաստան‚ և Հայաստանը կլինի այն կենտրոնը‚ որին իրենց հայացքը կուղղեն դասական երաժշտության
սիրահարները։ Մենք ակնկալում ենք ավելի քան 100 000 առցանց դիտումներ»‚- ասաց դիրիժորը:

Աշխարհի տարբեր ծայրերից 19 օր շարունակ դասականի սիրահարները կարող են առցանց վայելել
9 սիմֆոնիկ, 5 կամերային համերգ, 3 մենահամերգ և 2 անսամբլային համերգ։ Միջազգային փառատոնին
ելույթ կունենան հանրահայտ մենակատարներ և դիրիժորներ: Նրանցից են Սերգեյ Դոգադինը, Ֆրանչեսկա
Դեգոն, Անդրեյ Բարանովը, Գլորիա Քամփաները և Հայկ Կազազյանը և այլք։ Մաեստրո Սմբատյանը նշեց,
որ առցանց համերգները‚ իհարկե‚ չեն կարող փոխարինել հանդիսատեսով լեցուն դահլիճում կայացող
համերգներին, սակայն այս պայմաններում իրենց նպատակն է կազմակերպել փառատոն,
տոնակատարություն, հնչեցնել երաժշտություն‚ և մարդիկ կարողանան ունկնդրել գեղեցիկ կատարումներ։
COVID-19-ի հետևանքով ստեղծված իրավիճակում այս միջոցառման անցկացումը իրապես մեծ
իրադարձություն կլինի մշակութային կյանքի համար, և ոչ միայն Հայաստանում։

Միջոցառման ընթացքում խստագույնս պահպանվելու են հակահամաճարակային առողջապահական
բոլոր սահմանված կանոնները:

Նույն շարքից