Միջազգային 

Թուրքիայի հայ համայնքը խիստ քննադատել է Պետրոս Շիրինօղլուին

analitik.am

Թուրքական «Դեմոկրատ Հաբեր» կայքի հետ զրույցում Թուրքիայի հայ համայնքի մի շարք ներկայացուցիչներ քննադատել են Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուին՝ ամբողջ համայնքի անունից խոսելու համար։ Խիստ քննադատության է արժանացել նաև Շիրինօղլուից հարցազրույց վերցրած թուրքական «Սթար» պարբերականը, մասնավորապես, սույն հոդվածը «Թուրքիայի հայերի պատմական կոչը Սփյուռքին. փոխհատուցում չենք ուզում, խաղաղութուն ենք ուզում» վերնագրելու համար։



«Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության պատգամավորի «թեկնածության թեկնածու» Մուրաթ Մըհչըն հայտարարել է, որ իրենք, նախ, ներողություն են ուզում լսել Թուրքիայից։ Ըստ Մըհչըի՝ Շիրինօղլուն որևէ իրավունք չունի Թուրքիայի հայերի անունից հայտարարել, թե «փոխհատուցում չենք ուզում, խաղաղություն ենք ուզում»։ ԺԴԿ-ի ցուցակի մեկ այլ հայ «թեկնածության թեկնածու» Ֆիլոր Ուլուքը հիշեցրել է, որ առաջին անգամ չէ, երբ Շիրինօղլուն իրեն ամբողջ համայնքի անունից խոսելու իրավունք է վերապահում։



Թուրքիայում հայտնի հայ հասարակական գործիչ, լրագրող Հայկո Բաղդատն ասել է. «Սա այն հարցը չէ, որն անհատների միջոցով պետք է լուծում ստանա։ Բոլորն էլ խաղաղություն են ուզում։ Բայց հարցն այն է, թե ինչպես պետք է հասնել խաղաղության։ Ակնհայտ է, որ Պետրոս Շիրինօղլուն իր շահերով ու իր կապերի հիման վրա է նման հայտարարություններ անում»։



Հայ գրող Ժակլին Չելիքը, մեկնաբանելով Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահի հարցազրույցը, ասել է, թե Շիրինօղլուն ինչ-որ մեկի կամ խմբի խոսնակը չէ, որ իրեն թույլ է տալիս խոսել Թուրքիայի հայ համայնքի անունից։



Հիշեցնենք, որ Պետրոս Շիրինօղլուն, որը վայելում է թուրքական իշխանությունների համակրանքը, թուրքական «Սթար» պարբերականին տված հարցազրույցում, մասնավորապես, հայտարարել էր. « Պապս նույնպես զոհվել է 1915-ի իրադարձությունների ժամանակ, բայց պետք չէ անցյալով ապրել։ Փոխհատուցում ու նմանատիպ այլ բաներ չենք ուզում, միայն խաղաղություն ենք ուզում։



Պետք է այս խնդիրը կարգավորվի, չեմ ուզում, որ երկու պետությունների միջև այսպիսի հարաբերություններ լինեն։ Նախագահ Էրդողանի՝ «արխիվները բաց են» կոչը շատ իմաստալից եմ համարում։ Թող այս հարցով զբաղվեն պատմաբանները։ Եթե սահմանները բացվեն, Հայաստանը փոխհատուցումից ավելի մեծ օգուտ կարող է ստանալ. դա մեծ տնտեսական եկամուտներ է խոստանում։ Կարևոր է նաև այն հանգամանքը, որ «Արդարություն և զարգացում» կուսակցության օրոք Թուրքիայում բնակվող փոքրամասնությունների համար շատ բան դրական առումով փոխվել է։ Անգամ հայաստանցի երեխաների համար կրթություն է մտցվել։ Պետք չէ մոռանալ, որ Էրդողանի օրոք Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու վրա խաչ է դրվել»։



Նշենք, որ հաճախ թուրքական իշխանամետ լրատվամիջոցները Պետրոս Շիրինօղլուին որպես հայ համայնքի ղեկավար կամ ներկայացուցիչ են ներկայացնում, ինչը չի համապատասխանում իրականությանը։

Նույն շարքից