Հասարակություն Մշակույթ 

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը ներկայացրել է ՀԱՖՆ և «Արամ Խաչատրյան» համերգասրահի նորանշանակ տնօրեն Նորայր Նազարյանին

analitik.am

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և «Արամ Խաչատրյան» համերգասրահի աշխատակազմին է ներկայացրել այդ կառույցների նորանշանակ տնօրեն Նորայր Նազարյանին:

Արա Խզմալյանը նշել է, որ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկը մեր երկրի մշակութային և քաղաքակրթական կարևորագույն անձնագրերից է, և այսօր մենք կարող ենք մաեստրո Թոփչյանի ջանքերի շնորհիվ միայն հպարտանալ այդ կառույցի միջազգային բարձր որակներով:

«Ի դեմս նորանշանակ տնօրեն Նորայր Նազարյանի՝ տեսնում եմ այն անձնավորությանը, ով իր գիտելիքներով, փորձով և մարդկանց հետ ամուր ու վստահելի հարաբերություններ ստեղծելու ունակությամբ հաջողությամբ կստանձնի Ազգային ֆիլհարմոնիկի և «Արամ Խաչատրյան» համերգասրահի ղեկավարման պատասխանատվությունը»,- հավելել է Արա Խզմալյանը:

ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը ողջունել է Նորայր Նազարյանին նշանակման առիթով և վստահեցրել, որ ողջ կոլեկտիվը պատրաստակամ է համագործակցության և միասնական աշխատանքի առումով:

«Իմանալով Նորայր Նազարյանի աշխատաոճը՝ վստահ եմ, որ կարող եմ հանգիստ լինել մեր վարչական և կազմակերպչական գործունեության համար և ուրախ եմ, որ ես այլևս ազատված եմ նմանօրինակ հոգսերից»,- ընդգծել է Թոփչյանը:

Նորայր Նազարյանը շնորհակալություն է հայտնել իր հանդեպ ցուցաբերած մեծ վստահության համար՝ հավելելով, որ երբեք նախապես խոստումներ չի շռայլում, այլ գերադասում է ամեն բան ապացուցել գործով:

Նույն շարքից