Կորոնավիրուս Հասարակություն 

«Պֆայզեր» պատվաստանյութի առանձնահատկությունները և բաղադրությունը. ԱՆ

analitik.am

Կորոնավիրուսային հիվանդության դեմ կիրառվող «Պֆայզեր» պատվաստանյութը սառեցված կախույթ է, մանուշակագույն գլխիկով և մանուշակագույն պիտակով, լիոֆիլիզացված, որը երկարատև 6 ամիս պահպանվում է -90°C մինչև -60°C ջերմաստիճանում, -25°C մինչև -15°C-ում պահպանվում է մինչև 2 շաբաթ, +2°C մինչև +8°C-ում պահպանվում է մինչև 31 օր, սենյակային ջերմաստիճանում կարող է պահպանվել մինչև 2 ժամ:

Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է Առողջապահաության նախարարի No 633-Ա հրամանից:

«Պֆայզերի» շշիկը բացելուց հետո այն կարելի է պահել +2° մինչև +30°-ում ոչ ավել, քան 6 ժամ, այնուհետև պետք է ոչնչացնել։ Կարևոր է նաև շշիկները պահպանել լույսի անմիջական ազդեցությունից, ուլտրամանուշակագույն ճառագայթներից։

«Պֆայզեր»  մանուշակագույն գլխիկով և մանուշակագույն պիտակով պատվաստանյութը կիրառելի է 12 տարեկան և բարձր տարիքի անձանց համար:

Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստանյութերով պատվաստումների ամբողջական կուրսից հետո իրականացվում է պատվաստում խթանիչ (բուստեր) դեղաչափով 12 տարեկան և բարձր տարիքի անձանց շրջանում:

Խթանիչ (բուստեր) դեղաչափով պատվաստումը «Պֆայզեր» պատվաստանյութով իրականացվում է ամբողջական պատվաստումից 3-6 ամիս անց, 0.3 մլ դեղաչափով:

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ «Պֆայզեր» պատվաստանյութի երկու դեղաչափերի միջև 8 շաբաթ ընդմիջումն ասոցացվում է պատվաստանյութի արդյունավետության բարձրացման և միոկարդիտների պերիկարդիտների առաջացման հավանական ռիսկի նվազեցման հետ:

«Պֆայզերը» նախատեսված է միայն միջմկանային ներարկման համար՝ բազկի վերին դրսային երրորդականում, դելտայաձև մկանի շրջանում:

Հղի կանանց մոտ «Պֆայզերի» արդյունավետությունը համեմատելի է նույն տարիքային խմբերի ոչ հղի կանանց հետ: Ըստ փոքրածավալ հետազոտությունների արդյունքների՝ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ ՌՆԹ պարունակող պատվաստանյութերը իմունոգեն են հղիների համար, իսկ ենթադրվող հակամարմինները ներթափանցում են պորտալարով պտղի արյան և կրծքի կաթի մեջ, ինչը ենթադրում է ինչպես նորածինների հնարավոր պաշտպանություն, այնպես էլ մոր մոտ իմունիտետի առկայություն:

Քանի որ պատվաստանյութը կենդանի չէ, ինչպես նաև ՌՆԹ-ն չի ներթափանցում բջջի մեջ և արագ քայքայվում է, կենսաբանական և կլինիկական տեսանկյունից հավանականությունը քիչ է, որ պատվաստանյութը կարող է վնասել նորածնին։ ԱՀԿ-ն առաջարկում է կերակրող մայրերին «Պֆայզերով» պատվաստվելուց հետո շարունակել կրծքով կերակրումը:

Ծանր ալերգաբանական ռեակցիա՝ «Պֆայզերի» ակտիվ նյութի կամ նրա որևէ բաղադրիչի նկատմամբ հակացուցում է պատվաստման համար: Սուր հիվանդությունների (միջին և ծանր ընթացքով), ինչպես նաև քրոնիկ հիվանդությունների սրացման դեպքում, «Պֆայզերով» պատվաստումը ժամանակավոր հետաձգվում է:

Թրոմբոցիտոպենիա, արյան մակարդելիության խանգարումներ ունեցող կամ անտիկոագուլյացիոն բուժում ստացող անձանց դեպքում «Պֆայզեր» պատվաստանյութը, ինչպես մյուս ներարկումային պատվաստանյութերը, պետք է ներարկվեն զգուշությամբ, քանի որ այդ անձանց մոտ միջմկանային ներարկումից հետո կարող է դիտվել արյունահոսություն կամ առաջանալ կապտուկներ: «Պֆայզերի» կիրառման ժամանակ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունները պետք է ապահովված լինեն անաֆիլաքսիայի բուժման համար անհրաժեշտ անհետաձգելի օգնության միջոցներով:

Նույն շարքից