Հասարակություն Սպորտ 

Իմ հաղթանակը նվիրում եմ բոլոր հերոս տղաներին. Վիգեն Նազարյան

analitik.am

Օրեր առաջ Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում առաջին պատվավոր հորիզոնականը նվաճած և ոսկե մեդալ ստացած հայ մարզիկ Վիգեն Նազարյանը Արարատի մարզի Գեղանիստ գյուղից է: Վ. Նազարյանը հանդես է եկել 87 կգ քաշային կարգում։ Եզրափակիչ փուլում Հայաստանի ներկայացուցիչը գոտեմարտեց իրանցի Աբուլֆազ Ալի Չոուբանիի հետ։ Նա 1։1 հաշվով առավելության հասավ իր արդյունավետ հնարքի շնորհիվ։

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում չեմպիոնը որոշ մանրամասներ ներկայացրեց իր անցած ուղուց և ապագայի հետ կապված որոշումների մասին.

«6 տարեկանից զբաղվել եմ մարմնամարզությամբ, 10 տարեկանից՝ արդեն ըմբշամարտով։ 15 տարեկանում հաղթեցի Հայաստանի առաջնությունում, այնուհետև Եվրոպայի առաջնությունում գրավեցի երկրորդ տեղը, հետո աշխարհի առաջնությունում դարձա բրոնզե մեդալակիր: Երեք տարի դադարից հետո բախտն ինձ կրկին ժպտաց և դարձա աշխարհի չեմպիոն: Հետագայում կձգտեմ արդեն մեծահասակների աշխարհի չեմպիոն դառնալ, այնուհետև մասնակցել օլիմպիական խաղերին:

Հատուկ շնորհակալություն եմ հայտնում իմ մարզիչներ Տիգրան և Էդիկ Սահակյաններին, հավաքականի մարզիչ Արմեն Բաբալարյանին, Մովսես Կարապետյանին: Այս հաղթանակը նաև նրանցն է»:

Վ. Նազարյանը իր հաղթանակը նվիրեց բոլոր հերոս տղաներին և խոստացավ, որ քրտնաջան մարզումների շնորհիվ շարունակելու է Հայաստանի դրոշը բարձր պահել ամբողջ աշխարհով:

Նույն շարքից