Իրավական 

5 անձ է ձերբակալվել կաշառքի դիմաց զորակոչիկին զինծառայությունից տարկետում տրամադրելու քրգործով

analitik.am

5 անձ է ձերբակալվել կաշառքի դիմաց զորակոչիկին պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու փաստով քննվող վարույթի շրջանակում

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում նախաձեռնված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ք. Ա.-ն և Ա.Պ.-ն իրենց որդուն՝ Ռ. Պ.-ին, բժշկական կեղծ ախտորոշումներով պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից երեք տարի ժամկետով տարկետում տրամադրելու համար դիմել են ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Երևան քաղաքի տարածքային ստորաբաժանման բժշկական հանձնաժողովի անդամ Ք. Տ.-ին և նախնական համաձայնության են եկել՝ այդ նպատակով վերջինիս կաշառք տալու հարցում։ Այս մասին հայտնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։

Հանձնաժողովի վերը նշված պաշտոնատար անձը, ունենալով զինապարտների պիտանելիության վերաբերյալ եզրակացություն տրամադրելու լիազորություն, Ռ. Պ.-ի օգտին ապօրինի գործողություն կատարելու, այն է՝ բժշկական կեղծ ախտորոշումներով պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից երեք տարի ժամկետով տարկետում տրամադրելու գործընթացը կազմակերպելու համար, Ք. Ա.-ից  2022 թվականի նոյեմբերի 23-ին պահանջել է խոշոր չափերով՝ 1.777.185 ՀՀ դրամ գումարին համարժեք 4500 ԱՄՆ դոլար կաշառք: Այնուհետև  Ք. Ա.-ն և իր ամուսինը՝ Ա. Պ.-ն, վերջինիս եղբոր և հանձնաժողովի անդամ Ք. Տ.-ի ամուսնու օժանդակությամբ, պահանջված կաշառքի գումարը 2022 թվականի նոյեմբերի 27-ին տվել են Ք. Տ.-ին:

03.02.2023 թ.-ին  Ք. Տ.-ն, Ք. Ա.-ն, Ա. Պ.-ն և նրանց օժանդակած անձինք ձերբակալվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից:

Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, ինչպես նաև իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ առերևույթ հանցագործությունների, ինչպես նաև դրանք կատարած անձանց ամբողջ շրջանակը պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նույն շարքից