Իրավական 

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշման դեմ Վճռաբեկ դատարան բողոք կներկայացվի

analitik.am

3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշման դեմ Վճռաբեկ դատարան բողոք կներկայացվի։ Այս մասին ասաց Խաչատուրովի փաստաբան Հակոբ Ենոքյանը:

Անդրադառնալով վերաքննիչ դատարանի՝ Խաչատուրովի կալանավորելու որոշմանը, Ենոքյանն ասաց դատարանի կարծիքով՝ գեներալ-մայորը կարող է ապօրինի ազդել վկաների վրա, իր պարտականությունները չկատարել։ Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը՝ ՀՀ բարձրագույն դատական խորհրդի անդամ, դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, բավարարել է Խաչատուրովի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու՝ դատախազության վերաքննիչ բողոքը։

Փետրվարի 21-ին Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը մերժել էր Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու՝ նախաքննական մարմնի միջնորդությունը: ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության համաձայն՝ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քննվող քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից 2023 թվականի փետրվարի 20-ին հսկող դատախազին միջնորդություն է ներկայացվել 2006-2010 թվականներին ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Գ.Խ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ՝ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելու (փողերի լվացում) համար. միջնորդությունը հսկող դատախազի կողմից բավարարվել է: Անշարժ գույքը, որպես այդպիսին, Արարատի մարզի Ավշար համայնքում տեղակայված նախկին, դեռևս 1990-ականներից չգործող զորամասի տարածքն է, որի նկատմամբ գեներալ-մայորը որևէ սեփականության իրավունք չի ունեցել և չունի։

Նույն շարքից