Հայաստան Տնտեսություն Քաղաքականություն 

Ինչու ՀՀ-ն Մոսկվայի ցուցահանդեսի փոխարեն նախընտրեց գնալ Բեռլին. Քերոբյանի մեկնաբանությունը

analitik.am

Ռուսաստանում անցկացվող զբոսաշրջության և հյուրընկալության արդյունաբերության միջազգային ցուցահանդեսում (MITT) Հայաստանը տաղավար չի ունեցել մի քանի պատճառով։ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց՝ առաջին պատճառն այն էր, որ Բեռլինում անցկացվող ITB զբոսաշրջային ցուցահանդեսի և Մոսկվայում անցկացվող MITT–ի ժամկետներն էին շատ մոտ։ Ըստ նրա` թե՛ նախարարությունը, թե՛ զբոսաշրջային օպերատորները միաժամանակ երկու տեղում լինելու ռեսուրս չունեին։

Մարտի 5-7 Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում անցկացվում էր աշխարհի խոշորագույն զբոսաշրջային ցուցահանդեսներից մեկը` ITB–ն, որին Հայաստանը մասնակցում էր առանձին տաղավարով։ Իսկ մարտի 16-18–ը Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում անցկացվող զբոսաշրջության և հյուրընկալության ոլորտի խոշորագույն միջազգային ցուցահանդեսում Հայաստանը տաղավար չի ունեցել։

«Կա նաև խնդիր, և մենք ուզում ենք այդ խնդիրը լուծել, որ զբոսաշրջային հոսքերը ոչ միայն մեկ աղբյուրից լինեն, այլ դիվերսիֆիկացված։ Մենք զբոսաշրջությունը փորձում ենք «mass market» կատեգորիայից տեղափոխել միջին և միջինից բարձր գնային սեգմենտ, և այս առումով զբոսաշրջային հոսքերն այլ ուղղություններով դիվերսիֆիկացնելն ուղղակի անհրաժեշտ է մեզ համար»,– ասաց Քերոբյանը։

Նրա խոսքով` մեր երկիրը ջանք չի խնայում, որ մեծացնի նաև արաբական և ամերիկյան շուկաներից զբոսաշրջային հոսքը։

Նախարարը միաժամանակ շեշտեց, որ ռուսական շուկայի նկատմամբ մեր հետաքրքրությունը միայն մեծանում է։

«Մենք այս տարի բազմաթիվ ծրագրեր ունենք Ռուսաստանից զբոսաշրջիկներ ներգրավելու ուղղությամբ, այդ թվում` պարբերականների հետ աշխատանք, ճանաչողական այցեր ռուսական զբոսաշրջային օպերատորներ համար, որ նրանց Հայաստան բերենք և բազմաթիվ այլ ծրագրեր»,– նշեց նախարարը։

Ամռանը Հայաստանում տեղի կունենա ԵԱՏՄ զբոսաշրջային ընկերությունների համաժողովը, իսկ սեպտեմբերին ՄԱԿ-ի զբոսաշրջության զարգացման կոմիտեի հետ համագործակցությամբ տեղի կունենա զբոսաշրջության ոլորտում ներդրումների գագաթնաժողով, ինչը, Քերոբյանի խոսքով, թույլ կտա ավելի լավ ցույց տալ Հայաստանը աշխարհի զբոսաշրջային քարտեզի վրա: Ընդհանուր առմամբ, ըստ նրա, Հայաստանի կառավարությունը 2023 թվականին զբոսաշրջության զարգացման բյուջեն զգալիորեն ավելացրել է՝ 200 մլն դրամից հասցնելով 1 միլիարդի։

«Բայց եթե ավելացնենք գերմանական GIZ-ի և այլ գործընկերների կողմից տրամադրվող լրացուցիչ ռեսուրսները, ապա ավելի մեծ թիվ կստացվի։ Մարկետինգային բյուջեն, որը կծախսվի Ռուսաստանի վրա, նույնպես զգալիորեն ավելի մեծ է, քան նախորդ տարիներին»,- ասաց Քերոբյանը։

Հիշեցնենք, որ 2022 թվականին Հայաստան է այցելել 1 միլիոն 670 հազար զբոսաշրջիկ, գրեթե 50%-ը Ռուսաստանից է եկել։

Նույն շարքից