Քաղաքականություն 

Հայաստանը ստացել է Ադրբեջանի հերթական առաջարկները․Արարատ Միրզոյան

analitik.am

Մի կողմից ընթանում է բանակցային գործընթաց, ինչպիսին է օրինակ` խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող գործընթացը, և մյուս կողմից մենք իրականության մեջ տեսնում ենք Ադրբեջանի ավելի սրվող հռետորաբանությունը, սպառնալիքները և գետնի վրա ագրեսիվ գործողությունները։ Այս մասին կառավարության հետ հարցուպատախսանի ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Այդ գործողություններին ականատես ենք եղել և՛ սեպտեմբերի 13-14-ին, երբ Ադրբեջանը ներխուժեց ՀՀ տարածք, և՛ ականատես ենք եղել դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի փակմամբ։ Այս երևույթը վերջին օրերին շարունակվում է, վերջին շրջանում ավելի է սրվել թե՛ հայատյացության քարոզը, թե՛ ուղղակի սպառնալիքները։ Հիշում եք՝ Ադրբեջանի նախագահը անգամ հայտարարեց, որ խաղաղության պայմանագիր չի լինելու, որ Հայաստանում իրենց 29,000 քա կմ-ի վրա հայերը հանգիստ չեն ապրելու, եթե ամբողջությամբ չընդունեն Ադրբեջանի պայմանները և այլն։ Այս ուլտիմատիվ կեցվածքը կա, հռետորաբանությունը կա, բայց միևնույն ժամանակ բանակցությունները խաղաղության պայմանագրի շուրջ շարունակվում են»,- ասաց նախարարը։

Միրզոյանը ընդգծեց, որ Հայաստանը ստացել է Ադրբեջանի հերթական առաջարկները և ներկայումս աշխատում են դրանց վրա։

«Առաջիկայում կլինի մեր առաջարկները։ Նշածս հռետորաբանությունը և ագրեսիվ կեցվածքը ոչ միայն չեն նպաստում խաղաղության գործընթացին, այլև նոր խոչընդոտներ են ստեղծում այդ ճանապարհին։ Մենք հաստատակամ ենք, մեր դիրքորոշումը չի փոխվում, մենք համառորեն ու անկեղծորեն շարունակելու ենք բանակցել՝  նպատակ ունենալով տարածաշրջանում երկարատև  ու կայուն խաղաղություն հաստատել»,- ասաց Արարատ Միրզոյանը։

Նա նշեց, որ Հայաստանը չի բանակցում Լաչինի միջանցքում անցակետ դնելու հարցի շուրջ։

Նույն շարքից