Բարի օր Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանի երկակի ստանդարտներով իրավական երկիրը

analitik.am

2019 թվականի մարտի 3-ի՝ լույս 4-ի գիշերը, մի խումբ երիտասարդներ սեփական տան մուտքի մոտ հարձակում գործեցին ընդդիմադիր գործչի նկատմամբ՝ փորձելով առևանգել վերջինիս: Այն, որ հարձակումը եղել է պլանավորած, պարզ դարձավ հետո հրապարակված տեսանյութից, թե ինչպես են երիտասարդները պատրաստում իրենց քայլերը: Դատարանն այդ երիտասարդներին ազատ արձակեց՝ որպես խափանման միջոց չընտրվեց կալանավորումը, ավելին՝ ամիսներ տևած դատավարությունից հետո նրանք առհասարակ արդարացվեցին:

Հայաստանյան քաղաքական ու հասարակական կյանքին քիչ թե շատ հետևողները միանգամից հասկացան, որ խոսքը վերաբերում է «Ռեստարտ»-ի անդամների կողմից Նարեկ Մալյանի նկատմամբ հարձակմանն ու առևանգման փորձին:

Ընդգծենք, որ խոսքը վերաբերում է խմբակային հարձակման, որը նախօրոք պլանավորված է եղել: Եվս մեկ հանգամանք՝ այստեղ էմոցիաների մասին խոսելը տեղին չէ, հարձակվողներն ամեն ինչ արել են սառը գլխով: Թե ինչու է սա հատուկ շեշտվում, պարզ կլինի ստորև: Օրեր առաջ՝ մայիսի 20-ին, Շենգավիթի դատարանը որոշում կայացրեց կալանավորել Գայանե Հակոբյանին՝ զոհված զինծառայող Ժորայի մայրիկին: Դատարանը Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառեց 1-ամսյա կալանավորումը: Տիկին Գայանեին մեղադրում են Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին առևանագելու փորձի մեջ: Մեղադրողը հենց ինքն է՝ Աշոտ Փաշինյանը, ով իր ոտքով գնացել ու նստել է Հակոբյանի ավտոմեքենան, ինչն ապացուցող տեսանյութ կա: Արդեն հաջորդ տեսանյութում երևում է, թե ինչպես է Փաշինյանը դուրս ցատկում ավտոմեքենայից, իսկ ավելի ուշ հայտարարում, որ փորձել են առևանգել իրեն: Հակոբյանն այսօր մեղադրվում է նույն հոդվածով, որով 2019 թվականին մեղադրանք էր առաջադրվել իշխանությունների հետ լավ հարաբերությունների մեջ գտնվող խմբակին:

Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանն իրավական երկիր է, հարցերը պետք է լուծվեն իրավական ճանապարհով, ուստի չի հորդորելու իր որդուն ետ վերցնել բողոքը: Փաշինյանը պետք է կողմնորոշվի՝ ի վերջո Հայաստանն ինչպիսի երկիր է: Եթե իրավական է, ու ինքն այդպես է պատկերացնում իրավական երկիր ասվածը, ապա ինչո՞ւ չեն կալանավորվել Մալյանին առևանգել փորձողները, բայց կալանավորվում է մի կին, ով իր ամենաթանկն է տվել հայրենիքին, Նիկոլ Փաշինյանի ընտանիքի այսօրվա բարեկեցությանը: Առավել ևս, որ այս պարագայում հնարավոր չէ խոսել պլանավորած ինչ-որ բանի մասին, քանի որ տիկին Գայանեն ու Աշոտ Փաշինյանը պատահաբար են հանդիպել: Էլ չենք խոսում այն էմոցիոնալ ֆոնի մասին, որ կա:

Փաշինյանը լրացուցիչ անգամ ցույց է տալիս, թե ինչպիսի վերաբերմունքի են արժանանալու զինվորների ծնողները, ապա ևս մեկ անգամ ապացուցում՝ այն, ինչ կարելի է իր հարազատներին, մտերիմներին, թիմակիցներին, չի կարելի մյուսներին:

Այսպիսին է Նիկոլ Փաշինյանի պատկերացրած իրավական պետությունը՝ երկակի ստանդարտներով ու բարոյական բոլոր նորմերի ոտնահարմամբ: Այդպիսին է նրա պատկերացրած իրավական պետությունը, որտեղ մարդկանց չեն կալանավորում պլանավորած խմբակային առևանգման փորձի համար ու արդարացնում են դատարանի որոշմամբ, քանի որ առևանգվողն այս դեպքում ընդդիմադիր գործիչ է, բայց կալանավորում են զոհված զինծառայողի ծնողի, ում մեքենան իր սեփական կամքով նստում է վարչապետի որդին:

Նույն շարքից