Բարի օր Հասարակություն 

Երևանցիներն առնվազն 7 օր վնասակար օդ են շնչելու

analitik.am

Նուբարաշենի աղբավայրում հրդեհի բռնկումից միայն 4 օր անց Երևանի ինքնահռչակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը բարեհաճել է այցելել դեպքի վայր ու տեղում ծանոթանալ իրավիճակին: Թե ինչու է նա միայն այսօր այցելում դեպքի վայր, շատ պարզ է՝ ուղղակի վայելում էր հանգստյան օրերը: Ամենայն հավանականությամբ, Ավինյանը չի պատրաստվում աշխատել հանգստյան օրերին, անգամ, եթե երևանցիների առողջությանն ուղիղ վտանգ է սպառնում:

Բնականաբար, Ավինյանը չէր կարող ուղղակի այցելել աղբավայր: Նա այդ մասին նախ պետք է ի լուր աշխարհի հայտարարեր, ցույց տար, թե իբր սրտացավ է, հետո միայն այցելեր, ինչն էլ նա արեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում:

Արդեն հրդեհի վայրում լրագրողների հետ զրույցում ձախողված պարետը վստահեցրել է, որ մոտակա 4-5 տարում նոր աղբավայր կկառուցվի: Թե որքանով կարելի է հավատալ մի մարդու, ով տապալում է իրեն վստահված պետական բոլոր պաշտոնները, թողնում ենք յուրաքանչյուրի հայեցողությանը: Միայն պետք է ասել, որ երևանցիները դեռ առնվազն 7 օր ստիպված են լինելու շնչել վնասակար օդը, ինչի մասին հայտարարվեց այսօրվա նիստում:

Հատկանշական է նաև մեկ այլ փաստ: Պարզվում է, որ Տիգրան Ավինյանը տիրող իրավիճակի մասին կեսբերան չի տեղեկացրել իր ղեկավարին՝ Նիկոլ Փաշինյանին: Պարզվում է, որ քաղաքային ու հանրապետական իշխանություններին այդքան էլ չի հուզում այն, որ մայրաքաղաքի ավելի քան 1 միլիոն բնակչությունն օրեր շարունակ վնասակար օդ է շնչում: Ավելին՝ նրանք շատ թեթև են նայում դրան, ինչը պարզ դարձավ Նիկոլ Փաշինյանի այսօրվա ասուլիսի ժամանակ, երբ նա հայտարարեց, որ չգիտի, թե երբ է բռնկվել հրդեհը՝ հավելելով «տենց մեծ հրդե՞հ ա»:

Եթե Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ավելի լուրջ թեմաներ ունի՝ Արցախի հարց, Հայաստանի ապագա, սահմանների անվտանգություն և այլն, որոնք նույնպես ձախողված վիճակում են, գոնե Տիգրան Ավինյանին այս հարցը պետք է ամենաշատ հետաքրքրող ու անհանգստացնող հարցերից մեկը լիներ: Սակայն, նա այդքան էլ չի սիրում խոսել այս մասին, քանի որ այստեղ փիառվելու թեմա չկա: Բնական է, որ փիառվելու բան չկա նրանում, որ 21-րդ դարում մի ամբողջ մայրաքաղաք չի կարողանում լուծել հսկայական աղբավայրի հարց՝ ընդամենը հողով ծածկելով կրակը:

Նույն շարքից