Բարի օր Լրահոս Քաղաքականություն 

Տիգրան Ավինյանը կամ չի ցանկանում, կամ չի կարողանում տեր կանգնել իր խոսքերին ու Երևանին

analitik.am

Երկու շաբաթ առաջ համացանցում լուսանկարներ ու տեսանյութեր հայտնվեցին, թե ինչպես է ինչ-որ մեկը մի ամբողջ հարկ կառուցել պատմամշակութային շենք համարվող կառույցի վրա: Խոսքը մասնավորապես վերաբերում է Երևանի Արամի 60 հասցեում գտնվող Չարենցի տուն թանգարանին: Ավելի ուշ հաստատվեցին տեղեկությունները, որ կառուցապատողը անօրինական չի գործել: Մասնավորապես քաղաքացիներից մեկի հարցման պատասխանից պարզ էր դարձել, որ նա թույլտվություն ունեցել է:

Օրեր անց Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական նիստի ժամանակ Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանին զեկուցվեց, որ հունիսի 3-4-ին վերոնշյալ հասցեում անօրինական կառուցում է տեղի ունեցել: Մասնավորապես նշվեց, որ 2022 թվականի մայիսին համայնքի կողմից շինթույլտվություն է տրվել մանսարդային հարկի կառուցման համար, որը շենքի արտաքին տեսքի փոփոխություն չի ենթադրել: Մարտ ամսին առանց որևիցե նախագծային շեղումների կառուցապատողը դիմել է ավարտական ակտի, Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության կողմից այն փաստագրվել է՝ առանց որևիցե խախտումների: Դրանից հետո՝ հունիսի 3-ին, տվյալ կառուցապատողն անօրինական, առանց որևիցե քաղաքաշինական փաստաթղթի, շարունակել է իր աշխատանքն ու էական փոփոխություն կատարել՝ ամբողջությամբ մեկ հարկ ավելացնելով: Հունիսի 5-ին Երևանի իշխանությունների կողմից քաղաքացին տուգանվել է:

Նշվեց, որ քաղաքապետարանը գրություն է ստացել նաև ԿԳՄՍՆ-ի կողմից: Ավինյանին զեկուցվեց, որ ընթացիկ շաբաթվա ընթացքում փորձելու են վարչարարություն իրականացնել, տանիքը բերել այն տեսքին, որը փաստագրվել էր ու տրվել ավարտական ակտ:

Ավինյանն իր հերթին պահանջեց ամենակոշտ ձևով արձագանքել, իրավական բոլոր հնարավոր միջոցները դիտարկել: Նա նշեց, որ հուշարձան շենքի տանիքին անօրինական կառուցապատումը պետք է լինի ամենածանր հանցագործություններին հավասար: Պահանջեց գնալ ու իրավական լուծումներ գտնել՝ հայտարարելով, որ Երևանի քաղաքապետարանը տեր է կանգնելու հուշարձան շենքերին, արժեքավոր դիմագծերով շենքերին:

Ավինյանի այս հայտարարությունից անցել է ավելի քան մեկ շաբաթ, սակայն Չարենցի տուն թանգարանի տանիքում վեր խոյացած ամբողջական հարկը դեռ տեղում է: Այս մասին «Փոսի Տիկոն» խոսեց նաև երկուշաբթի օրը՝ կեսբերան հորդորելով համապատասխան վարչությանը չմոռանալ խախտումը վերացնելու մասին: Սակայն այն տոնայնությունը, որով Ավինյանը խոսեց այդ մասին, մեզ հուշում է, որ որևէ բան չի արվելու: Պետք է համակերպվել մտքի հետ, որ հուշարձան շենքի տանիքում կառուցապատողը մեկ ամբողջ հարկ է ավելացրել:

Այս ընթացքում հայտնի դարձավ ևս մեկ աչք ծակող դեպքի մասին: Խոսքը մասնավորապես վերաբերում է Թումանյան 39 հասցեում գտնվող շենքին: Այստեղ ևս կառուցապատողը մի ամբողջ հարկ է ավելացնում շենքի տանիքում, ինչը, բնակիչների խոսքերով, վտանգում է շենքը: Այստեղ ամեն ինչ շատ ավելի պարզ է: Կառուցապատողը հայտարարել է, որ ինքը անհրաժեշտ թղթերն ունի ու իրեն ուղղակի նախանձում են: Այս շենքի մասին Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական նիստի ժամանակ անգամ չխոսեցին, ինչից կարող ենք ենթադրել, որ կառուցապատողն իրոք ճիշտ է՝ Տիգրան Ավինյանի ղեկավարած քաղաքապետարանից թույլտվություն տվել են:

Անգամ ամենամիամիտ մարդուն պարզ է, որ Երևանի ամենակենտրոնում, մայրաքաղաքի սրտում նման շինարարություն անողները պատահական մարդիկ չեն կարող լինել: Նրանք առնվազն պետք է վստահ լինեն, որ չեն գալու ու չեն քանդելու իրենց կառուցածը, հակառակ դեպքում անհասկանալի կլիներ, թե ինչու են միլիոններ ծախսում նման ռիսկային շինարարության վրա: Տիգրան Ավինյանը կամ չի կարողանում, կամ չի ցանկանում տեր կանգնել իր խոսքերին և մայրաքաղաքին: Կամ էլ և՛ չի կարողանում, և՛ չի ցանկանում: Կա նաև չորրորդ տարբերակը. ձախողված պարետը շատ լավ էլ գիտի, թե ինչ է կատարվում, ուղղակի տեսախցիկների առջև դերասանություն է անում, ինչպես Հայկ Մարությանն ու Հրաչյա Սարգսյանը, իսկ դրանցից այն կողմ կառուցապատողներին ասում՝ դուխով, տղերք:

Պարզ է նաև, որ նման շինթույլտվությունները որևէ մեկին սիրուն աչքերի համար չի տրվում: Կառուցապատողներից դրա դիմաց ամենատարբեր պատասխանները կարող են լինել՝ գումարից մինչև աջակցության խոստում կայանալիք ավագանու ընտրություններում: Թե տարբերակներից որն է աշխատում այս կամ այն դեպքում, թերևս այդքան էլ էական չէ, եթե հաշվի առնենք, որ ցանկացած դեպքում աղավաղվում է մայրաքաղաքի տեսքը, վտանգվում են շենքեր, փչացվում են պատմամշակութային կառույցներ:

Նույն շարքից