Լրահոս Միջազգային Քաղաքականություն 

Իրանը ՌԴ-ին Հարավային Կովկասի հանդեպ ավելի զգոն լինելու կոչ է անում

analitik.am

Իրանի հոգևոր առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին հոդված է գրել, որտեղ խոսել է «Զանգեզուրի միջանցքի» ու դրա նպատակների մասին: Հոդվածում նա նաև ՌԴ-ին Հարավային Կովկասի հանդեպ ավելի զգոն լինելու կոչ է անում:

Վելայաթին նախ մատնանշում է, թե որքան փոփոխական է ՌԴ նկատմամբ Թուրքիայի քաղաքականությունը (Սիրիայից մինչև Ուկրաինա), իսկ հետո ընդգծում.

«Դիրքորոշումների այս փոփոխությանը զուգահեռ վերջին ամիսներին բարձրացվել է Զանգեզուրի միջանցքով Թուրքիան և Ադրբեջանը իրար կապելու հարցը, որին դեմ է Իրանը։ Այս նախագծին ընդդիմացողներն ասում են, որ եթե Ադրբեջանի ու Նախիջևանի միջև կապը դյուրացնելու հարց կա, հարևանների կողմից Հայաստանից մի լայն տարածք օկուպացնելու կարիք չկա: Այս բոլոր հնարավորությունները, ինչպիսիք են գազի , էլեկտրաէներգիայի մատակարարումները, տարանցիկ երթուղին և այլն, հեշտությամբ կարելի է հասանելի դարձնել՝ չխախտելով Հայաստանի տարածքային ինքնիշխանությունը։ Շատ փորձագետներ զարմանում էին, թե ինչու են Թուրքիան և Ադրբեջանն այդքան համառ այս նախագծի հարցում։ Հետզհետե փաստերը բացահայտվեցին, և փորձագետների եզրակացությունն այն է, որ Նախիջևանն Ադրբեջանին կապող այս նախագծի նպատակն այն է, որ նախ Հայաստանը բաժանվի երկու մասի, և երկրորդ՝ կտրվի Իրանի և Հայաստան միջև կապը, որը հասնում է մինչև Աքեմենյանների ու Արշակունիների ժամանակաշրջան, և երրորդ՝ սահմանափակվի Իրանի արտաքին հաղորդակցությունը։ Այսպիսով Իրանը տասնհինգ հարևան երկրների փոխարեն կունենա տասնչորս հարևան, հետևաբար կտուժի Հյուսիսային Կովկասի, Ռուսաստանի և Եվրոպայի հետ Իրանի ազատ հաղորդակցությունը։ Տարածաշրջանում սահմանային ցանկացած փոփոխություն ավելի երկարաժամկետ լարվածության պատճառ է դառնալու, իսկ ամենամտահոգիչը սահմաններին օտար երկրների ներկայությունն է»:

Վելայաթին նաև լուրջ մտահոգություն է հայտնում, որ ՆԱՏՕ-ն կարող է ընդլայնել իր ազդեցությունը Հվ Կովկասում՝ շրջափակելով Իրանին ու ՌԴ-ին:

«Ցավոք, ուկրաինական հակամարտության հետևանքով առաջացած խնդիրները պատճառ դարձան, որ կովկասյան տարածաշրջանը որոշ չափով անտեսվի, և հիմա Հարավային Կովկասը դառնում է Եվրամիության, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի ու սիոնիստական ռեժիմի միջամտության և անօրինական ներկայության վայրը, և եթե այս միտումը շարունակվի, ապա Կովկասը կդառնա ամբողջ տարածաշրջանի անվտանգության սպառնալիք: Մեր ռուս ընկերները պետք է ուշադրություն դարձնեն, որ Կովկասի խնդիրների ամենաչնչին անտեսման դեպքում այն կդառնա տարբեր երկրների համար մրցակցության վայր, որը ոտնահարելու է Ռուսաստանի և Իրանի շահերը»,- ընդգծել է նա:

 

Աղբյուր՝ «Իրանն այսօր» տելեգրամյան ալիք

Նույն շարքից