Բարի օր Լրահոս Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյան փորելո՞ւ է Տիգրան Ավինյանի ոտքի տակ, հայտնի է նաև «բահի» անունը

analitik.am

Հուլիսի 20-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հայտնում են իշխող ուժից: Հայտնվում է, որ նիստի ժամանակ քննարկվել են Երևանի ավագանու սպասվող ընտրությունների քարոզարշավին, ընտրական շտաբի աշխատանքներին առնչվող հարցեր:

Որքան Երևանի ավագանու ընտրությունների օրը մոտենում է, այդքան իշխող ուժում թեմայի վերաբերյալ նիստերն ավելի հաճախակի են դառնում: Բոլոր այդ նիստերը վարում է Նիկոլ Փաշինյանը, ով մինչ վարչապետ դառնալը հասցրել է լինել Երևանի քաղաքապետի թեկնածու ու բնականաբար գիտի մայրաքաղաքում ընտրությունների մասին ամեն ինչ: Հենց վարչապետն է կոորդինացնում ամբողջ աշխատանքները, չնայած շտաբի պետի նշանակություն արդեն վաղուց եղել է:

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընտրություններում իշխող ուժի շտաբի պետը ԱԻ նախկին նախարար Արմեն Փամբուխչյանն է, ով նախարարության փակվելուց հետո լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին՝ արդյո՞ք նոր պաշտոնի առաջարկ ունի Փաշինյանի կողմից, ասաց, որ Երևանի ավագանու ընտրություններում ղեկավարելու է իշխող ուժի շտաբը: Այս պատասխանից կարելի է կռահել, որ Փամբուխչյանին որևէ պաշտոն չեն խոստացել, այլ պայման են դրել նրա առջև. Եթե ավագանու ընտրություններում ամեն ինչ հարթ անցնի՝ պաշտոն կունենա, եթե ոչ՝ հաջողություն: Ընդ որում, պաշտոնը լինելու է հենց Երևանի քաղաքապետարանում:

Արդեն տարբեր լրատվամիջոցներ ցուցակներ են հրապարակում, թե որ քաղաքական ուժն ինչ ցուցակով է մասնակցելու ընտրություններին: Շրջանառվում է նաև Արմեն Փամբուխչյանի անունը: Նա, ամենայն հավանականությամբ,լինելու է ՔՊ-ի երկրորդ համարը՝ հաջորդելով Տիգրան Ավինյանին: Կասկած չկա, որ Փամբուխչյանն ընտրությունների հորով-մորով անելուց հետո նշանակվելու է Երևանի առաջին փոխքաղապետ ու Դամոկլյան սրի նման կախվելու է Տիգրան Ավինյանի գլխին:

Նիկոլ Փաշինյանը պատահաբար չէ կառավարելու ունակությունից շատ հեռու մարդուն նշանակել շտաբի պետ: Կարևոր է հասկանալ, որ ՔՊ շտաբի պետի անձն առհասարակ էական չէ՝ հաշվի առնելով այն, որ հենց Նիկոլ Փաշինյանն է կոորդինացնում ամեն ինչ: Նա Փամբուխչյանին շտաբ է ուղարկել այլ նպատակներով, որպեսզի թույլ չտա Տիգրան Ավինյանին խաղեր տալ: Իսկ արդեն ընտրություններից հետո Փամբուխչյանը քաղաքապետարանում լինելու է Նիկոլ Փաշինյանին աչքն ու ականջը:

Սակայն հարցը դրանով չի սահմանափակվելու: Հենց Փամբուխչյանն է լինելու այն մարդը, ով փոխարինելու է Տիգրան Ավինյանին, եթե վերջինս որոշի, որ այլևս չի ուզում պարել Փաշինյանի դուդուկի տակ: Ընդ որում, չի բացառվում, որ Ավինյանի ու Փամբուխչյանի միջև բախումներ սկսվեն՝ իրականացվեն միմյանց վրա բոչկա գլորելու օպերացիներ: Մի կողմից հայտնի է, որ Փաշինյանը սիրում է կիրառել «բաժանիր, որ տիրես» հայտնի ճշմարտությունը, իսկ մյուս կողմից նախարար աշխատած Փամբուխչյանը, բնականաբար, ավելի շատ կուզենա Երևանի քաղաքապետ լինել, քան՝ Ավինյանի տեղակալ: Ուստի, կարող ենք սպասել, որ Նիկոլ Փաշինյանը փորելու է Տիգրան Ավինյանի ոտքի տակը, իսկ այսպես ասաց, «բահը» լինելու է հենց Փամբը:

Նույն շարքից