Բարի օր Լրահոս Քաղաքականություն 

Ի՞նչ կասեր ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Տիգրան Ավինյանին

analitik.am

Եթե հավատանք պատասխանատու պաշտոնյաներին, Երևանում աղբահանության հետ կապված իրավիճակն արդեն ծայրահեղ չէ: Ավելին՝ պարզվում է, որ Երևանի քաղաքապետարանում 24/7 ռեժիմով աշխատում են մեկ վայրկյան շուտ լավագույն արդյունքին հասնելու համար: Այս մասին քաղաքապատերանում հայտարարել է Երևանի աղբահանության և սանիտարական մաքրում համայնքային հիմնարկի տնօրեն Բագրատ Աղաջանյանը։ Սակայն այս մասին չէ, որ պետք է խոսել՝ քաղաքապետարանի պաշտոնյայի զեկույցին անդրադառնալիս:

Քաղաքապետարանում նիստը վարող փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանին զեկուցելիս՝ պաշտոնյան չմոռացավ դիֆերամբներ ձոնել վերջինիս: Աղաջանյանը, ինչպես երևում է, որոշել էր ետ չմնալ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարությունից: Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ թաղապետարանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, որ ասֆալտապատումն անում են՝ կատարելով Տիգրան Ավինյանի հանձնարարականը՝ այդպիսով ոչ ուղղակի, բայց գովեստի խոսքեր շռայլելով վերջինիս: Ստացվում է, որ քաղաքացիները պետք է փող հավաքեն, որպեսզի թաղապետարանում կատարեն աշխատանք, բայց դրա համար պետք է հատուկ շեշտվի Ավինյանի անունը:

Ինչևէ, անդրադառնանք Աղաջանյանի ձոնին: Այսօր իր զեկույցի ընթացքում պաշտոնյան հայտարարեց, որ հիմնարկին ցուցաբերած աջակցության համար շնորհակալություն է հայտնում Տիգրան Ավինյանին. «Երախտագիտությամբ եմ արձանագրում այն ուշադրությունն ու ամենօրյա հոգատարությունը, որ ցուցաբերվել է ձեր կողմից, ինչն ավելի է պարտավորեցնում մեզ: Շնորհակալություն »,-հայտարարեց նա:

Այս տեմպերով Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաները կարող են մրցակցել օրինակ Սայաթ Նովայի հետ, ով երգեր էր նվիրում իր սիրելի Աննային, կամ օրինակ Ռոմեոյի հետ, ով հանուն իր սիրելի Ջուլիետայի անգամ կյանքից հրաժարվելուն էր պատրաստ: Քաղաքապետարանում, ինչպես երևում է, գտել են «Փոսի Տիկոյի» թույլ տեղը, սիրտ շահելու ճանապարհը, ու առանց ջանք ու եռանդ խնայելու գնում են այդ ճանապարհով:

Թերևս տեղին է հիշել Նիկոլ Փաինյանի վերաբերմունքը նման վարքագծին: Նշենք, որ խոսքը վերաբերում է պատգամավոր Նիկոլ Փաշինյանին, ով ժամանակին չէր հասկանում, թե ինչպես կարող է նորմալ մարդը թույլ տալ նման գովասանքի խոսքեր իր հասցեին: Իհարկե ժամանակները փոխվեցին ու նույն Փաշինյանը, դառնալով վարչապետ, առանձնահատուկ հաճույք է ստանում իր հասցեին հնչող դիֆերամբներից, սակայն հետաքրքիր է, թե ինչ կասեր Փաշինյանը Տիգրան Ավինյանի մասին, եթե դեռ լիներ ընդդիմադիր պատգամավոր:

Նույն շարքից