Բարի օր Քաղաքականություն 

Տիգրան Ավինյանն էլ առաջվանը չէ, նա հասկացել է, որ «պոլի փետ լինի, մեզանից լինի» օպերացիայի «զինվորիկ» է

analitik.am

Հուլիսի 27-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության հերթական նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ինչպես հայտնում են իշխող կուսակցության մամուլի ծառայությունից քննարկվել են Երևանի ավագանու սպասվող ընտրություններում կուսակցության ընտրական ցուցակին առնչվող հարցեր։ Նիստից հետո լրատվամիջոցները տեղեկություններ տարածեցին, որ ՔՊ-ն պատրաստվում է հավաքույթ իրականացնել, որի ընթացքում դրամահավաք է կազմակերպվելու ընտրություններին ընդառաջ: Ավելին՝ անգամ հայտնվում է, որ ՔՊ-ական պատգամավորներին պարտադրվել է յուրաքանչյուրը 5-ական հյուր բերել իր հետ, որոնցից ամեն մեկը պետք է 20 հազարական դրամ նվիրի կուսակցությանը: Այսինքն, եթե տեղեկությունները ճիշտ են, միայն պատգամավորների բերած հյուրերի կողմից ՔՊ կուսակցությանը տրվելու է ավելի քան 7 միլիոն դրամ: Եթե հյուրերից այդքան գումար է պահանջվում, մնում է միայն ենթադրել, թե որքան գումար է պահանջվելու պատգամավորներից, առավել ևս՝ նախարարներից:

ՔՊ կուսակցության առաջին համար Տիգրան Ավինյանն այսպիսով հարազատ կուսակցության կողմից ստանում է ոչ միայն քաղաքական, այլ նաև լուրջ ֆինանսական աջակցություն ընտրություններում հաղթելու համար:

Այն, որ ՔՊ-ն ահռելի քաղաքական ու ֆինանսական միջոցներ է ներդնում Երևանի ընտրություններում հաղթելու համար, զարմանալի չէ: Ընտրություններն այսօր իշխող ուժի կողմից ավելի շատ են կարևորվում, քան՝ Արցախի հարցն ու 120 հազար հայի խնդիրը: Դա հասկանալու համար բավարար է տեսնել, թե իշխող ուժը վարչապետի գլխավորությամբ շաբաթվա կտրվածքով քանի անգամ է հավաքվում ընտրությունների համար ու քանի անգամ է հանդիպում եղել Արցախի հարցով:

ՔՊ ամբողջ թիմի նման ներգրավվումը, տեղեկությունների համաձայն, այդքան էլ դուր չի գալիս առաջին համար Տիգրան Ավինյանին: Նա վերջին շրջանում ընդգծված անտրամադիր է՝ արդեն հասկանալով, որ ինքը մղվել է երկրորդ պլան: Հասկացել է, որ ինքը հայտնի քաղաքականության՝ «պոլի փետ լինի, մեզանից լինի» շարքային մասնակից է ու իր փոխարեն առաջին համարը կարող էր լինել ցանկացած մեկը: Ավելին՝ նա արդեն հասկացել է, որ անգամ ընտրություններից հետո իրեն շատ հեշտությամբ կարող են փոխարինել մեկ այլ քաղաքապետով, ինչպես ազատվեցին Հայկ Մարությանից ու Հրաչյա Սարգսյանից:

Այս նախադեպերը խիստ անհանգստացնում էին Ավինյանին, իսկ հիմա դրանց է գումարվում է նաև ՔՊ-ի կողմից նման ներգրավվումը: Ավինյանը մի կողմից չի կարողանում ու չի ցանկանում զսպել իր անձնական ամբիցիաները, մյուս կողմից հասկանում է, որ դրանց պատճառով ինքը կարող է ակնթարթորեն զրկվել ամեն ինչից:

Ավինյանը ևս մեկ խնդիր ունի:

Նիկոլ Փաշինյանն իր վերջին մամուլի ասուլիսի ժամանակ մի քանի անգամ բարկացած տոնով խոսեց Արցախին ուղարկված օգնության մասին: Շատերի մոտ տպավորություն ստեղծվեց, որ նա երեսով է տալիս այդ օգնությունը: Եթե վարչապետն ընդունակ է հրապարակային նման կերպ արտահայտվել ապրելու համար կռիվ տվող 120 հազար հայի մասին, արդեն կարելի է հասկանալ, թե ինչպես է նա թեկուզ սահմանափակ շրջանակում երեսով տալու Ավինյանին տրամադրված հսկայական օգնությունը, եթե հանկարծ վերջինս չարդարացնի հույսերը: Դրանից հետո Ավինյանին ոչ լուրջ կվերաբերվեն բոլորը՝ ամենավերևի ՔՊ-ականներից մինչև ամենաշարքայինները:

Տիգրան Ավինյանը պետք է հասկանա ու արդեն հասկանում է, որ ինքը դառնալու է ՔՊ ամենաշարքային պաշտոնյաներից մեկը, ով անելու է այն, ինչ իրեն ասելու են, ում թույլ չեն տալու խաղալ առաջին ջութակի դեր: Ու առհասարակ էական չէ, որ նա դառնում է ավելի քան մեկ միլիոն մարդու քաղաքապետ, գրեթե վարչապետին հավասար մարդ: Թե որքանով նա կհամակերպվի այդ դերի հետ, ժամանակը ցույց կտա: Բայց այն, որ նա արդեն առաջվանը չէ, պարզ է անգամ ՔՊ նիստերի լուսանկարներից:

Նույն շարքից