Բարի օր Լրահոս 

Ադրբեջանցիներն օրական 3 անգամ Նիկոլ Փաշինյանի թույլտվությամբ Հայաստանի երկնքով իրականացնում են Բաքու-Նախիջեւան-Բաքու չվերթ

analitik.am

Ուշադիր նայեք էս նկարին. սա Բաքու-Նախիջեւան չվերթն է, որը կատարվում է Հայաստանի երկնքով:

1. 2021-ի հոկտեմբերից ադրբեջանցիներն օրական 3 անգամ մեր երկնքով իրականացնում են Բաքու-Նախիջեւան-Բաքու չվերթ: 3 անգամ՝ առավոտյան, կեսօրին, երեկոյան:

2. Դրա համար նրանք ունեն Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանության համաձայնությունը-թույլտվությունը:

3. Եթե հարցնեք ՀՀ էսօրվա իշխանություններին, կասեն, թե իբր միջազգայնորեն արգելելու իրավունք չունեն, ինչը բացահայտ սուտ է, քանի որ քաղավիացիայի ոլորտը կարգավորող Չիկագոյի կոնվենցիան պատերազմի ազդեցությունը կրող պետությանը (անկախ նրանից՝ տվյալ պետությունը պատերազմող է, թե չեզոք) տալիս է ազատություն իր գործողությունների ընտրության մեջ:

4. 2021-ի հոկտեմբերից հետո ադրբեջանցիները շարունակել են անցնել ՀՀ երկնքով նույնիսկ 2021-ի նոյեմբերին, երբ օկուպացնում էին ՀՀ սուվերեն տարածքներ, մասնավորապես, Սյունիքում ու Վայոց Ձորում:

5. Ադրբեջանցիները 2021-ի հոկտեմբերից հետո մեր երկինք չեն մտել միայն 2022-ի աշնան մի կարճ ժամանակահատված, երբ լայնածավալ ռազմական ագրեսիա սանձազերծեցին ու օկուպացրին ՀՀ նոր տարածքներ:

6. Ադրբեջանցիները մեր երկինք չեն մտել միայն իրենց անվտանգությունից ելնելով եւ ոչ թե այն պատճառով, որ ՀՀ իշխանություններն արգելել են:

7. Էս նկարը 29.07.2023-ի առավոտյան տեղի ունեցած չվերթի պատկերն է: Այդ ընթացքում բաքվի ռեժիմը 230 օր բլոկադայի մեջ է պահում Արցախն ու արցախցիներին:

8. Իսկ թե ինչու ՀՀ-ն մի կիսապատասխան քայլ չի անում «կիրթ» հարեւանի նկատմամբ, որն օձի պես փաթաթվել է Արցախի շուրջը, ՀՀ գործող իշխանությունները կասեն, որ «անհոգնել» առաջ են տանում «իրենց խաղաղության օրակարգը»: Էն օրակարգը, որտեղ դու թղթե շերեփով երրորդ երկրներից ինչ-որ գործողություն ակնկալողի դերում ես, բայց երբ հերթը քո գործողություններինն է, այ էսպես համաձայնողի, զիջողի, դուռ բացողի դերում ես, քանի որ վախենում ես մի բան (չ)անես, քանզի քո ասած «կիրթը» կարող ա մի հատ անկիրթ ձեւով հասցնի «անհոգնել» դեմքիդ:

9. Հայկական օդանավերը շատ-շատ վաղուց չեն մտնում Ադրբեջանի տարածք, չնայած վերջինիս օդը պաշտոնապես փակ չի մեր օդանավերի առաջ, այլ հարց է, թե գործնականում ինչ կլինի:

10. ՀՀ-Արցախ միջանցքի ապօրինի բլոկադան, միջազգային հանրություն կոչված ամորֆ զանգվածի լռությունից «կիրթ» դիկտատորի օրեցօր աճող ցինիզմը թույլ են տալիս ասել, որ եթե ՀՀ գրանցումով օդանավ մտնի նրանց երկինք, ապա դիկտատորը կգործի իր էն տխրահռչակ բեղավոր եղբոր՝ բատկայի պես, ով ճակատին ունի «Եվրոպայի վերջին դիկտատոր» պիտակը ու մի անգամ նույնիսկ իր երկնքով անցնող օդանավն իջեցնել տվեց, որ միջից հանի ու բռնի իրեն քննադատող բլոգերին:

11. Քանի որ սրանք երկուսով մարդ առեւանգելու մասնագետներ են (Լապշինի օպերացիան կհիշեք), իսկ դիկտատորները սովորում են նաեւ միմյանցից, 2020-ից հետո շարունակական ռեժիմով տեղի ունեցողը Արցախի ու Հայաստանի շուրջ ցույց է տալիս, որ հայկական օդանավերը, ըստ ամենայնի, նստեցվելու են, իսկ ուղեւորները առեւանգվելու, եթե մեր ավիաընկերությունները միամտություն ունենան չվերթ պլանավորել դրանց երկնքով:

Լրագրող Վահե Սարուխանյան

 

Նույն շարքից