Բարի օր Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանը Տիգրան Ավինյանից փոքրիկ Նիկոլ Փաշինյան է կերտել

analitik.am

Մայրաքաղաքում աղբահանության հետ կապված խնդիրը լուծված է: Հպարտորեն հայտարարվել է Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական նիստի ժամանակ: Այպիսով՝ քաղաքացիները պարտավորվում են չհավատալ իրենց աչքերին ու հավատալ ականջներին: Եթե Երևանի քաղաքապետարանից ասում են, որ մածունը սև է, ուրեմն այն սև է ու վերջ:

Եթե մի պահ պատկերացնենք, որ աղբահանության հետ կապված խնդիրն իրոք լուծված է, ապա առնվազն հարց կարող է առաջանալ, թե ինչպես քաղաքապետարանին հաջողվեց այսքան արագ լուծել խնդիրը. դեռ 10 օր առաջ այն ծայրահեղ վիճակում էր գտնվում: Հաշվի առնելով քաղաքապետարանի գրեթե բոլոր ոլորտներում տապալումը՝ առաջին տրամաբանական պատասխանն այն է, որ խնդիրն արհեստական էր. Քաղաքապետարանում որոշել էին միտումնավոր տապալել աղբահանությունը, հետո հերոսի նման հաղթահարել այն՝ իբր կարողանում են խնդիր լուծել:

Սակայն, այդ մասին չէ, որ պետք է խոսել Երևանի քաղաքապետարանի գործունեությանը հետևելիս: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է բեմականացման նմանվող գործակարգավարական նիստերին: Այդ նիտերին հետևողներն անզեն աչքով կարող են նկատել, որ այստեղ լուրջ փոփոխություն է տեղի ունեցել: Նիստերը այլևս չեն նմանվում Հայկ Մարությանի, Հրաչյա Սարգսյանի, ինչպես նաև սկզբնական շրջանում Տիգրան Ավինյանի վարած նիստերին, որոնց ընթացքում նրանք գործի էին դնում իրենց դերասանական տաղանդը, երբեմն անգամ ձայն բարձրացնում քաղաքապետարանի պաշտոնյաների վրա՝ պահանջելով կատարել այս կամ այն հանձնարարականը:

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստերը սկսել են նմանվել կառավարության նիստերին, իսկ Տիգրան Ավինյանը՝ Նիկոլ Փաշինյանին:

Եթե մի պահ կտրվես իրականությունից ու միայն հետևես նիստերին, տպավորություն կարող է ստեղծվել, որ Երևանում, ինչպես՝ Հայաստանում, ամեն ինչ լավ է, հիանալի, հեքիաթային ու եթերային: Չկան խնդիրներ, իսկ առաջացող խնդիրները լուծվում են մի վարկյանում, բնականաբար՝ Ավինյան Տիգրանի շնորհիվ: Քաղաքապետի տեղակալն անգամ ստիպում է, որպեսզի վարչական շրջանների ղեկավարները մանրամասն զեկուցեն ամեն թփի ու քարի մասին, որը տնկվում ու շարվում է, ամեն ճաղավանդակի մասին, որը դրվում կամ ներկվում է:

Տպավորություն է ստեղծվում, որ Տիգրան Ավինյանը հանձնարարական է ստացել Նիկոլ Փաշինյանից մի կողմ դնել դերասանությունն ու ամեն ինչ ներկայացնել վարդագույն գույներով: Դա տրամաբանական է, քանի որ ընտրությունների օրը մոտենում է: Քաղաքացիներին պետք է ցույց տալ, թե քաղաքապետարանը փայլուն է կատարում իր աշխատանքը, իսկ Ավինյանը տիրապետում է իրավիճակին: Ավինյանն այնքան է նմանվել Նիկոլ Փաշինյանին, որ նիստում, Գազելների մասին խոսելիս, դրանք անվանում է «հուսահատության Գազելներ»՝ կրկնելով Նիկոլ Փաշինյանի բառերը:

Ստացվում է, որ Փաշինյանին գոնե այս պահի դրությամբ հաջողվել է Տիգրան Ավինյանից կերտել փոքրիկ Նիկոլ Փաշինյանի, ով ենթարկվում է իրեն, կրկնում իր ձեռագիրը, կրկնօրինակում բառերն ու ոճը:

Նույն շարքից