Բարի օր Լրահոս Հասարակություն 

Երևանում հիմնանորոգման ընթացքում մանկապարտեզը կորցրել է իր տարածքի մի մասը

analitik.am

Ապրիլի 3-ին Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական նիստում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետ Խորեն Գրիգորյանը փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանին զեկուցեց մայրաքաղաքում 2022 թվականից վերանորոգման ընթացքի մեջ գտնվող մանկարպարտեզների շինարարական աշխատանքների մասին:

Պաշտոնյան զեկուցեց նաև Արաբկիր վարչական շրջանի թիվ 23 մանկապարտեզի վերաբերյալ՝ հայտարարելով, որ ավարտվել են մանկապարտեզի վերանորոգման աշխատանքների 70 տոկոսը:

Հավանաբար նախօրոք պայմանավորվածությամբ՝ Ավինյանը Գրիգորյանին խնդրեց ներկայացնել նաև նախագծման փուլում գտնվող մանկարտեզների մասին:

Պարզվեց, որ նախագծվում է կառուցել 12 մանկապարտեզ: Ինչպես արդեն նշեցինք, դեռ 4 ամիս առաջ հնչած զեկույցի համաձայն, Արաբկիր վարչական շրջանի թիվ 23 մանկապարտեզի վերանորոգման աշխատանքների 70 տոկոսը ավարտված էր: Իհարկե նիստի ժամանակ ու առհասարակ քաղաքապետարանի աշխատակիցները՝ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ, երբեք չեն էլ բարձրաձայնի, թե ինչ խութեր կան մանկապարտեզների վերանորոգման հարզում: Նրանց պետք է բարձրաձայնել միայն լավի, լուսավոր կետերի մասին:

Analitik.am-ին ահազանգած քաղաքացին խնդրում է բարձրաձայնել այն մասին, թե ինչպես է վերակառուցվում վերոնշյալ մանկապարտեզը: Քաղաքացու պնդմամբ՝ մանկապարտեզը հիմնանորոգման ընթացքում կորցրել է բակի մի ամբողջ հատված, որտեղ կանաչապատ տարածքներ էին մինչ հիմնանորոգումը սկսելը:

Այդ տարածքում տաղավարներ կային, ազատ տարածք՝ երեխաների զբոսանքը կազմակերպելու համար։ Քաղաքացուն վստահեցրել էին, որ պետք է լուծվեին բակի ոռոգման հարցերը և նոր տաղավարներ տեղադրվեին, իսկ հիմա, ըստ նոր նախագծի, բակ ասվածը գոյություն չունի։

Մոտ 40 տարի գործող մանկապարտեզի շենքի և բակի նախագիծը այնպես է արված եղել, որ լիարժեք ապահովել է երեխաների բոլոր պահանջմունքները, իսկ հիմա անգամ դժվար է պատկերացնել, թե ինչպիսի տեսք է ունենալու։

Քաղաքացին խնդրում է իմանալ․ եթե սխալներ են թույլ տրվել, ապա հնարավո՞ր է կասեցնել աշխատանքները:

Հաշվի առնելով մայրաքաղաքում շինարարական բում ասվածը՝ կարելի է ենթադրել, որ քաղաքապետարանը թաքուն օտարել կամ պատրաստվում է օտարել մանկապարտեզի սույն հատվածը, ինչի արդյունքում ամիսներ առաջ մենք մանկապարտեզի տարածքում կարող ենք տեսնել ինչ-որ շինություն, իսկ ավելի ճիշտ՝ բարձրահարկ: Նույնիսկ անզեն աչքով է երևում, որ այսօր Երևանում բարձրահարկ շենքերն աճում են սնկի նման:

Քաղաքապետարանը կարծես վերածվել է շինթույլտվություն տվող գրասենյակի ու այլ գործունեությամբ չի զբաղվում: Շինարարություն իրականացնողները մեծ հաշվով պարտավոր էլ չեն հոգ տանել Երևանի տեսքի, երևանցու առողջության մասին, ինչի արդյունքում էլ ամեն անկյունում մի շենք է բուսնում՝ դրան զուգահեռ ավելի կեղտոտելով Երևանի օդը:

Եվս մեկ հանգամանք. շաբաթներ առաջ հայտնի դարձավ, որ քաղաքապետարանը դեմ չէ մայրաքաղաքի զբոսայգիները վերանորոգելու հանձնել ընկերությունների, որոնց հենց այդ այգում տարածք կհատկացվի տնտեսվարություն իրականացնելու համար:

Նման որոշում կայացնող քաղաքապետարանն ու քաղաքապետարանում փաստացի կուռացիա անող Տիգրան Ավինյանը կարող է նաև նմանատիպ որոշում կայացնել մանկապարտեզների մասով: Դա հաստատ զարմանալի չի լինի:

Նույն շարքից