Լրահոս Տնտեսություն 

Բյուջեի վեց ամսվա ծախսերը հետ են մնում խորհրդարանի կողմից հաստատված պլանից. Հրանտ Բագրատյան. «Հրապարակ»

analitik.am

«Հրապարակ» թերթը գրում է. «Ամսեամիս ՀՀ կառավարությունը զեկուցում է հարկային եկամուտների ծրագրված ցուցանիշների ավելացման մասին։ Հայտնի է, որ պատճառները հիմնականում արտաքին են՝ ռուս-ուկրաինական պատերազմ, «ռելոկանտների» ներհոսք ՌԴ-ից, Ուկրաինայից, զուգահեռ արտահանում դեպի Ռուսաստան։ Սակայն անգամ այս գործոնների պարագայում բյուջեի ավելցուկի մասին խոսելը ճիշտ չէ՝ կարծում է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

«Սա բյուջեի եկամուտներն են, բա ծախսե՞րը։ Մենք ունենք 2,6 տոկոս բյուջեի դեֆիցիտ։ Եթե մի քիչ էլ ավելի է հավաքվում, դեֆիցիտն են փակում։ Այսինքն՝ առաջ փակում էին Կենտրոնական բանկի էմիսիայի հաշվին, իսկ հիմա դա չեն անում։ Բյուջեի լրիվ ծախսերն իրականացնելու համար պետք է մոտ 160 մլրդ դրամի էմիսիա անեին, հիմա 30 մլրդ պակաս կանեն, բայց ծախսերը չեն կարողանում իրացնել»։

Հիշեցնենք․ կառավարությունը հրապարակել է, որ 2023-ի առաջին կիսամյակի արդյունքներով բյուջեի եկամուտները գերակատարվել են շուրջ 50 միլիարդ դրամով, իսկ 7 ամսվա արդյունքներով, ըստ Պետեկամուտների կոմիտեի, հարկային եկամուտները եղել են 1 տրիլիոն 265 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելի է 178,4 մլրդ դրամով կամ 16,4 տոկոսով։

Կառավարությունում հպարտանում են, թե հարկային եկամուտներն ավելացել են, հավաքագրումն աճել է, եւ դա իրենց աշխատանքի արդյունքն է։ «Պետք է հասկանալ, որ դա 10 տոկոս ինֆլյացիայի եւ արտաքին տնտեսական գործոնների արդյունքն է։ Այնպես չէ, որ լավ են աշխատել ու շատ հարկեր են հավաքել»։ Այսինքն՝ բյուջեն իրականում չի՞ ավելացել։ «ԱԺ-ի կողմից հաստատված բյուջեի սահմաններում մենք գերակատարում չունենք։ Ավելին, բյուջեի վեց ամսվա ծախսերը հետ են մնում խորհրդարանի կողմից հաստատված պլանից, այսինքն՝ ծախսերը դեռ մի բան էլ չեն կատարվում», - պատասխանում է Բագրատյանը»:

Նույն շարքից