Տնտեսություն 

Ռուսաստանը Տավուշի մարզի 45 սահմանամերձ համայնքների զարգացման համար ավելի քան 5 մլն դոլար կտրամադրի

analitik.am

Ռուսաստանը Տավուշի մարզի 45 սահմանամերձ համայնքների զարգացման համար ավելի քան 5 մլն դոլար կհատկացնի ՄԱԿ–ի զարգացման ծրագրով (UNDP) «Գյուղական համայնքների զարգացման ինտեգրված աջակցություն. համայնքների կայունության ամրապնդում» 5–ամյա նախագծի շրջանակում։



Չորեքշաբթի Երևանում համապատասխան համաձայնագիր են ստորագրել Հայաստանում UNDP–ի մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն, ՀՀ–ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը և ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը։



«Ռուսաստանը հետևողականորեն ավելացնում է իր ջանքերը կայուն զարգացում ձեռքբերելու գործում իր օտարերկրյա գործընկերներին աջակցելու հարցում` ղեկավարվելով նպատակներով, խնդիրներով և սկզբունքներով, որոնք սահմանված են միջազգային զարգացմանն աջակցելու ոլորտում Ռուսաստանի պետական քաղաքականության հայեցակարգում», – ասաց Վոլինկինը։



Նրա խոսքերով` միջազգային զարգացման ռուսական աջակցությունից օգտվողների թվում են, առաջին հերթին, ԱՊՀ երկրներն ու Եվրասիական ինտեգրման գործընկերները, որոնք ավանդաբար սերտ տնտեսական, քաղաքական և մշակութային կապեր ունեն Ռուսաստանի հետ։



«Այս համատեքստում Ռուսաստանի կառավարությունը որոշում է ընդունել հատկացնել ավելի քան 5 մլն դոլար 2015–2019 թթ.–ին ՄԱԿ–ի զարգացման ծրագրի նախագծի իրականացմանը, որը վերաբերում է Հայաստանի գյուղական համայնքների համալիր զարգացմանն ու աջակցությանը` համայնքների կայուն զարգացման նպատակով։ Նախագծի շրջանակում նախատեսվում է Տավուշի մարզում անցկացնել համալիր միջոցառումներ, որոնք ուղղված են մարզի հավասարակշիռ զարգացմանը, գյուղական տնտեսություններից ստացված եկամուտների ավելացմանը, աղքատության կրճատմանը, բնակչության կենսամակարդակի բարելավմանը», – նշեց Վոլինկինը։



Նա նշեց, որ ըստ ծրագրի` աջակցություն կստանա Հայաստանի 62 հազար բնակիչ։



«Մեր կարծիքով` Ռուսաստանի կողմից ֆինանսավորվող ծրագիրը կնպաստի, որպեսզի Հայաստանը հասնի զարգացման ոլորտում սահմանված նպատակներին, ինչպես նաև հետագայում ամրապնդվի մեր ռազմավարական գործընկերությունը», – ընդգծեց Վոլինկինը։



Հայաստանում UNDP–ի մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն իր հերթին նշեց, որ ՄԱԿ–ի զարգացման ծրագիրը, որպես համաշխարհային զարգացման ապահովման ոլորտում գործող կազմակերպություն, փորձում է Հայաստանի առանձին համայնքների համար ապահովել ոչ թե կարճաժամկետ, իրավիճակից բխող աջակցություն, այլ աջակցություն` ուղղված այդ համայնքների կայուն զարգացմանը։



«Այս համատեքստում ցանկանում եմ երախտագիտություն հայտնել Ռուսաստանի և Հայաստանի կառավարություններին հիանալի համագործակցության և գործընկերության համար այնպիսի կարևորագույն հարցում, ինչպիսին խոցելի համայնքներին ցուցաբերվող օգնությունն է», – ասաց Բուզետտոն։



Նրա խոսքերով` UNDP–ին և Ռուսաստանն այս տարվա հունվարին ռազմավարական համագործակցության համաձայնագիր են ստորագրել, որտեղ Ռուսաստանը հանդես է գալիս որպես կարևոր գործընկեր–դոնոր UNDP–ի ծրագրի իրականացման հարցում ոչ միայն Հայաստանում, այլ նաև Բելառուսում, Ղրղըզստանում, Տաջիկստանում և այլ երկրներում։



Ինչպես նշեց ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ծրագիրը շատ կարևոր է, քանի որ ներդրումներ կիրականացվեն 45 համայնքներում, որոնց թվում են նաև սահմանամերձ շրջանները։

«Այսօր նման խնդիր կա, և այն մնում է։ 5 տարում 5 մլն դոլարը քիչ չէ, և ես ուզում եմ և իմ և կառավարության անունից շնորհակալություն հայտնել Ռուսաստանին և UNDP–ին աջակցության համար։ Հավասարաչափ զարգացումն ու ապակենտրոնացումը մեր կարևորագույն առաջնահերթություններից են», – ասաց Երիցյանը։

 


Նույն շարքից