Լրահոս Սպորտ 

Հայաստանը 7-րդ օլիմպիական ուղեգիրն ունի

analitik.am

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը Փարիզում կայանալիք 2024 թվականի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել:

Դավթյանը Բելգիայի Անտվերպեն քաղաքում մեկնարկած աշխարհի առաջնությունում ՕԽ անվանական ուղեգիր է նվաճել բազմամարտի արդյունքներով:

Հայաստանի հավաքականի 5 մարմնամարզիկները՝ աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը, Եվրոպայի չեմպիոն Հարություն Մերդինյանը, Եվրոպայի առաջնության մեդալակիր Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը և Գագիկ Խաչիկյանը, հանդես են եկել նաև առանձին գործիքների որակավորման փուլում. նրանցից 4-ն անցել է եզրափակիչ:

Արթուր Դավթյանը հանդես կգա հենացատկի եզրափակչում, Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը՝ օղակների, իսկ Հարություն Մերդինյանը՝ նժույգթափերի վարժության եզրափակչում: Հայաստանի հավաքականի մյուս անդամ, երիտասարդ մարմնամարզիկ Գագիկ Խաչիկյանը նժույգթափեր վարժությունում զբաղեցրել է 9-րդ տեղը, բայց որպես առաջին պահեստային, հնարավոր է, մասնակցի եզրափակիչ փուլին:

Առանձին գործիքների եզրափակիչները նախատեսված են հոկտեմբերի 7-ին և 8-ին:

Հայ մարմնամարզիկներն ԱԱ-ին մասնակցում են մարզիչներ Հակոբ Սերոբյանի, Հայկ Նազարյանի և Սոս Սարգսյանի ղեկավարությամբ:

Նշենք՝ սպորտային մարմնամարզության աշխարհի 52-րդ առաջնությանը 73 երկրների 400 մարզիկներ են մասնակցում:

Հայաստանի ներկայացուցիչներից 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում ավելի վաղ իրենց մասնակցությունն ապահովել էին նաև հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Մալխաս Ամոյանը, Սլավիկ Գալստյանը, Վազգեն Թևանյանը և Արսեն Հարությունյանը:

Նույն շարքից