Բարի օր Հասարակություն Մշակույթ 

Հայաստանում առաջին անգամ կայացավ «Տուն տեղ» դիզայն Մրցանակաբաշխությունը

analitik.am

Դեկտեմբերի 11-ին «Մոսկվա» կինոթատրոնի մեծ դահլիճում Հայաստանում առաջին անգամ կայացավ «Տուն տեղ» դիզայն Մրցանակաբաշխությունը։ Այն մեկ հարկի տակ էր համախմբել ինտերիեր եւ էքստերիեր դիզայնի, հայկական ճարտարապետության, ժամանակակից արվեստի եւ հարակից ոլորտների ներկայացուցիչների։

«Տուն տեղ» դիզայն մրցանակաբաշխության մտահղացումը հայկական հեռուստատեսությունում արդեն 5 տարի իր ուրույն տեղն ունեցող «Տուն տեղ» հեռուստանախագծի հեղինակ եւ վարող Կարեն Գրիգորյանինն է։

Մրցանակաբաշխությանը ներկա էին դիվանագիտական անձիք, հայկական խոշոր ընկերությունների ղեկավարներ, ոլորտի ու մշակույթի մի շարք հանրային դեմքեր։ Իսկ դահլիճը լեփ-լեցուն էր. հրավիրված էր 300 հյուր, բայց ներկաների թիվն անցնում էր 670-ը, ինչը խոսում է «Տուն տեղ» դիզայն մրցանակաբաշխության շուրջ առաջացած հետաքրքրության մասին։

Ի դեպ, «Տուն տեղ» դիզայն առաջին մրցանակաբաշխությունը նվիրված էր մեծն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի 145-ամյակին։ Տեղական եւ արտերկրյա հեղինակավոր մասնագետներից կազմված անկախ փորձագիտական հանձնաժողովը, մասնագիտական բուռն քննարկումների արդյունքում, 300-ից ավելի նոմինացված մասնակիցներից առանձնացրել էր լավագույններին, որոնք երեկոյի ընթացքում արժանացան «Տուն տեղ» դիզայն մրցանակաբաշխության յուրահատուկ «Ապակե աղյուս» մրցանակների։

Մրցանակաբաշխության հանձնախմբի անաչառ որոշումների արդյունքում մրցանակակիրները նախ անակնկալի էին գալիս, նույնիսկ հուզվում բեմում։ Իսկ հանդիսատեսի արձագանքները փաստում էին, որ ինտերիեր դիզայնի ու ճարտարապետության ոլորտի ներկայացուցիչներն էլ ոչ պակաս ճանաչում են վայելում հանրության կողմից։ Ընդ որում՝ դահլիճը մրցանակակիրների ընտրության հարցում, կարծես թե, համակարծիք էր, քանի որ յուրաքանչյուր անվանակարգում հաղթողի անունը հնչեցնելիս վերահաստատում էր, որ արժանի են: Անգամ՝ շշուկներով միմյանց հետ մտքեր փոխանակելիս՝ շեշտում էին, որ ընտրությունը ճիշտ է կայացված, իսկ «Տուն տեղ»-ն այն եզակի անաչառ մրցանակաբաշխություններից է, որի արդյունքները գոհացնող են։

Այսպիսով, «Տուն տեղ»-ի «Ապակե աղյուս» հատուկ մրցանակները 16 անվանակարգերում հաղթող մասնակիցներին հանձնեցին տարբեր ոլորտների անվանի ու հանրային դեմքեր։

«Տարվա լավագույն դիզայներ» անվանակարգում «Ապակե աղյուս» մրցանակը տրվեց Զոհրաբ Զուրաբյանին՝ «Զաարթ» ճարտարապետական արվեստանոցին։

«Տարվա լավագույն ճարտարապետ» մրցանակը տրվեց Արտակ Կնյազյանին՝ «Արխանգել» ճարտարապետական արվեստանոց։

«Տարվա լավագույն էկո դիզայն» համարվեց UNDP/ ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը։

«Տարվա լավագույն սմարթ դիզայն» ճանաչվեց «Ստորակետ» ճարտարապետական արվեստանոցը։

«Տարվա լավագույն հայկական դիզայն» մրցանակը բաժին հասավ դիզայներ Արեւիկ Գրիգորյանին՝ «Օ-սոլեյլ Դիզայն» ընկերությանը։

«Տարվա լավագույն Հոռեկա դիզայն» անվանակարգում մրցանակը տրվեց Միքայել Կառսյանին՝ Իմիջմեն ճարտարապետական եւ դիզայներական արվեստանոց։

«Տարվա լավագույն դիզայն ստուդիո» համարվեց Արամ Դանիելյանի «Արմատ ինտերիեր եւ ճարտարապետություն» արվեստանոցը։

«Տարվա լավագույն ցուցասրահ» մրցանակը տրվեց Արմինե Անտիկյանի «Անտիկյան ցուցասրահին։ «Տարվա հայտնություն» անվանակարգում լավագույնը համարվեց Տաթեւիկ Գյուլխասյանը՝ «Թինկ»

ճարտարապետական արվեստանոց։

«Տարվա լավագույն կառուցապատող» մրցանակը տրվեց Ավետիս Խախամյանին՝ Խախամյան Հերիթեյջ

կառուցապատող ընկերությանը, Ամանու բնակելի թաղամասի համար։

«Լավագույն հրավիրված դիզայներ» ճանաչվեց Ելենա Կրիլովան։

«Տարվա լավագույն կին դիզայն ինֆլյուենսեր» համարվեց Ռոզա Սամվելյանը՝ «Ճարտարապետ» տարեգիրք։

«Իտալական դիզայնի դեսպան» համարվեց իտալացի ինտերիեր դիզայներ Միքելանջելո Տուրկոն։

«Տարվա Լավագույն միջոցառում» ճանաչվեց «Ֆուտուրիս» Ճարտարապետական արվեստանոցը՝ «Փորձի փոխանակումը որպես կրթվելու միջոց» միջոցառման համար։

«Տուն Տեղ հեռուստանախագծի հավատարիմ գործընկեր» անվանակարգում լավագույնը դարձան «ՊրոֆԱլ» եւ «Լիվինգս» ընկերությունները։

Իսկ «Տուն Տեղ նախագծի հեռուստադիտողների կողմից ամենից շատ սիրված մասնակից» անվանակարգում մրցանակը տրվեց Լիդիա Սարիբեկյանին՝ «Նարեկ» ընկերություն։

«Տուն Տեղ հեռուստանախագծի վստահելի գործընկեր» անվանակարգում լավագույնը դարձավ «Լիտոկոլ» ընկերությունը։

Ըստ Կարեն Գրիգորյանի, մրցանակաբաշխության ստեղծման նպատակն է ձեւավորել յուրահատուկ հարթակ՝ ոլորտի ներկայացուցիչների համար։

«Հայաստանում օր օրի զարգանում է ժամանակակից ճարտարապետությունն ու ինտերիեր ու էքստերիեր դիզայնը: Այս օրերին հատկապես մեր երկիրը կառուցապատման բում է ապրում, ուստի՝ շատ կարեւոր է ճիշտ վերահսկել, մոտիվացնել ոլորտի լավագույններին, փորձի փոխանակման համար ստեղծել համապատասխան միջավայր՝ արտերկրի անվանի ու խոշոր ճարտարապետական արվեստանոցների ու դիզայներների հետ։ Հայաստանում այս կարեւոր ուղղությունը, ինչպիսին ճարտարապետության ու դիզայնի ոլորտն է, պետք է ճիշտ ճանապարհի վրա գտնվի, իսկ ոլորտի լավագույն ներկայացուցիչները՝ չմնան ստվերում»,- ասում է «Տուն տեղ» դիզայն մրցանակաբաշխության մտահղացման հեղինակ Կարեն Գրիգորյանն ու ընդգծում, որ այս ամենը մրցանակաբաշխությունով չի ավարտվելու։ Ավելին՝ ստեղծվել եւ արդեն գործում է TT design awords կայքը, որտեղ մուտք գործելիս կգտնեն «Տուն տեղ» դիզայն մրցանակաբաշխության մասին։

«Այսօրվանից արդեն «Տուն տեղ» դիզայն 2024 մրցանակաբաշխությանը անվանակարգվելու համար ցանկացողները կարող են հայտեր ուղարկել»,- հայտարարեց Կարեն Գրիգորյանն ու տեղեկացրեց. «Հաջորդ տարի նախատեսում ենք դիզայներներից ու ճարտարապետներից զատ, մրցանակաբաշխության ցանկում ընդգրկել նաեւ շինարարական ընկերություններին»։

Կ. Գրիգորյանը նաեւ նշեց, որ «Տուն տեղ» դիզայնը չի սահմանափակվելու միայն մրցանակաբաշխությամբ եւ տարվա ընթացքում կազմակերպելու է հանդիպումներ դիզայներների ու ճարտարապետների հետ. «Այդ հանդիպումների ընթացքում քննարկվելու է այսօր ոլորտում առկա խնդիրները՝ փոփոխությունների եւ առաջարկների ձեւաչափով»։

Տեղեկացնենք նաեւ, որ հեռուստադիտողը «Տուն տեղ» դիզայն 1-ին մրցանակաբաշխության տեսագրությունը հնարավորություն կունենա դիտելու «Տուն տեղ» հեռուստանախագծի ամանօրյա եթերում։

Նույն շարքից