Լրահոս Հայաստան Հասարակություն 

Բռնի տեղահանված արցախցիներից Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար դիմել է 735 մարդ

analitik.am

Լեռնային Ղարաբաղից փախստականները նշված վկայականով մեկնում են ՀՀ տարածքից դուրս։ Այդ վկայականը, որ քաղաքացին գտնվում է ՀՀ պաշտպանության ներքո և օգտվում է միջազգային պաշտպանությունից՝ Ժնևի կոնվենցիաներին համապատասխան, չի կարող փոխանցվել Ադրբեջանին։ Սա լրացուցիչ պաշտպանության միջոց է ճանապարհորդելիս: Նման տեղեկանք արդեն տրվել է ավելի քան 53 հազար քաղաքացու։ Այս մասին ասուլիսում հայտարարեց ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը՝ պարզաբանելով ԼՂ-ից բռնի տեղահանված արցախցիներին տրվող ժամանակավոր պաշտպանության վկայականների էությունը։

Նա նաև հայտնեց, որ քաղաքացիության 735 դիմում է ներկայացվել։ Բացի այդ, իրականացվում է Արցախից բռնի տեղահանվածների գրանցումը Հայաստանի Հանրապետության հասցեներով․ ավելի քան 40․000 քաղաքացի գրանցված է արդեն։

Իսկ թե ինչու են նպաստ ստանալու հերթեր գոյանում և ինչո՞ւ քաղաքացիներին ժամանակավոր անձնագրեր չեն տրամադրում՝ Արմեն Ղազարյանը նշեց, որ բռնի տեղահանված քաղաքացիների հաշվառումն իրականացվում է սեպտեմբերի 24-ից, և աջակցության ծրագրերով վճարումները կատարվում են արագ, ոչ թե հասցեների հաշվառման հիմքով, այլ՝ ելնելով տեղահանված լինելու փաստից։ Ըստ նրա՝ մշտական վճարումներից՝ նպաստներ, թոշակներ լիովին թվայնացված համակարգ չկա, և հաշվապահական հաշվառման գործընթացը ստիպված են լինում իրականացնել թղթային ձևով, ինչը դառնում է հերթերի պատճառ։

Նրա փոխանցմամբ՝ հաշվառվել է ավելի քան 42 հազար քաղաքացի, առաջնահերթությունը տրվել է 63 տարեկանից բարձր քաղաքացիներին՝ կենսաթոշակների վճարումը չուշացնելու համար։ Ըստ Ղազարյանի, փաստորեն լուծված է Լեռնային Ղարաբաղի բոլոր կենսաթոշակառուների հաշվառման հարցը։ Ինչ վերաբերում է ժամանակավոր անձնագրերին, ապա ըստ Ղազարյանի՝ ժամանակավոր անձնագրերի կարիք չկա, նրանք կարող են աշխատանք գտնել՝ օգտագործելով առկա փաստաթղթերը, բացառությամբ այն աշխատատեղերի, որտեղ ՀՀ քաղաքացիություն է պահանջվում։

Նույն շարքից