Լրահոս Պատահարներ 

Երևանի Նոր Արեշ թաղամասում պայթյունի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ. Աբրահամյան

analitik.am

Երևան քաղաքի Նոր Արեշ թաղամասի 34–րդ փողոցում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

«Ձևավորվել է քննչական խումբ։ Այս պահին շարունակվող որոնողական և փրկարարական աշխատանքներին զուգահեռ քննիչների կողմից դեպքի վայրում իրականացվում են անհրաժեշտ և անհետաձգելի գործողություններ»,– գրել է Աբրահամյանը։

Նա նաև նշել է, որ Երևան քաղաքի Նոր Արեշ թաղամասի 34-րդ փողոցում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ամբողջությամբ կամ մասնակի փլուզվել և վնասվել են մի քանի բնակելի տներ։

Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի` հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք հոդվածով։

Տեղի ունեցած պայթյունի և փլուզման պատճառները, ինչպես նաև դեպքի մնացած հանգամանքները կպարզվեն սկսված նախաքննությամբ։

Հիշեցնենք` այսօր ժամը 11։30-ի սահմաններում պայթյուն է որոտացել Երևանի Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշի 34–րդ փողոցում, 3-4 սեփական տուն է փլուզվել։ Վարկած կա, որ պատճառը գազի բալոնի պայթյունն է։

Դեպքի վայրում աշխատում են հրշեջ–փրկարարները, կինոլոգները և շտապօգնության բրիգադներ։

ԶԼՄ–ներում տեղեկություններ կան, որ հոգեկան անհավասարակշիռ վիճակում գտնվող տղամարդ է պայթեցրել իր տունը։

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանն ավելի վաղ հայտնել էր, որ նախնական տեղեկություններով` 2 տուժած կա, որոնք արձագանքում են փլատակներից։

 

Նույն շարքից