Իրավական Լրահոս Հայաստան 

Ամենահայտնի քրեական գործերով տեսանյութի շուրջ աղմուկի մասին ԲԴԽ-ն պաշտոնական պարզաբանում է տարածել

analitik.am

Ամենահայտնի քրեական գործերով տեսանյութի շուրջ աղմուկի մասին ԲԴԽ-ն պաշտոնական պարզաբանում է տարածել: Այս մասին տեղեկանում ենք ԲԴԽ ֆեյսբուքյան էջից:

«ՀՀ դատական դեպարտամենտը տարածել էր տեսանյութ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի քրեական գործերի վաղեմության ժամկետների ավարտման պատճառների և այլնի մասին: (Տե´ս https://youtu.be/EtesFm1EucE?si=kDIcRDmGmIJpOXmZ )

Տեսանյութի հրապարակումից հետո որոշակի քաղաքական շրջանակների հետ կապված մի քանի փաստաբաններ, լրագրողներ և իրավապաշտպաններ, ինչպես նաև մի քանի չեզոք անձինք խստորեն քննադատեցին այն: Հարձակման հիմնական թեզերին անդրադառնանք առանձին:

Թեզ 1. «ԲԴԽ-ն իրավունք չունի նման ֆիլմեր նկարահանել, այն էլ՝ դատավորների մասին»։
ԲԴԽ-ն չի էլ պատրաստել այս տեսանյութը, դա արել է ՀՀ դատական դեպարտամենտը, որն ունի Դատական պրակտիկայի վերլուծության և մշտադիտարկման վարչություն, ինչպես նաև Մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն: Առաջինը հավաքագրել, վերլուծել և տրամադրել է բոլոր տվյալները, իսկ երկրորդը` այդ ամենն ամփոփել ու մատուցել է տեսանյութի ձևաչափով:

Թեզ 2. «Դատական դեպարտամենտն իրավունք չունի քննադատել որևէ դատավորի աշխատանք»:
Օրենքը լիազորում է Դատական դեպարտամենտին ուսումնասիրել դատական պրակտիկան և հանրայնացնել արդյունքները: Ըստ օրենքի՝ այդ հրապարակումներով կարգապահական վարույթ հարուցող Արդարադատության նախարարությունը և ԴԸԺ էթիկայի հանձնաժողովը նույնիսկ կարող են կարգապահական վարույթ բերել ԲԴԽ:

Թեզ 3. «Պետական (դատական) մարմինը չպետք է քննադատի մի դատավորին և գովաբանի մեկ այլ դատավորի»։
Հրապարակվել են բացառապես օբյեկտիվ և ճշգրիտ տվյալներ: Դատական դեպարտամենտի մեղքը չէ, որ մի դատավորի արդյունքներն ավելի դրական են եղել, քան մյուսինը: Ավելին` հանրությունն իրավունք ունի ստանալ չգաղտնիացված բոլոր այն տվյալները, որոնք չափազանց կարևոր են դատական իշխանության հեղինակության համար: Անթույլատրելի է լղոզել ճշմարտությունը, թացը չորի հետ խառնել, մեկ կամ երկու դատավորի թերացումների համար պախարակել ողջ դատական իշխանությանը: Առավել ևս՝ անընդունելի է տարբեր պետական մարմինների անբավարար ջանասիրության պարագայում բոլոր ձախողումների մեղքը բարդել միայն դատական համակարգի վրա: Դատական իշխանությունն այս տեսանյութով ապացուցում է, որ ունի բավարար ազնվություն և ինքնահայեցողություն, որպեսզի գտնի ու բացահայտի սեփական թերացումները: Նույնը մաղթում ենք բոլորին:

Թեզ 4. «Տեսանյութի առանձին դրվագներ ապացուցում են, որ եղել է դատական գործերին միջամտություն»:
Տեսանյութում մաթեմատիկական ճշտությամբ ներկայացված է, թե ինչպես է ԲԴԽ կազմի փոփոխությունը համընկել որոշ գործերի արագացման հետ: Դրա պատճառների մասին խոսք չի եղել: Ավելորդ շահարկումներից խուսափելու համար, կարող ենք միայն ենթադրել, որ արագացումը տեղի է ունեցել դատական համակարգի ընդհանուր կառավարման արդյունավետության բարձրացման կամ ԲԴԽ որոշումներով առանձին դատավորների պատասխանատվության ենթարկելու հետևանքով (օրինակ` գործերի ուշացման համար դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունների դադարեցումը):

Թեզ 5. «Տեսանյութը ճնշում է դատավորներին»:

Այնքան կեղծ ու անհիմն է այս պնդումը, որ դրա շրջանառողները չեն էլ կարողացել բացատրել, թե այդ ինչպես է ճշմարտությունը ճնշում դատավորին: Ճնշվող դատավորի վրա ավելի շատ կարող են ազդել տարբեր քաղաքական շրջանակները կամ դրանց կողմից պարբերաբար իրականացվող լրատվական արշավները, քան բաց տվյալների օբյեկտիվ և լիովին օրինական մատուցումը: Անկախ որոշ հարձակումներից՝ Դատական դեպարտամենտը չի պարտակելու ոչ մի կարևոր տեղեկատվություն և նորացված մեթոդներով իրականացնելու է անհրաժեշտ հանրային իրազեկումները: Վստահ ենք, որ Բարձրագույն դատական խորհուրդն էլ կշարունակի երաշխավորել Դատական դեպարտամենտի և բոլոր դատավորների բնականոն աշխատանքն ու անկախությունը»,- ասվում է պարզաբանման մեջ:

Նշենք, որ աղմուկ հանած տեսանյությում պարզաբանվում էր, թե ինչու են երկարաձգվել աղմկահարույց գործերի դատաքննությունը։

Նույն շարքից