Բարի օր Հասարակություն Քաղաքականություն 

Ինչո՞ւ «չխոսեցին շիրիմները», ինչո՞ւ և ինչպես «կարվեց» իտալական որդեգրումների գործը ու մնաց իշխանության կոկորդին. Show must go on

analitik.am

2018թ. գունավոր հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը «ժողջանին» խոստացավ հաց ու տեսարաններ: Հացը չկար, տեսարաններ՝ լիքը: Այդ ժամանակաշրջանում էր, որ նա իրավապահ մարմիններից ու իր կառավարության անդամներից սկսեց պահանջել սենսացիոն մասկի-շոուներ, «բացահայտումներ» և հորինված բեմադրություններ: Գունավոր հեղափոխությունների ժանրը դա էր պահանջում:

2019թ. հունվարի 10 կառավարության նիստում բավականին երկարատև քննարկում ծավալվեց երեխաների որդեգրման խնդրի շուրջ:

Այդ ժամանակ առաջին փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնող, ներկայիս ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նույն նիստում հայտարարեց, որ,  ըստ  օդում կախված լուրերի,  երեխաներին որդեգրման են տալիս արտասահման, և հետո որդեգրված երեխաների ճակատագիրը հայտնի չէ, ու չգիտեն, թե ինչ է լինում այդ երեխաների հետ՝ օրգանների վաճա՞ռք է տեղի ունենում, թե՞ ինչ, հայտնի չէ:

Շոուի մեկնարկը տրվեց օդում կախված լուրերով, բեմադրված հրահանգը՝ նույնպես. պետք էր գործի անցնել, ու անցան: Նախաձեռնվեց մի աղմկահարույց, հոգեցունց, հայ հասարակության համար անընկալելի, զգայուն թեմայի վերաբերյալ գործընթաց՝ արտասահմանյան որդեգրումները հանրությանը ներկայացնելով՝ որպես երեխաների առուվաճառք՝ նախկին իշխանությունների հովանավորչությամբ:

Եվ սկսվեց…

Հայտարարությունից 9 ամիս անց ԱԱԾ-ն բացահայտեց, որ իբր ապօրինի որդեգրվել է ընդամենը 30 երեխա և այն էլ՝ միայն դեպի Իտալիա: Թիրախում հայտնվեց  Իտալիան, ու սկսվեց այդ պետության հեղինակազրկումը:  Իշխանությունների հայտարարությունների արդյունքում ի հայտ եկան ինչ-որ մայրեր, ովքեր Գլխավոր դատախազության պատերի տակ ողբում  ու հեկեկում էին, թե իբր իրենց երեխաները չեն մահացել, այլ դարձել են ապօրինի որդեգրության զոհ: Ստեղծվեց  «Հայոց մայրեր» ՀԿ-ն, որը ներկայումս կալանքի տակ գտնվող փաստաբան Սուսաննա Սարգսյանի գլխավորությամբ հայտարարում էր, թե  շիրիմները սկսել են խոսել, և երդվում էր բոլոր երեխաներին վերադարձնել մայրերին: Հանրային ռադիոյի եթերում հայտարարում էին, որ Իտալիա որդեգրված երեխաները ենթարկվել են թրաֆիքինգի, այդ թվում՝ իբր տեղի է ունեցել օրգանների վաճառք:

Այս զարգացումներից հետո Կառավարության նիստի ժամանակ էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ բացահայտվել է ահասարսուռ մի դեպք՝ երեխաներ են ապօրինաբար որդեգրվել և ՀՀ-ից տեղափոխվել Իտալիա:

Իշխանությունները կազմակերպեցին համազգային ողբերգության բեմադրությունների շարք. հավաքագրեցին մի խումբ կանանց, որոնք Գլխավոր դատախազության դիմաց իրականացնում էին ակցիաներ՝ ուղեկցվող իրապես ողբալի տեսարաններով: Նրանք պնդում էին, որ իրենց երեխաները  մահացած չեն ծնվել, այլ իրենց խաբել են և երեխաներին մահացած ներկայացնելով՝ վաճառել:

Պահանջում էին կալանավորել Հանրապետական ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանին: Այդ կանայք, թերևս, իրենք էլ չէին հասկանում, որ կեղտոտ խաղի գործիք են դարձել:

Այսպիսով, երեխաների ապօրինի որդեգրման ձնագունդը մեծացավ և դարձավ Նիկոլ Փաշինյանի կողմից պատվիրված և այդքան սպասված քրեական գործհաղորդագրությունը ոստիկանությունը տարածեց 2019թ. նոյեմբերի 20-ին:

168.am-ի՝ կառավարությանը մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ այս գործն ի սկզբանե նախաձեռնել և հետագայում ու այժմ էլ համակարգում է Աննա Վարդապետյանը: Դեռ Արդարադատության՝ միջազգային որդեգրությունները համակարգող փոխնախարար եղած ժամանակ Աննա Վարդապետյանն արգելել էր Իտալիա կատարվող որդեգրություններով եզրակացություններ տրամադրել՝ կասկածի տակ դնելով Իտալիա կատարված որդեգրումների օրինականությունը և առհասարակ Իտալիայում այս գործընթացի իրավականությունը: Անգամ համակարգող փոխնախարարի պաշտոնից ընդամենը հայեցողական պաշտոնի՝ վարչապետի օգնականի հաստիքում նշանակվելուց հետո էլ վերջինս, մեր տեղեկություններով, հետևողականորեն շարունակում է այս գործընթացի համակարգումը (և ոչ միայն այս, այլև բազմաթիվ այլ աղմկահարույց քրեական գործերի համակարգումը ու դրանց՝ ըստ իր հայեցողության, ընթացքի ապահովումը,- 168.am)՝ ամեն հարմար առիթով պնդելով, որ Իտալիա որդեգրված երեխաները չեն որդեգրվել օրենքով սահմանված կարգով, այլ իբր բանդա է ստեղծվել Իտալիա որդեգրումները կազմակերպելու նպատակով:

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանի օգնական եղած ժամանակ Աննա Վարդապետյանն անձամբ է հանձնարարել քննիչին հատուկ հարցաքննել Իտալիայի նախկին վարչապետ Դրագիի ընտանիքին՝ նրանց կողմից ՀՀ-ից մանկահասակ տղա երեխա որդեգրելու կամ գնելու կապակցությամբ:

Այս պարագայում հարց է առաջանում, թե ի՞նչն է ստիպել ՀՀ կառավարությանն այդքան ցածր ու բացասական կարծիք ունենալ Իտալիայի պետական մարմինների և հասարակության նկատմամբ և պետական ամենաբարձր մակարդակով թիրախավորել հենց Իտալիան:

Սկսվեց ձերբակալությունների և կալանավորումների շարք: Սոցիալական ցանցերը ողողված էին խոսող շիրիմների վերաբերյալ նյութերով:

168.am-ի հավաստի տեղեկություններով, սակայն, շիրիմներն այդպես էլ չխոսեցին. կատարված արտաշիրմումների արդյունքում այդպես էլ որևէ ապացույց չհայտնաբերվեց այն մասին, որ եղել է երեխաների գեթ մեկ վաճառք:

2020թ. հուլիսի 14-ին Քննչական կոմիտեն տարածեց հաղորդագրություն առ այն, որ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակում են ձեռնարկվել ակտիվ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Հստակեցվեց նաև քրեական գործով ենթադրյալ ապօրինի որդեգրումների ցանկալի ուղղությունը՝ Իտալիա: Իշխանությունն ամեն կերպ փորձում էր բացասական կարծիք ձևավորել դեպի Իտալիա կատարված որդեգրությունների մասին, ինչի արդյունքում բացահայտվեց դեպի Իտալիա կատարված բոլոր որդեգրությունների գաղտնիքը, բանկային գաղտնիք պարունակող տվյալներ, երեխաների ինքնությունը և այլ գաղտնիք համարվող տեղեկություններ:

Ուշագրավ է, որ երեխաներ կորցրած ծնողների հետ ասուլիսներին ներկայանում կամ հարցազրույցներ էր տալիս նույն փաստաբան Սուսաննա Սարգսյանը, ով ներկայումս կալանավորված է այլ գործի շրջանակներում և պահվում է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում:

Փաստաբան Սուսաննա Սարգսյանը, որը «Հանրային ձայն» կուսակցության կալանավորված ղեկավարներից Արտակ Գալստյանի մտերմուհին է, իր հարցազրույցներում մասնավորապես հայտարարում էր, թե Հռոմի պապը Հայաստան էր եկել՝ Իտալիա երեխաներ տանելու՝ ըստ էության կաթոլիկ եկեղեցու հոգևոր առաջնորդին մեղադրելով մանկավաճառության մեջ:

Բանը հասել էր այնտեղ, որ հայտարարվում էր անգամ, թե հնարավոր է՝ «մեր երեխաներին դարձնում են մահապարտներ ու սովորեցնում սպանել հայերին»:

Ավելի քան 3 տարի տևած նախաքննությունն ավարտվեց, և, ինչպես արդեն նշեցինք, պարզվեց, որ երեխաները ո՛չ բաժանվել են ծնողներից, ո՛չ խոսող շիրիմներ կան, ո՛չ էլ կեղծած փաստաթղթեր: Գործի քննությամբ հաստատվեց միայն մեկ փաստ տեղի է ունեցել երեխաների՝ օրենքով սահմանված կարգով որդեգրում՝ Կառավարության որոշմամբ և դատարանի վճռով:

Սակայն ամենակարևորը և աբսուրդայինն այն է, որ ըստ քրեական գործի՝ վաճառված են համարվում միայն Իտալիա որդեգրված երեխաները, այն պարագայում, երբ այլ պետություններ ևս որդեգրումներ էին կատարվել և ավելի մեծ թվով և նույն ընթացակարգով: Այսպես՝ ընդհանուր առմամբ, սկսած 2003թ.-ից Հայաստանից արտերկիր որդեգրվել է 437 երեխա, որից 115-ը՝ Իտալիա, 145-ը՝ Ֆրանսիա, 218-ը՝ ԱՄՆ, անհամեմատ քիչ քանակով էլ՝ Ռուսաստան, Իրան և այլն: Սակայն, անհասկանալի պատճառներով իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի թիմը, թիրախավորել էին հենց Իտալիան և մամուլով վարկաբեկում էին հենց Իտալիա որդեգրված երեխաների պատմությունները՝ երեխաների վաճառքի թեմայի մեջ ներգրավվածության մեջ մեղադրելով ընդհուպ Հռոմի պապին: Այն նույն Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապին, որի հետ շփման մեջ մտնելու համար Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ արեց, անգամ ստացավ Սուրբ Աթոռի բարձրագույն պարգևներից` Պիոս 9-րդ պապի Ասպետական Մեծ Խաչ շքանշանը:

Երեք տարի ձգվող նախաքննության ընթացքն ընթանում էր հնարավորինս զարհուրելի և անմարդկային էպիզոդների նկարագրություններով. տպավորություն էր ստեղծվել, թե ով այս գործով մի այնպիսի սուտ ասի, որ թագավորն ասի՝ սուտ է, մի մեծ պաշտոն կստանա: Եվ այդպես էլ եղավ. Աննա Վարդապետյանը թերևս նաև այս գործի բացահայտման և հետագա քննության նկատմամբ հսկողություն իրականացնելու համար դարձավ ՀՀ գլխավոր դատախազ:

2022թ. «ապօրինի որդեգրումների» վերաբերյալ քրեական գործը 11 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվեց դատարան:

Այդ 11 մեղադրյալներից ներկայումս, 168.am-ի տեղեկություններով, միայն ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության նախկին պետի՝ Անի Մխիթարյանի գրավն են վերադարձրել, փակվել է նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթը, հնարավոր է՝ բաց է նաև ՍԵԿՏ-ը: Ունենալով արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Քրիստիննե Գրիգորյանի պես ընկերուհի՝ Անի Մխիթարյանը, բնական է, չէր կարող երկար ժամանակ նեղություններ կրել, իսկ ինչո՞վ են մեղավոր մյուս մեղադրյալները, որ նման հզոր հովանավոր չունեն:

Տարօրինակ է, թե ինչո՞ւ են միայն իտալական որդեգրումներն  այս իշխանությունների թիրախում հայտնվել, երբ կա, օրինակ, 2015թ. ՅՈՒՆԻՍԵՖ-ի զեկույցը, որում կոնկրետ այլ ուշագրավ տվյալներ կան:

168.am-ն ուսումնասիրեց նշված զեկույցը և հայտնաբերեց, որ, օրինակ, ամերիկյան որդեգրումների մասում, որպես ծախս՝ նշված է այն գումարը, որը տրվել է հայաստանյան իրավասու մարմիններին, որ որդեգրումներն արագացվեն: Բայց, չգիտես ինչու՝ դա Նիկոլ Փաշինյանի իրավապահ համակարգին չի հետաքրքրել:

Նշենք ամենակարևորը՝ մինչև երեխայի օտարերկրյա որդեգրումը երեխայի վերաբերյալ գործն անցնում է մի շարք պետական իրավասու մարմինների հսկողության փուլը մասնավորապես՝ Սոցապ նախարարության, Արդարադատության նախարարության, Ներքին գործերի նախարարության, որոնց տված եզրակացությունների հիման վրա Կառավարությունը որոշում է կայացնում թույլատրել օտարերկրյա որդեգրումը, որից հետո գործն ուղարկվում է դատարան, որը փաստացի միայն հաստատում է որդեգրման օրինականությունը, ինչից հետո գործն ուղարկվում է Իտալիայի կենտրոնական մարմին, որը տալիս է եզրակացություն առ այն, որ որդեգրումը համապատասխանում է օտարերկրյա որդեգրումներին վերաբերող միջազգային իրավական պահանջներին, ինչից հետո միայն թույլատրվում է երեխայի մուտքն Իտալիա, որին էլ հաջորդում է Իտալիա անչափահասների դատարանի կողմից վճռի կայացումը: Հենց դրա հիման վրա երեխան կորցնում է ՀՀ քաղաքացիությունը, դառնում է Իտալիայի քաղաքացի։ Ընդ որում, որդեգրումը համարվում է վերջնական և անբեկանելի, ինչը նշանակում է, որ իրավական առումով այս գործընթացը վերանայման ենթակա չէ։

Այսպիսով, պետք է փաստել, որ օտարերկրյա որդեգրման գործընթացին վերաբերող քրեական գործով որպես մեղադրյալ/ամբաստանյալ են ներգրավված անձինք, որոնք որդեգրման գործընթացում որոշում կայացնելու լիազորություն անգամ չունեն։ Ինչո՞ւ նշված պետական գերատեսչությունները հանկարծ որևէ կապ չունեցան, եթե ՀՀ-ից երեխաներ են վաճառվել: Չէ՞ որ, եթե նման բան է եղել, նշված մարմինների ներգրավվածությունը գոնե փաստաթղթային ապահովման տեսքով անխուսափելի է:

Մեր տեղեկություններով՝ գործի քննությամբ պարզվել է, որ չի գտնվել գեթ մեկ երեխա, որը  բժիշկների կողմից ապօրինաբար  խլվել է  իր մորից, քանի որ չկա առաջադրված  մեղադրանք երեխաներին ծնողներից ապօրինի բաժանելու հիմքով,  ինչպես նաև տուժող կողմ, որն էլ մեզ մտածելու տեղիք է տալիս, որ դատախազության պատերի տակ հավաքված վերոնշյալ կանայք ուղղորդվել են ինչ-որ մարդկանց կողմից:

Մինչ օրս այդպես էլ հայտնի չէ, թե ինչո՞ւ ՀՀ իշխանությունները որոշեցին վարկաբեկել Իտալիայի պաշտոնատար անձանց, Հռոմի պապին և խեղաթյուրել դեպի Իտալիա որդեգրված երեխաների կյանքի պատմությունը՝ բացահայտելով նաև գաղտնի համարվող տվյալներ:

Հայտնի չէ նաև, թե 2019թ.-ից հարուցված ու շեփորահարվող քրեական գործը

  • ինչո՞ւ չի հասնում իր տրամաբանական հանգրվանին, 
  • ինչո՞ւ 5 տարի անց չկա դատավճիռ, ինչո՞ւ սայլն անգամ տեղից չի շարժվում, 
  • ինչո՞ւ է այս գործով վերահսկողություն իրականացնում արդեն 3-րդ դատախազը, 
  • ինչո՞ւ հանկարծ բարձրացվեց նրա պաշտոնը, 
  • ինչո՞ւ դատարանները բոլոր ատյաններում մերժեցին կալանավորել գլխավոր «մեղադրյալին», 
  • ինչո՞ւ, ի վերջո, չխոսեցին շիրիմները, 
  • ինչո՞ւ են կարճվում բողոքող մայրերի հաղորդմամբ հարուցված քրեական վարույթները, 
  • և ինչո՞ւ դրանք չեն բողոքարկվում, 
  • ինչո՞ւ և ի՞նչ սկզբունքով են որդեգրված երեխաների մի մասը համարվել օրինական որդեգրված, իսկ մյուս մասը՝ ապօրինի վաճառված, 
  • ինչո՞ւ են իրավապահ մարմինները մերժում սուտ մատնության մասին հաղորդում վերցնել իրենց բարի համբավը փրկել փորձող բժիշկներից: 
  • Եվ, ի վերջո, ինչո՞ւ Աննա Վարդապետյանը չի դիմում «Կարեն Անդրեասյան փրոդաքշընի» օգնությանը՝ մի ֆիլմ էլ այս գործի վերաբերյալ նկարահանելու խնդրանքով:

«Ինչուներն» այս գործով բազմաթիվ են, և 168.am-ը կշարունակի բացահայտել իտալական որդեգրումների հետ կապված այս կծիկը: Մեր հաջորդ հրապարակումներում կներկայացնենք նաև, թե ինչպես էր անգամ դիվանագիտական կորպուսը լծված Նիկոլ Փաշինյան-Աննա Վարդապետյան քաղաքական գծի սպասարկմանը:

 

Նյութը՝ 168.am-ի

Նույն շարքից