Լրահոս Հասարակություն Քաղաքականություն 

Գերագույն հոգևոր խորհուրդը կենսական և կարևոր է համարել համազգային միաբանությունը

analitik.am

Փետրվարի 20-24-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ատենապետությամբ Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ընդլայնված կազմով ժողովը:

Ինչպես տեղեկանում ենք Մայր Աթոռի տարածած հաղորդագրությունից, ժողովը նախագահել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ժողովի ատենապետն է եղել Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ողջույնի եւ օրհնության խոսքից հետո ժողովը վարելու է հրավիրվել Արեւմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը:

Քննարկման ընթացքում Գերագույն հոգևոր խորհուրդը դատապարտելի է համարել հրադադարի պայմաններում Ադրբեջանի անթաքույց ծավալապաշտական նկրտումները, Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ շարունակվող ադրբեջանական զինված ուժերի ոտնձգությունները և թշնամանքի ու հայատյացության քարոզչությունը։ Հայրենիքի առջև ծառացած անվտանգային հիմնախնդիրների հաղթահարման, ԼՂ ժողովրդի իրավունքների պաշտպանության հարցում Գերագույն հոգեւոր խորհուրդը կենսական և կարևոր է համարել համազգային միաբանությունը, ազգային կառույցների ներուժի արդյունավետ կենտրոնացումը, Հայաստան և սփյուռք հարաբերությունների առողջացումն ու գործակցության պատշաճ կազմակերպումը։

Ժողովականները նաեւ աղոթք են բարձրացրել օրեր առաջ Սյունիքի Ներքին Հանդ գյուղի հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական ագրեսիայի պատճառով զոհված զինծառայողների հոգիների խաղաղության և վիրավորների շուտափույթ ապաքինման համար։

Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից որդեգրված ԼՂ հոգեւոր-մշակութային ժառանգության թիրախավորման ու յուրացման քաղաքականությանը, պատմամշակութային արժեքների, պատմական սրբատեղիների ու շիրիմների պղծման ու ոչնչացման դեպքերին։ Գերագույն հոգևոր խորհուրդը կարեւորել է Մայր Աթոռի ԼՂ հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի հետևողական ջանքերը միջազգային հանրությանն իրազեկելու ԼՂ հուշարձաններին սպառնացող վտանգների մասին։

Տեղեկացվել է նաև, որ իրականացվող սոցիալական ծրագրերի շրջանակներում անցնող ամիսներին Եկեղեցին կեցության պայմաններով ապահովել և նյութական աջակցություն է տրամադրել բռնի տեղահանված բազում արցախահայերի, մասնավորաբար ուշադրության կենտրոնում են եղել զոհվածների եւ չորս ու ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքները: Ընդգծվել է սոցիալական ծրագրերի շարունակականությունը ապահովելու համար նոր միջոցների ներգրավման անհրաժեշտությունը։

Նույն շարքից