Լրահոս Քաղաքականություն 

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամները հանդիպել են ԵԽ գլխավոր քարտուղարի թեկնածու Ինդրեկ Սաարին

analitik.am

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակության անդամներ Սոնա Ղազարյանը, Արուսյակ Ջուլհակյանը և Արմեն Գևորգյանը փետրվարի 27-ին հանդիպել են Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի ընտրություններում Էստոնիայի առաջադրած թեկնածու Ինդրեկ Սաարի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, հյուրը հայ խորհրդարանականներին ներկայացրել է ԵԽ գլխավոր քարտուղարի գործունեության շրջանակում իր տեսլականը, առաջնահերթությունները:

Ըստ աղբյուրի՝ հանդիպմանը հայկական պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանն անդրադարձել է Հայաստանի առջև ծառացած անվտանգային մարտահրավերներին: Պատգամավորը խոսել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող գործընթացի մասին, մտահոգություն հայտնել Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանության վտանգավորության վերաբերյալ, ինչը չի նպաստում խաղաղության հաստատմանը:

Սոնա Ղազարյանի խոսքով՝ հայկական կողմի համար մտահոգիչ է այն հանգամանքը, որ Ադրբեջանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների չկատարման հարցում դարձել է կազմակերպության ռեկորդակիր անդամ: Պատգամավորը համոզմունք է հայտնել, որ այդ հանգամանքը չի նպաստում թե' հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, թե' կառույցի ինստիտուցիոնալ կայացմանը. «Կարևոր է, որ անդամ պետությունները հարգեն իրենց ստանձնած պարտավորությունները»:

Նշվում է, որ Արմեն Գևորգյանն անդրադարձել է Բաքվում պահվող հայ գերիներին և քաղաքացիական անձանց, կարևորել նրանց հայրենիք վերադարձը:

Արուսյակ Ջուլհակյանը խոսել է կառույցի անդամ պետությունների միջև ժողովրդավարական սկզբունքների վրա հիմնված բանակցությունների կարևորության մասին` այդ հարցում ընդգծելով կազմակերպության դերակատարությունը:

Նույն շարքից