Իրավական Հարցազրույց 

Հայաստանում քաղաքացին իրավական առումով պաշտպանված չէ

analitik.am

Հարցազրույց իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Գրիգոր Բեքմեզյանի հետ.


-Պարոն Բեքմեզյան, որքանո՞վ է քաղաքացին իրավական առումով պաշտպանված Հայաստանում:

-ՀՀ օրենսդրական դաշտը բավարար արդունավետությամբ կարգավորում է քաղաքացու պաշտպանվածության հարցերը, սակայն քաղաքացուն համարել իրավական առումով պաշտպանված՝ չեմ կարող: Դրա համար կա մի քանի պատճառ, որոնք կապված են ինչպես բուն քաղաքացու, այնպես էլ այդ իրավական համակարգը կիրառող պետական մարմինների հետ: Մասնավորապես քաղաքացու պաշտպանվածության համար առաջին նախապայմանը նրա բավարար իրավագիտակցությունն է և իր իրավունքների պաշտպանության համար պայքարելու ունակությունը, որը շատ հաճախ մեր քաղաքացիների մոտ բացակայում է: Մյուս կարևոր նախապայմանը պետական մարմինների և դատական համակարգի՝ իրենց իրավասության սահմաններում գործելու ունակությունն ու պատրաստակամությունն է, որը նույնպես շատ հաճախ բացակայում է: Ուստի պնդել, որ քաղաքացին ՀՀ-ում իրավական առումով պաշտպանված է՝ չենք կարող:


՞ր ոլորտներում է հիմնական բացը, որտե՞ղ չի գործում քաղաքացու իրավունքը:

- Բոլոր ոլորտներում էլ կա այդ բացը՝ ընտրություններ, դատական համակարգ, պետական կառավարում, հարկային համակարգ, ազատ ձեռնարկատիրություն և այլն:


-Արտագաղթին որքանո՞վ է նպաստում իրավական առումով անպաշտպան լինելը:

-Կարծում եմ՝ արտագաղթին նպաստող մի քանի հանգամանքներ կան՝ սոցիալական վիճակ (որը վերջերս երկրորդ պլան է մղվել, քանի որ արտագաղթում են նաև ֆինանսապես ապահովները), հուսահատություն, անարդարության զգացում, հեռանկարի նկատմամբ մշուշոտ պատկերացումներ (անորոշություն), ինչպես նաև անպաշտպանվածությունը:


-Քաղաքացու իրավագիտության ցածր մակարդա՞կն է պատճառը, որ ոտնահարվում են նրա իրավունքները:

-Անկախ քաղաքացու իրավագիտակցության մակարդակից, պետական մարմինները իրենց իրավասությունների սահմաններում պարտավոր են գործել այնպես, որ քաղաքացու իրավունքները պետության կողմից չոտնահարվեն: Այսինքն՝ ես կցանկանայի այս տեսանկյունից քաղաքացու իրավական պաշտպանվածությունն իր հերթին երկու մասի բաժանել՝ պաշտպանվածություն այլ քաղաքացիների կամ իրավաբանական անձանց ապօրինի գործողություններից և պաշտպանվածություն պետական մարմինների գործողություններից: Եթե առաջինը մեծապես կախված է քաղաքացուց և նրա իրավագիտակցության մակարդակից, ապա երկրորդը նաև և առաջ կախված է պետական մարմինների կողմից իրենց իրավասությունների բարեխիղճ իրականացումից: Այս ամենի համատեքստում, որպես իրավական պաշտպանվածության երաշխավոր, պետք է դիտարկել դատական համակարգը, որի արդյունավետ գործունեության պայմաններում է միայն հնարավոր խոսել քաղաքացու իրավական ամբողջական պաշտպանվածության մասին:


-Նշեցիք, որ որպես իրավական պաշտպանության երաշխավոր դատական համակարգը պիտի գործի արդյունավետ, ի՞նչ անել, որ դատական համակարգի գործունեությունն ավելի արդյունավետ լինի:

-Ցանկություն է պետք ունենալ: Քաղաքական ցանկություն: Եթե պետությունը ցանկանա՝ շատ հանգիստ կարող է ապահովել դատական համարկարգի արդյունավետ գործունեությունը: Ուղղակի պետք է թողնել, որ դատավորները աշխատեն օբյեկտիվ, իրենց խղճի և իրավագիտակցության մտոք, այնպես, ինչպես ամրագրում է օրենսդրությունը: Վարձատրել բարձր և հսկել, որ դատավորները զերծ մնան կոռուպցիոն ռիսկերից:

 

 

 

Նույն շարքից