Առողջապահություն Հասարակություն Հարցազրույց 

Հարցազրույց ՀՀ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանի հետ

analitik.am

Թեև Հայաստանում սեռով պայմանավորված՝ հղիությունների ընդհատման երևույթ կա, սակայն 25 տարեկանից հետո սեռային քանակական հարաբերությունը հավասարվում է: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասել է  ՀՀ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը՝ անդրադառնալով World Vision International-ի հրապարակած այն տեղեկատվությանը, թե Հայաստանում ամեն տարի լույս աշխարհ չի գալիս 1.400 աղջիկ:

«Սա հայկական մտածելակերպի հետ է կապված: Բոլորը ցանկանում են ունենալ տղա երեխա, որը համարվում է սերնդի շարունակողը, գումար վաստակողը, տուն պահողը: Սեռերի միջև քանակային տարբերությունը որոշակի շրջանում է լինում: Հետո նրանք հավասարվում են, իսկ կյանքի վերջում կանաց թիվը, միևնույն է, շատ է լինում, քանի որ նրանք ավելի երկար են ապրում»,-ասաց նա և ընդգծեց, որ Հայաստանում աղջիկների սակավաթվության խնդիր, գոնե՝ առաջիկա մի քանի տասնամյակում, չի առաջանա:

Բժիշկը նշել է, որ անգամ՝ շուրջներս նայելով կարող ենք տեսնել, որ կանայք շատ են, բայց դա չի արդարացնում հղիությունների՝սեռով պայմանավորված ընդհատումը:

«Բայց մենք նաև՝ պատերազմող երկիր ենք, և տղայի գործոնը մեզ համար մեծ նշանակություն ունի, չէ՞ որ մենք մեծ քանակով տղաների կորուստ ենք ունեցել»,-ասաց նա:

Հարցին, թե՝ Հայաստանում հիմնականում ո՞ր տարիքի կանայք են դիմում հղիության արհեստական ընդհատման, Ռազմիկ Աբրահամյանը նշեց, որ նրանց հիմնական մասը երկու և ավելի երեխաներ ունեցողներն են:

«Քիչ տոկոս են կազմում այն կանայք, ովքեր դիմում են այդ քայլին մեկ կամ ընդհանրապես՝ երեխա չունենալու պարագայում: Երբ իրենց ապահովում են երեխաներով, նոր միայն անցանկալի հղիության դեպքում դիմում են արհեստական ընդհատման»,-ասաց նա:

ՀՀ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգը նշեց, որ վերջին տարիներին ծնելիության աճ չի գրանցվել, սակայն ուրախալի է, որ նվազում էլ չի եղել:

«Պետութունն, իհա´րկե, որոշ միջոցառումներ իրականացնում է, օրինակ՝ երեխայի ծնունդից հետո միանվագ գումարներ հատկացնելը, բայց շատ ավելի լավ կլինի, եթե մշակվեն ու իրականացվեն լայնածավալ ծրագրեր»:

Նույն շարքից