Հասարակություն Հարցազրույց 

«Մարտական հաշվարկ» գիրքը՝ նվիրված ՀՊՏՀ զոհված ազատամարտիկների հիշատակին. հարցազրույց

analitik.am

2013թ.-ի դեկտեմբերի 6–ին ՀՊՏՀ մեծ դահլիճում տեղի ունեցավ ԲՈՒՀ-ի զոհված ազատամարտիկներին նվիրված «Մարտական հաշվարկ» գրքի շնորհանդեսը, որը հրատարակվել էր ԲՈՒՀ-ի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ:

 

Ազգային բանակի 22-ամյակի կապակցությամբ գրքի մասին Analitik.am-ը զրուցեց ՀՊՏՀ ՈՒԽ նախագահ Սևակ Խաչատրյանի և «Մարտական հաշվարկ» գրքի հեղինակ Հայկ Բեջանյանի հետ:



 

-Ինչպե՞ս և ու՞մ նախաձեռնությամբ որոշվեց հրատարակել գիրքը:


-Գիրքը հրատարակելու նախաձեռնությունը պատկանում է Ուսանողական խորհրդին: Նման գաղափար եղել է դեռ շատ վաղուց, սակայն այն հաջողվեց իրականություն դարձնել միայն վերջերս: Գրքի շնորհանդեսի ժամանակ մի այսպիսի միտք հնչեց. «Ուշ, բայց ոչ ուշացած…»: Իսկապես, գիրքը տպագրվում է դեպքերից  2 տասնամյակ հետո, սակայն երբեք ուշ չէ  մեր հերոսներին հիշելու և մեծարելու համար:

 

-Ինչու՞ հենց «Մարտական հաշվարկ» (հարցը ուղղեցինք գրքի հեղինակին):


Պատասխանում է Հայկ Բեջանյանը:


- Ձեր հարցը հանդիսանում է գրքի առաջին բաժնի վերնագիրը:) :  Տնտեսագետները սիրում են հաշվել, դա նրանց աշխատանքի կարևորագույն մասն է:  Իսկ պատերազմը ևս բարդ  հաշվարկներ է ենթադրում, ուստի Արցախյան պատերազմի տարիներին մեր տնտեսագետ-ուսանողները իրենց մասնագիտական հաշվարկները փոխարինեցին ռազմական հաշվարկներով, կատարեցին ռազմական ու մարտական հաշվարկներ: Հենց այս ենթատեքստով էլ գիրքն անվանվեց «Մարտական հաշվարկ»:


 

-Գիրքը նվիրված է ԲՈՒՀ-ի զոհված ազատամարտիկներին: Մի փոքր խոսենք այդ մասին՝ ովքե՞ր են ընդգրկված գրքում:


-Գիրքը բաղկացած է 13 առանձին բաժիններից, որոնցից  յուրաքանչյուրում ներկայացվում է բուհի 13 զոհված ուսանող-ազատամարտիկների կյանքն ու նրանց անցած փառավոր մարտական ուղին: Յուրաքանչյուր ազատամարտիկի մասին նախ ներկայացված են  կենսագրական տվյալներ, այնուհետև մանրակրկիտ ներկայացված է նրանց անցած մարտական ուղին (ի դեպ՝ այս բաժինը գրելը ամենադժվարն է եղել, քանի որ շատ նյութեր չեն պահպանվել, իսկ դրանց մի մասն էլ նույնիսկ գաղտնազերծված չէ, ստիպված ենք եղել վերծանել ամբողջ ինֆորմացիան), այնուհետև ներկայացված են պատմություններ, հուշեր, ստեղծագործություններ: Այս վերջին ենթակետի տակ   հրապարակել ենք ամբողջ տեղեկատվությունը, որը  կարողացել ենք հավաքագրել:  Կարոր է նաև այն հանգամանքը, որ գրքում ներկայացված նյութերի, փաստաթղերի, հուշերի և ավելի քան 150 լուսանկարների մեծ մասը (շուրջ 90 տոկոսը) հրապարակվում է առաջին անգամ:

 

 


-Բավականին ծավալուն աշխատանք է կատարվել: Գրքում ընդգրկված են 13 ազատամարտիկ, 13 պատմություն: Դժվար չէր արդյո՞ք այդ ամբողջ աշխատանքը իրականացնել և համակարգել, յուրաքանչյուրի կյանքի մասին այդքան տեղեկություններ ձեռք բերել (հարցը իրականացման մասով ուղղեցինք հեղինակին, իսկ համակարգման մասով ՝ ՈՒԽ նախագահին):


Պատասխանում է գրքի հեղինակ Հայկ Բեջանյանը:


-Աշխատանքներն իսկապես ծավալուն էին, բարդությունը կայանում էր հատկապես նրանում, որ նման նախաձեռնություն իրականացվում էր առաջին անգամ,  և շատ դեպքերում մենք էլ չգիտեինք, թե որն է լինելու հաջորդ քայլը: Սակայն, երբ այդ աշխատանքին նվիրված է մի ամբողջ ուսանողական կառույց՝ հանձինս ՀՊՏՀ Ուսանողական խորհրդի, այդ ամենը դառնում է հնարավոր: Որպես հեղինակ՝ կարող եմ վստահ ասել, որ չկա ավելի կարևոր բան, քան վստահ լինել, որ թիկունքիդ կանգնած է կառույց, որը ցանկացած պարագայում կօգնի ու կաջակցի:

 

Պատասխանում է ՀՊՏՀ Ուսանողական խորհրդի նախագահ Սևակ Խաչատրյանը:


- Աշխատանքների համակարգման առումով լուրջ  խնդիրներ չեն ծագել, քանի որ կար հստակ նպատակ  և մենք պատկերացնում էինք այդ նպատակին հասնելու ուղին: Պարզապես եղել են ընթացիկ խնդիրներ, որոնք մենք փորձել ենք օպերատիվ և օբյեկտիվորեն լուծել:

 

 

-Գրքի հրատարակումը նաև ֆինանսական մեծ միջոցներ է պահանջում: Ի՞նչ միջոցներով է հրատարակվել գիրքը:


-Գրքի  հրատարակման վրա կատարվող ծախսերը բաղկացած են  2 մասից:  Անհրաժեշտ ինֆորմացիայի հավաքագրումը, որը պահանջում էր  այցելություններ  հանրապետության տարբեր մարզեր, քաղաքներ և  Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, և, բնականաբար, բավականին ծախսատար և ժամանակատար պրոցես էր, ամբողջապես իրականացվել է Ուսանողական խորհրդի միջոցներով: Իսկ գրքի հրատարակման 2-րդ փուլը՝   տպագրական գործընթացը, իրականացվել է բուհ-ի ֆինանսավորմամբ, որում մեզ մեծ օժանդակություն է ցուցաբերել բուհի ռեկտոր Կ. Աթոյանը:

 

 


-Գրքի  «առաքելության» մասին մի փոքր խոսենք: Ի՞նչ է ուզում փոխանցել գիրքը իր ընթերցողին:


-Կարծում եմ, այս գիրքը ունի մեծ կարևորություն և առաքելություն: Այն նախ և առաջ նպատակ ունի  ներկայիս սերնդին ներկայացնելու ուսանող-ազատամարտիկների կյանքն և գործունեությունը: Սակայն գրքի առանցքային  առաքելությունը, անկասկած, ռազմահայրենասիրական գիտակցության բարձրացումն է, որպեսզի այսօրվա ուսանողները  հասկանան, որ  այս տղաներից յուրաքանչյուրը կարող էր լինել իրենցից մեկը և այսօր ապրեր ու վայելեր կյանքը, հասկանան նաև, որ իրենցից յուաքանչյուրը կարող է լինել այս տղաների փոխարեն: Ահա սա է կարևոր. բոլոր ուսանողները պիտի հասկանան, որ իրենք մեկն են նրանցից:

 

 

-Շատ կարճ  խոսենք նաև գրքի շնորհանդեսից:


-Գրքի շնորհանդեսը  դարձավ մեծարման ու ոգեկոչման մի յուրօրինակ միջոցառում: Ներկա էին ազատամարտիկների ծնողներ ու հարազատներ, պաշտոնատար անձինք, ինչպես նաև բազմաթիվ ուսանողներ ու պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ: Այդ օրը դահլիճը լեփ լեցուն էր, հաճելի էր տեսնել, թե ինչպես են երիտասարդները ոտքի կանգնած, հուզմունքն աչքերում ժամեր շարունակ դիտում և մասնակցում միջոցառման:  Շնորհանդեսի ժամանակ    հեղինակը ներկայացրեց գրքի ստեղծման պատմությունը և մեր 13 ազատամարտիկների կյանքը, մարտական ուղին և  որոշ դրվագներ՝ ներկաներին ներկայացնելով գրքի առանցքային բովանդակությունը: Այնուհետև տեղի ունեցավ պարգևատրման արարողությունը: Բուհի «Ոսկե հուշամեդալով» հետմահու պարգևատրվեցին բոլոր ուսանող –ազատամարտիկները, իսկ  պարգևները հանձնվեցին ազատամարտիկների հարազատներին: Միջոցառման առավել հուզիչ պահը ամփոփիչ ելույթներն էին, երբ ելույթ ունեցան ազատամարտիկների հարազատները, մարտական ընկերներն ու այլ հյուրեր: Վերջում ցուցադրվեց  մեր ուսանողների կողմից պատրաստված ՀՊՏՀ զոհված ուսանող-ազատամարտիկների մասին պատմող ֆիլմը:

 

 


-Ի՞նչ զգացողություններ եք ունեցել ազատամարտիկների ընտանիքների հետ հանդիպումից:


Պատասխանում է գրքի հեղինակ Հայկ Բեջանյանը:


-Բավականին բարդ հարց եք տալիս, որովհետև դժվար է կիսվել այն տպավորություններով, որոնք ունեցել ենք հանդիպումների ընթացքում:  Դժվար է  խոսել նման կորուստ ունեցած ընտանիքների անդամների հետ, անգամ այսքան տարիներ հետո: Յուրաքանչյուր հարց, պատմություն կամ հիշողություն նրանց ստիպում է վերապրել այդ արհավիրքը: Հետո, երբ իմանում ես նրանց ճակատագրերը, ամեն ինչ ավելի է բարդանում, որովհետև այդ ճակատագրերը  սովորական չեն՝ յուրաքանչյուրում կան և' վերելքներ, և' դրամատիկական հանգուցալուծումներ, և ահա վերջում  այդ 13 ճակատագրերը գալիս ու իրար են միանում Արցախյան պատերազմում: Հուզմունքը բավականին շատ էր….

 

 

-Կա՞ բան, որը կցանկանայիք ասել, բայց տեղ չի գտել գրքում: Այժմ ունեք դրա հնարավորությունը:


Պատասխանում է գրքի հեղինակ Հայկ Բեջանյանը:

 

-Այո կա, սակայն, ցավոք,   նույնիսկ այստեղ ասել չեմ կարող…

-Միաժամանակ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ում անունները այստեղ հրապարակել  չեմ կարող: Բանն այն է, որ երբ սկսեցինք գրքի ստեղծման աշխատանքները, լուրջ խոչընդոտի հանդիպեցինք: Բուհ-ում  չգտնվեցին տղաների անձնական գործերը: Միակ բանը, որ ունեինք, արհմկոմիտեի տրամադրած կցկտուր ինֆորմացիան էր, հիմնականում՝  անուն, ազգանուն և ևս մի քանի բուհական տվյալներ՝ կուրսը, ընդունվելու տարին և այլն: Այստեղ ասես   «թելը կտրվում էր» և անհնար էր շարունակել: Այդ ժամանակ կապ հաստատվեց   որոշ  հատուկ ծառայությունների հետ:  Հենց նրանց օգնությամբ հաջողվեց հավաքագրել նախնական ինֆորմացիա՝ բարեկամներ, հասցեներ, ծննդավայրեր, որի հիման վրա էլ շարունակվեցին աշխատանքները: 

 

 

-Փոխվել է արդյո՞ք հայրենիքի ու ազգի ընկալումը գրքի հրատարակումից հետո:


-Չեմ կարծում, թե բառերով կարելի է նկարագրել հայրնիք կամ ազգ հասկացություննրը, ուստի անիմաստ է խոսել նաև այդ ընկալման փոփոխությունների մասին: Իսկ փոփոխությունների առումով  մի բան կարող ենք հստակ արձանագրել, որ փոխվել է ուսանողների վերաբերմունքը  դեպի մեր հերոսներն ու  Արցախյան պատերազմը: Նրանց մի ստվար մաս  հասկացել է, որ ինքը հասարակ երկրի քաղաքացի չի, որ ինքը հայ է,  հերոսական ազգի հերթական ժառանգը:

 

-Ձեր մաղթանքը մեր ազգային բանակի 22-ամյակի կապակցությամբ:

 

Պատասխանում է ՀՊՏՀ Ուսանողական խորհրդի նախագահ Սևակ Խաչատրյանը:

 

-Շնորհավորում եմ մեր բոլոր զինվորներին, զինծառայողներին և առհասարակ ողջ ժողովրդին՝ զինված ուժերի կազմավորման 22 ամյակի առթիվ:

Առաջին բանը, որ մաղթում եմ, իհարկե, խաղաղությունն է: Որ երբեք կարիք չլինի զենք վերցնելու և հայրնիքը զենքով պաշտպանելու: Բայց միևնույն ժամանակ ցանկանում եմ վստահեցնել, որ եթե հարկ լինի, մենք կրկին պատրաստ ենք կանգնել մեր բանակի կողքին և միասին պաշտպանել մեր հայրենիքը: Վստահեցնում եմ բոլորիդ՝ այսօր ունենք այնպիսի երիտասարդություն, որը  հարկ եղած դեպքում 2 տասնամյակ առաջվա նման կկանգնի երկրի սահմանին, թեև նոր դեմքերով, բայց նույն վճռականությամբ:

 

Պատասխանում է գրքի հեղինակ Հայկ Բեջանյանը:


-Ինձ համար բանակը սկսվում է  սահմանին կանգնած զինվորից և ավարտվում է Եռաբլուրում: Այսօր ես ցանկանում եմ նախ շնորհակալություն հայտնել նրանց բոլորին, այն ամենի համար, ինչ այսօր ունենք: Այն բանի համար, որ այսօր հպարտանում ենք մեր   բանակով ու վերջինիս կերտած հայրենիքով: Իսկ շնորհավորական խոսքս ցանկանում եմ ավարտել գրքի նախաբանում նշված խոսքերով  և շնորհավորել նրանց, ովքեր՝ «կանգնել են, կանգնած են և կանգնելու են իրենց հայրենիքի պաշտպանության համար»:

 


Հ.Գ. Արցախյան պատերազմի հերոսներին անուն  առ անուն հիշելը, նրանց սխրանքները հիշատակելը բոլորիս պարտքն է, քանի որ նրանց կյանքի գնով թեժ մարտերում ձեռք բերվեց հաղթանակը և  կայացավ Հայոց ազգային բանակը:

Գովեստի է արժանի ՀՊՏՀ ՈՒԽ-ի այս  նախաձեռնությունը, որը ևս մեկ անգամ հիշեցնում է մեզ մեր հերոսական անցյալը և այն կերտողներին:


 Analitik.am-ը շնորհակալություն է հայտնում երիտասարդներին՝ հարցազրույցի համար և մաղթում նորանոր հաջողություններ:



Նույն շարքից